Հարցազրույց

«Նույնիսկ նույն ծառի տերևներն են տարբեր, ինչպե՞ս կարող են մարդկային օրգանիզմները միանման լինել»
«Նույնիսկ նույն ծառի տերևներն են տարբեր, ինչպե՞ս կարող են մարդկային օրգանիզմները միանման լինել»
Համացանցում կարելի է հանդիպել մարդու քաշը նվազեցնող տարատեսակ դիետաների: Որքա՞ն է անվտանգ առանց մասնագետի խորհրդատվության այս կամ այն բաղադրատոմսից օգտվելը: Այս հարցի շուրջ ներկայացնում ենք ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պարզաբանումները:
ԲԺՇԿԱԿԱՆ ՇԱՏ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՀՐԱՄՑՎՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ

Բաղադրատոմսերից օգտվելիս պետք է շատ զգույշ լինել և իմանալ, որ բժշկական ցուցումներից շատերը մարդկանց հրամցվում են սեփական շահերից ելնելով: «Սթրես` առանց դիսթրեսի» գրքի հեղինակ, ականավոր գիտնական Սելյեին առաջարկում են մեկ միլիոնի դիմաց հեռուստատեսային եթերի ժամանակ ասել՝ պաղպաղակը մարդուն ազատում է սթրեսից: Նա նշում է նաև, թե որ ընկերության պաղպաղակն է առավել արդյունավետ: Սելյեի ասածի մեջ կա 20 տոկոս ճշմարտություն: Պաղպաղակը սառն է, իսկ սառը սթափեցնող հատկություն ունի: Պատահական չէ, որ երբ մարդը վախենում է, սառը ջուր են տալիս: Այսպիսով, հրամցվող նյութերը կարող են զուտ գովազդ լինել. կազմակերպություններից մեկը վճարում է, որ ասեն` սուրճը վնաս է առողջությանը, մյուսը վճարում է, որ խոսեն սուրճի օգտակարության մասին:
ՕՐԳԱՆԻԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՀԻՊՈԴԻՆԱՄԻԱՆ Է

Դիետա ասվածը հարաբերական է, այն չի կարող օգտակար լինել բոլորին: Մեկին շագանակը օգտակար է, մյուսին արգելվում է: Նույնիսկ նույն ծառի տերևներն են տարբեր, ինչպե՞ս կարող են մարդկային օրգանիզմները միանման լինել:
Եթե մարդը մտածում է, որ չուտելով կարող է նիհարել, չարաչար սխալվում է. նիհարելու համար համակարգված աշխատանք է պետք: Նախ՝ պետք հետևել շարժումներին, օրգանիզմի առաջին թշնամին հիպոդինամիան է` շարժումների սահմանափակությունը: Պարզ թվաբանություն է. եթե ընդունած կալորիան չի ծախսվում, կուտակվում է օրգանիզմում:
Անհրաժեշտ է զբաղվել մարմնամարզությամբ, քայլել, վազել, լողալ: Բնությունը մարդուն ֆիզիկական որակներով և էներգիայի մեծ պաշարով է օժտել` հիմքում դնելով «շարժումը կյանք է, կյանքը` շարժում» մեխանիզմը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԴԻՖԵՐԵՆՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ

Ես չեմ տեսել գեր կին, որ ասի` ուտում եմ, գիրանում եմ: Հիմնականում ասում են` բան չեմ ուտում: Իսկ այդ «բան չեմ ուտում»-ը շատ հարաբերական է: Նայած թե որ չափաբաժինն է քիչ իրենց համար: Դիետա նշանակելիս պետք է հաշվի առնել օրգանիզմի առանձնահատկությունները, առկա հիվանդությունները, հետազոտության ընդհանուր արդյունքները, ապրելակերպը, սնվելու կարգը, շարժողական ռեժիմը: Յուրաքանչյուր մոտեցում պետք է լինի անհատական և դիֆերենցված:
ՄԻՇՏ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ Է ՀԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Գիրությունը երբեմն պայմանավորված է առողջական խնդիրներով: Եթե օրգանիզմում կան անոմալիաներ, պետք է բուժել հիվանդութունը, ոչ թե նիհարելու փորձեր անել: Պատկերացրեք` ավելորդ քաշ նշանակում է ունենալ ավելորդ ծանրություն, որը 36,6 ջերմաստիճանով ապահովելու համար պետք է լրացուցիչ էներգիա, սրտի ավելի զարկեր: Ի վերջո, հենաշարժողական ապարատի վրա մեծ ծանրություն է ընկնում: Օրինակ, եթե մեքենայի տարողությունը մեկ տոննա է, երկու տոննան ինչպե՞ս պետք է տանի: Քաշի ամենափոքր տատանման դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը: Պետք է գիտակցել, որ օրգանիզմի համար միշտ շատ ավելի դժվար է հետդարձի ճանապարհը: Իհարկե, կա վիրահատական ճանապարհ` ճարպերի հեռացում, ինչը շատ ռիսկային է: Քաշի կտրուկ տատանումը մեծ սթրես է օրգանիզմի համար:
ԳԻՇԵՐԸ ՕՐԳԱՆԻԶՄԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է

