Մարդու իրական տարիքը բիոլոգիական տարիքն է

http://www.irates.am/hy/1403251128

Մարդու իրական տարիքը բիոլոգիական տարիքն է

ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
մ.գ. դոկտոր, ՌԴ Բժշկատեխնիկական
գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս,
ֆիզիոթերապևտ-մանուալիստ

-Պարո՜ն Կարապետյան, Դուք արդեն 20 տարուց ավել է, ինչ աշխատում եք ողնաշարային ամենատարբեր հիվանդությունն եր ունեցող մարդկանց հետ: Հետաքրքիր է, ողնաշարային հիվանդությունները վերջնական բուժում ունե՞ն:

-Ողնաշարային հիվանդությունների 80 տոկոսն ունի իդիոպատիկ բնույթ, այսինքն` պատճառը պարզված չէ: Ընդհանրապես, բնության մեջ չկան վերջնական լուծումներ, նույնը կարող ենք ասել նաև մարդու ողնաշարի մասին, որը տարիների ընթացքում մաշվում և դեֆորմացիայի է ենթարկվում:
Մարդը, որպես միկրոկոսմոս, ենթարկվում է նաև բնության կողմից ստեղծված կամակորություններին: Ինչպե՞ս կարող են լուծումները վերջնական լինել, երբ մարդն ու բնությունը ժամանակի և տարածության մեջ մշտապես փոփոխություններ են կրում: Բոլոր ողնաշարային հիվանդությունները նյարդային դասի հիվանդություններ են: Ողնաշարը ամբողջ մարմնի հենասյունն է, որի խաթարումից առաջանում է հիվանդությունների 85-90 տոկոսը: Ճապոնացիներն ասում են` որքան ճկուն է ողնաշարդ, այնքան երկարակյաց ես: Գոյություն ունի մարդու բիոլոգիական տարիք, դա է մարդու իրական տարիքը: Օրինակ, մարդը կարող է լինել 30 տարեկան, սակայն ունենալ 60 տարեկանի օրգանիզմ և հակառակը:

-Ողնաշարային հիվանդություններն առաջանում են առողջ ապրելակերպի բացակայությունի՞ց:

-Իհարկե, նաև առողջ ապրելակերպի կանոնների չիմացությունից: Առաջին հերթին պետք է ճանաչես մարմինդ, ինչպես, օրինակ, ավտոմեքենադ, որ կարողանաս այն ավնասվարել: Պետք է իմանալ շարժումների մեխանիկան, ֆիզիկական և շնչառական վարժությունների կատարման հաջորդականությունը և ծանրաբեռնվածությունը, քանզի սխալի դեպքում նույն վարժությունը կարող է և վնասել: Ոչ պակաս կարևոր է ճիշտ սննդակարգը, ջրի օգտագործումը և լիարժեք քունը:

-Ողնաշարային հիվանդություններն առավել շատ հանդիպում են որոշակի տարիքային խմբերո՞ւմ, թե՞ նման տարանջատում չկա:

-Ողնաշարային հիվանդությունները ոչ մի տարիքում ոչ ոքի չեն խնայում: Նույնիսկ նորածնի մոտ, սխալ ծննդազատման միջամտության արդյունքում, հնարավոր է վնասել պարանոցը` առաջացնելով ծուռվզություն:

-Ինչպե՞ս պետք է ապրել, որպեսզի առողջ ողնաշար ունենալ:

-Պետք է իմանալ նիստուկացի, շարժուձևի ճիշտ կուլտուրան: Օրինակ, արթնանալիս չի կարելի կտրուկ վեր կենալ: Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կատուները, մինչև վեր կենալը, կատարում են մոտ 60-70 շարժում: Խորհուրդ է տրվում անկողնուց վեր կենալիս թեքվել աջ կողմի վրա, հետո ձեռքով հրվել և նստել: Մարդու ապրելակերպում մեծ տեղ ունի շարժումների պլաստիկան, որը որոշակի կոորդինացիոն որակներ է պահանջում:

-Ավելորդ քաշը ողնաշարի վրա չի՞ ազդում:

-Ավելորդ քաշ նշանակում է ավելորդ ծանրություն հենաշարժողական ապարատի, սիրտ-անոթային
համակարգի վրա, նաև ավել էներգիայի ծախս` մարմնի ջերմությունը 36.6 աստիճան պահպանելու
համար: Ավելորդ քաշի առաջացման պատճառներից է նաև հիպոդինամիան` շարժումների սահմանափակությունը և, իհարկե, նաև մարդկային ծուլությունը:

-Ողնաշարային հիվանդությունները արդյոք փոխանցվո՞ւմ են ժառանգաբար:

-Կառուցվածքային առումով ժառանգաբար փոխանցվում են, օրինակ, սկոլիոզները, կիֆոզները և ուրիշ այլ ողնաշարային հիվանդություններ, որոնք գիտնականների կարծիքով մասամբ ունեն ժառանգական բնույթ:

-Ֆիզիոթերապևտ, հոգեբան, մանկավարժ լինելուց բացի, Դուք նաև ՙԴժոխք՚ պոեմի հեղինակն եք, որը նվիրված է 1988թ. դեկտեմբերի 7-ի արհավիրքին: Այդ աշխարհներն ինչպե՞ս եք համատեղում միմյանց հետ:

-Ես ինքս այնպիսին եմ, ինչպիսին կամ: Բնության մեջ ամեն ինչ մտածված է: Ինչպես մարդու օրգանիզմը, այնպես էլ բոլոր իրերն ու երևույթները միմյանց հետ փոխկապակցված են: Երբեմն գրելու պոռթկումներ եմ ունենում: ՙԴժոխք՚ պոեմը ասմունքի վարպետ Վլ. Աբաջյանի կատարմամբ մտել է ազգային ռադիոյի ՚ոսկե ֆոնդՙ, այնուհետև դարձել վավերագրական ֆիլմ:

Հարցազրույցը Սուսաննա Թամազյանի