“Գարնանը պետք է մաքրել օրգանիզմը”

 Գարունը տարվա ամենասպասված եղանակն է, սակայն հենց այս ժամանակ են գլուխ բարձրացնում շատ ու շատ հիվանդություններ: Որն է պատճառը, ինչպես դիմավորել գարունը` խուսափելով առողջության հետ կապված բարդություններից: Թեմայի շուրջ զրուցում ենք ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով հեղինակ է 120 գիտական աշխատությունների, շուրջ 3000 ռադիոհաղորդումների, երկու բանաստեղծական գրքերի: Նա վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ուր աշխատում էր պայմանագրային հիմունքներով:

-Մոտ տասն ամիս ԱՄՆ-ում էի: Այնտեղ, ուր ես ապրում էի, ձմռանը բացվում էին վարդերը, գարնանն անտանելի շոգ էր: Բնականաբար, հիշում ես հայրենիքդ ու սկսում արժևորել այն, որ մեր երկրում ընդգծված են տարվա չորս եղանակները: Գարնան սկիզբը բնության մեջ էներգետիկ փոփոխությունների ժամանակահատված է: Մարդը բնության մասնիկն է և որպես միկրոկոսմոս ենթարկվում է տիեզերքում ու բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններին: Բնությունը շատ “խելացի” է և զգուշացնում է մարդուն, որ նրա օրգանիզմում պրոբլեմ կա: Մարդիկ բոնւթյունից շատ են հեռացել, լավ չեն պատկերացնում, ճանաչում իրենց օրգանիզմը: Հիվանդույթունն անցնում է թաքնված (լատենտ) շրջան, որպեսզի հետո բուռն ժայթքի, այս անգամ արդեն հիվանդության տեսքով: Մարդու անտարբերությունից է, որ գարնանը հիվանդությունները սրվում են: Այդ շրջանումբնությունը, որքան էլ դաժան թվա, մաքրում է թույլերին: Ժողովուրդը պատահաբար չի ասում մահամերձ հիվանդների մասին. “Եթե գարունը հանի, կապրի”: Այսինքն գարնանը օրգանիզմը պայքարում է և հիվանդությունների դեմ, և էներգետիկ ճգնավամի կարգավորման համար:

-Ինչպես հասկանալ “էներգետիկ փոփոխություններ” ասվածը:

-Բնության մեջ գոյություն ունի էներգիայի շարժման ուղղություն: Օրինակ, ձմռանը, որպեսզի մաշկը պաշտպանի օրգանիզմը, էներգիայի շարժումն ուղղված է ներսից դուրս: Գարնանը` դրսից ներս է, ներքևց վերև, ձախից աջ: Էներգիայի մեծ պաշար է պետք, որ օրգանիզմը պահպանի ա) հոմեոստազ (ներդաշնակ) վիճակը, բ) եթե կա առողջական պրոբլեմ, օրգանիզմը պետք է պայքարի նաև դրա դեմ: Նման իրավիճակներում անհրաժեշտ է մասնագետի օգնությունը: Շատ կարևոր է բժշկի ճիշտ ընտրությունը: Երբեմն դրանից է կախված մարդու ճակատագիրը, հաջողությունն ու դժբախտությունները: Բժիշկը պետք է լինի մանկավարժ, հոգեբան, պետք է լինի բանիմաց, բազմակողմանի զարգացած, ճանաչի մարդու օրգանիզմը, օգտագործի դարերի խորքից եկող բուժման մեթոդները (բուսաբուժություն, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ, բուժական մերսում):

-Բայց գարունը դրական լիցքեր է բերում իր հետ:

-Իհարկե, գարնանային գույները, ջերմությունը, արևն ազդում են մարդու օրգանիզմի ու հոգեբանության վրա: Փոխվում է տրամադրությունը, բարձրանում է ադրենալինի քանակն արյան մեջ: Պատահական չէ, որ գարնանը հաճախ սեր է արթնանում մարդկանց հոգում: Շատ երկրներում գարունը կարող է շոգ լինել, բայց, միևնույն է, նրանք էլ են գրում գարնան մասին, նշում գարնան առաջին օրը: Օրինակ, մոլդովացիներն այդ օրը միմյանց մերցեշոր (կրծքին ամրացնելու կարմիր, սպիտակ ծաղիկներ) են նվիրում:  Դա կյանքի փոփոխություն է: Տեղաշարժ:

-Որպես բժիշկ ինչ խորհուրդ կտայիք` ինչպես պետք է դիմավորել գարունը:

-Ձմռանը մարդու օրգանիզմը ծանրաբեռնված է լինում: Գարնանը պետք է մաքրել, բեռնաթափել օրգանիզմը`նախընտրությունը տալով բուսական, նաև վիտամիններով հարուստ սննդին: Պատահական չէ ընտրված պահքի ժամանակահատվածը: Հոգևոր աշխարհը մաքրելուց բացի, այն ունի նաև առողջությունը պահպանելու խորհուրդ: Պետք է կատարել ֆիզիկական, շնչառական վարժություններ: Սրանք պետք է կայուն տեղ զբաղեցնեն մարդու կյանքում: Պետք է իմանալ սեփական մարմինը վարելու արվեստը: Նյուտոնն ասել է` ճանաչիր օրգանիզմդ, և դու կտիրես ամբողջ տիեզերքին: Պետք է ճիշտ արտահայտել էմոցիաները: Չինական էներգետիկ բժշկության մեջ ասվում է` մարդկային բոլոր էմոցիաները պետք է անցնեն իրենց խողովակներով:

Զրուցեց 
Ա. Սարգսյանը
“Իրավունքը de facto”,  թիվ 18 (78), 13.03-16.03.2009թ.