Երեկոյան ժամերին ուտելը գիրացնում է: Գիշերը օրգանիզմը հանգստանում է, վերականգնվում, ազատվում թույներից, վնասակար բակտերիաներից: Մութն ընկավ, բնությունը քուն է մտնում: Մարդը բնության մասնիկն է: Ոմանք ուշ ժամին ուտելը կապում են ուշ քնելու հետ: Եթե քնելու ժամին մարդը մեկ այլ գործողություն է անում, նա բնությանը դեմ է գնում ու չի կարող երկար դիմանալ: Ի հայտ կգան ընդհանուր թուլություն, հյուծվածություն ու նյարդային դասի խնդիրներ: Առողջ ապրելակերպի կանոններից մեկը բնության հետ համահունչ ապրելն է:
ՄԱՐԴԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՍԽԱԼ ՍՆՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Ասում են` խնձորը նիհարեցնում է: Բայց պետք է իմանալ` ինչքան ու երբ ուտել: Խնձորը, առհասարակ, մրգերը, բանջարեղենը նույնպես կալորիա ունեն և կարող են վերածվել ճարպի, հակառակ դեպքում ոչխարը դմակ չէր ունենա, որովհետև միայն խոտ է ուտում: Այսպիսով, սնվելու տարրական կուլտուրա պետք է ունենալ: Մարդը կորցնում է առողջությունը սխալ սնվելու հետևանքով: Պետք է զգաս օրգանիզմի «ձայնը», զգացողությունդ փորձես. ասենք, եթե երեք բաժին խաշ կերա, ի՞նչ զգացի, երեք օր տանջվեցի:

Պետք է իմանալ, որ միրգն առանձին ատրիբուտ է, ճաշելիս անթույլատրելի է միրգ ուտելը, մրգահյութ, ջուր օգտագործելը: Մեկ օրում տարբեր տեսակի մսեղեն չի կարելի օգտագործել: Օրինակ, հայկական հարսանիքների ուտեստների բազմազանությունը մարդուն թունավորում է (ես փողոցում տեսնում եմ մարդուն, դեմքի գունատությունից կարող եմ ասել, որ հարսանիքի է մասնակցել):
Ոմանք ուտում են զայրույթի պահին` իբր հանգստացնելու համար նյարդերը: Նախ` ուժեղ էմոցիաների ժամանակ չի կարելի ուտել: Բացի այդ, ուտելը սթրեսը հաղթահարելու միջոց չէ: Ճիշտ սննդակարգով միայն կարող ես առողջ ապրել:
ՍՆՎԵԼՈՒ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԾՆՎԱԾ ՕՐԻՑ

Նոր ծնված երեխայի համար սնվելու հատուկ ժամեր են սահմանված, ինչը նպաստում է երեխայի կանոնավոր աճին: Երբ արդեն ծնողի հայեցողությանն են թողնում, անկանոն, երբեմն նաև ստիպողաբար կերակրում են` վնասելով երեխայի առողջությունը: Սնվելու կուլտուրան պետք է սովորեցնել ծնված օրից:
Ասում են` «ինչպես ուտում ես, այդպիսին ես» կամ «քո հիվանդությունը նման է քեզ»: Հիվանդությունը տգիտության, սխալ ապրելակերպի հետևանք է: Ճապոնացիների համոզմամբ` մարդն ապրում է ի վերուստ իրեն տրված կյանքի կեսը: Այսպիսով, երկարակյաց լինելու համար հարկ է սովորել մարմինը կառավարելու արվեստը:

Պատրաստեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