Գրասենյակային աշխատանքը թվում է առավել հարմարավետ, նախընտրելի և ժամանակակից, սակայն նստակյաց աշխատանքը, ըստ մասնագետների, ամենևին էլ զերծ չէ վտանգներից: Այսօր շատերն օրվա զգալի մասն ացնկացնում են համակարգչի առաջ, մինչդեռ հարկ է իմանալ, որ, նստակյաց աշխատանքը, առհասարակ, անշարժ վիճակները վնասակար են առողջությանը, հանգեցնում են հենաշաժողական ապարատի տարբեր խախտումների: Ժամանակակից կահույքն այնպես է պատրաստվում, որ նվազագույնի հասցվի նման խնդիրների առաջացման վտանգը, բայց ոչ բոլոր ֆիրմաները կարող են թույլ տալ իրենց` հասնել էրգոմետրիկ վերջին ձեռքբերումներին: Ստիպված ենք բավարարվել եղածով և գոնե հետևել մասնագետների խորհուրդներին: Թեմայի շուրջ ներկայացնում ենք ֆիզիոթերապևտ- մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պարզաբանումները:
“Մեր երեխաների իննսուն տոկոսն ունի քայլվածքի շեղումներ”
“Ողնաշարային հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են նստակյաց մարդկանց մոտ, թե նրանց, ովքեր ֆիզիկական ծանր աշխատանքով են զբաղվում: Այս հարցի շուրջ տարբեր երկրներում անցկացված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երկու վիճակներն էլ վտանգավոր են առողջության համար,- ասում է ակադեմիկոսը:- Տարբեր տարիքի և կազմվածքի մարդկանց համար կան կահույքի պատրաստման էրգոմետրիկ նորմատիվներ, որոնց պահպանումը կարևոր է ոչ միայն տվյալ մարդու առողջության, այլև ազգի գենոֆոնդի համար: Բավականին բարդ է ձեռքերն առաջ պարզած աշխատելը, և ովքեր իրենց աշխատանքային պրակտիկայում շատ են կիրառում այդ դիրքը, հիմնականում տառապում են պարանոցա-կրծքային հատվածի օստեոխոնդրոզով: Պարանոցի, մեջքի, ձեռքերի երկարատև մկանային լարվածությունը բերում է արյան շրջանառության խանգարման: Մկանն առողջ է այն ժամանակ, երբ կծկվելու և թուլանալու հատկությունը հավասարաչափ է: Ինձ դիմում են այն ժամանակ, երբ կծկված մկանը չի թուլանում, այնպիսի լճացում (կայուն կոնտրակտուրա) է առաջանում, որ հարողնաշարային մկանը ձգելով` դուրս է քաշում ողը տեղից` առաջացնելով մասնակի հոդախախտեր և ցավ: Պարանոցային օստեոխոնդրոզի ժամանակ հիվանդը զգում է ճնշող սեղմող, երբեմն այրող ցավեր ծոծրակի հետին և կողմնային հատվածներում, ի հայտ են գալիս շարժունակության սահմանափակում, գլխացավ, լսողական և տեսողական ապարատի խախտումներ, հավանական է ` արյան ճնշման բարձրացում, վերին շնչառական ուղիների խանգարումներ` հայմորիտ, ֆրոնտիտ, անգամ ատամի կարիես, մազաթափություն: Կա ախտորոշման մոտ վաթսուն ցուցանիշ, որոնք առաջանում են ստատիկ վիճակներից, իրանի սահմանափակ շարժումներից: Դրանք երբեմն կրում են մասնագիտական բնույթ, օրինակ ողնաշարային տարբեր խնդիրներ են առաջանում ջութակահարների, վարսահարդարների, ատամնաբույժների, մերսողների, խոհարարների, համակարգչով աշխատողների մոտ: Հաճախ օստեոխոնդրոզն ընթանում է սպոնդիլոզի, ռադիկուլիտի և աղային կուտակումների հետ համատեղ: Այս հիվանդությունն առաջանում է նաև կենցաղային վնավածքներից, սխալ և կտրուկ շարժումներից, վարակիչ հիվանդություններից, ոչ ճիշտ սնվելուց, մրսելուց, դիսթրեսներից, ըստ չինացիների` սխալ ապրելակերպից:
Ինձ մոտ գալիս են մարդիկ, որոնք, համակարգչի մոտ աշխատելիս, ստիպված դեմքով թեքվում են դեպի համակարգչի էկրանը: Շատ կարևոր է նստել գլուխը և պարանոցն ուսերին ուղղահայաց պահած: Համակարգչով աշխատելիս չպետք է թեքվել դեմքով առաջ: Համակարգչի մկնիկը պետք է պահել ստեղնաշարին մոտ` ուղիղ կեցվածքը չխախտելու համար: Նստատեղի բարձրությունն այնքան պետք է լինի, որ ծնկի հատվածում ոտքերը ծալվեն իննսուն աստիճանի անկյան տակ, ոտնաթաթերն ամբողջությամբ և ուղիղ հենվեն հատակին: Հարկ է ընտրել այնպիսի աթոռ, որի հենարանն ունենա թեթև թեքույթ դեպի հետ և թույլ տա գոտկատեղը պահել հանգիստ վիճակում, “գրկած”: Ողնաշարը բեռնաթափելու համար մեջքը, ձեռքերը անպայման պետք է հենման տեղ ունենան: Իրանը պետք է պահել մոնիտորից ձեռքի երկարությանը հավասար հեռավորության վրա: Հարկ է խուսափել ոտքը ոտքին գցելուց, դա առաջացնում է ավելորդ լարում և դժվարացնում է արյան հոսքը: Աշխատանքի ընթացքում առնվազն 30-40 րոպեն մեկ պետք է տեղից բարձրանալ, քայլել, ձեռքով մերսել լարված մկանները, կատարել մեջքի ուղղման, պարանոցի ձգման վարժություններ: Օրինակ, դեմքով դեպի պատը, ձեռքերը վեր պարզած բարձրանալ` ոտնաթաթերը ձգելով վեր կամ մեջքով հենվել պատին, մարմնի բոլոր հատվածները պատին կպցնելով, և մեկ րոպե կեցվածքը ֆիքսելուց հետո, դուրս գալ:
Մարդը մի գործով անընդհատ ու երկար չի կարող զբաղվել: Մկանը պահանջում է ոչ թե միօրինակ, այլ բազմաբնույթ աշխատանք:
Հաճախ ինձ մոտ գալիս են մարդիկ, որ հողագործությամբ են զբաղվում, քաղհան են անում, կամ առավոտից երեկո տան գործ են անում ու հարցնում են` դա մարմնամարզություն է թե ոչ: Միանշանակ` ոչ, որովհետև առօրյա կյանքում միօրինակ, կրկնվող աշխատանք են կատարում: Օրինակ, մարմնամարզության, լողի ժամանակ մկանային շատ խմբեր են ընգրկվում աշխատանքի մեջ, կարևոր է նաև հոգեբանությունը: Դու կենտրոնանում ես, գիտակցում, որ վարժությունները քեզ շատ օգտակար են:
Գոյություն ունի “հեռախոսային սինդրոմ” այն մարդկանց մոտ, ովքեր սովորություն ունեն հեռախոսով խոսելիս ձեռքերով զբաղվել ուրիշ գործով, իսկ լսափողը պահել ուսի վրա` սեղմելով այն ականջին. Դա չափազանց վնասակար է, առաջացնում է ծուռվզություն և հետագայում լուրջ բուժում է պահանջում: Մեծ մասամբ նման խնդիրները լուծվում են բուժական մերսման, մանուալ թերապիայի միջոցով:
Ճապոնիայում, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների առողջությունը պահպանելու համար, մասնագետները ստեղծեցին “Ամմա” կոչվող մերսման ձև, որը տարածեցին ստատիկ վիճակով աշխատող բոլոր հիմնարկներում: Դա հեծանվի նման սարքավորում է, ճակատը հենման տեղ ունի, մարմինը թույլ վիճակում է, մերսումը տևում է 5-7 րոպե (կազմված է ուշուի և շիացուի հնարքներից) և մկանային համակարգը բերում է օպտիմալ վիճակի:
Ճապոնական առողջապահական համակարգը Հայաստանում տեղայնացնել, ավաղ, առաջիկա հարյուր տարում մեզ չի հաջողվի: Խոսքը հսկայական ծախսերի և ժողովրդի բարոյահոգեբանական “անպիտանության” մասին է:
Մեր երկրում ճիշտ կեցվածք, առողջ ապրելակերպ, առողջ գենոֆոնդ ունենալու համար աշխատանքներ գրեթե չեն տարվում: Չենք կարողանում նախ` գիտակցությունը բարձրացնել, որ պահանջներ դնեն, փորձեն նմանվել քաղաքակիրթ երկրների մարդկանց: Կանգնեք ցանկացած բուհի կամ դպրոցի մոտ և կտեսնեք, որ երեխաների իննսուն տոկոսն ունի կեցվածքի կամ հենաշարժողական ապարատի այս կամ այն տեսակի շեղումներ, կարծես մոդայիկ է դարձել կիֆուտիկ քայլվածքը, խղճահարություն ես զգում, երբ տեսնում ես, թե ինչպես են քայլում մեր երեխաները, ժողովուրդը ընդհանրապես: Մարզասրահներ մեր քաղաքում, իհարկե, կան, բայց չպետք է մոռանալ, որ վարժությունների համակարգը յուրաքանչյուր անձի համար անհատական է, կապված է մարդու տարիքի, առողջության և ֆիզիկական հնարավորությունների հետ: Այսօր ունենք սնկի պես աճող սպորտային վայրեր, ուր բոլորին նույն տեղը լցնելով նույն վարժությունների համակարգն են առաջարկում` միևնույն ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Այնտեղից մարդիկ հեռանում են տարբեր առողջական խնդիրներով, ու նրանց հաջորդում են “մոլորյալ“ մարդկանց այլ խմբեր:
Մարդն իր բնույթով ծույլ է, և երբ ես հանձնարարություն եմ տալիս հիվանդներին, ակնկալում եմ, որ այն կկատարվի, լավագույն դեպքում, 20-30 տոկոսով: Ի դեպ, անձնական ուսումնասիրությունների համաձայն` տասը-տասնհինգ տոկոսով կանանց պատասխանատվությունն ավելի բարձր է, քան տղամարդկանցը: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա մարմինը կառավարելու արվեստը, ճանաչի իր օրգանիզմը: Ժողովուրդը ասում է` «առաջ մորթուս, հետո` որդուս», այսինքն` մարդը պետք պահպանի իր առողջությունը, որ կարողանա օգտակար լինել նախ` ինքն իրեն, մերձավորներին, ապա նաև` հասարակությանը: Տեղին է ասված` առողջությունը դեռ ամեն ինչ չէ, բայց ամեն ինչը ոչինչ է, երբ չկա առողջությունը:
Պատրաստեց
Արմինե Սարգսյանը
“Իրատես de facto”, թիվ 12 (222), 28.09-30.09.2010թ.