«Հին ժամանակներում փորձում էին բացել փարավոնների դամբարանները, իմանալու համար` ինչն է պատճառը, որ նրանք այդքան երկար ու առողջ են ապրում: Ինչպես պարզվեց, պատճառներից մեկը մերսումն է, որ կատարվել է տարբեր յուղերով: Մերսումը գոյություն ունի ոչ թե փարավոնների ժամանակներից, այլ մարդու գոյությունից ի վեր: Այն ոչ ավանդական բժշկության ամենակարևոր ճյուղերից է, որով կարելի է հասնել ֆանտաստիկ արդյունքների,- երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց ֆիզիոթերապևտ, մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, հավելելով, որ «մերսման հարյուրավոր ձևեր կան` ֆիննական, չինական, թաիլանդական, որը հայտնի է որպես էրոտիկ մերսում»: ՈՒղղված է մարդու սեքսուալ հնարավորությունները, պոտենցիան բարձրացնելուն, սակայն ոմանք, մերսման անվան տակ, սեռական բնույթի գործողություններ են իրականացնում: «ԱՄՆ-ում աշխատելու տարիներին ձերբակալեցին մարդկանց մի խմբի, սակայն հինգ տարի հետևել էին, որպեսզի ապացույց ունենան, կարողանան մտնել «մերսման» սրահ: Հայաստանում նույնպես կան նման երևույթներ, սակայն քողարկված են: Ես իմ աշակերտներին սովորեցնում եմ, որ թե՛ մերսողը, թե՛ այցելուն պետք է վերջապես հասկանան` մերսո՞ւմ են ուզում, թե՞ սեքս»:
Գագիկ Կարապետյանը նշեց նաև, որ համաշխարհային շուկայում գործում է դեղորայքի բիզնես, և դեղերն իրացնելու համար պայքարում են մերսողների դեմ: «Ֆրանսիայի ամենահայտնի մերսողներից մեկն անընդհատ դատական քաշքշուկների մեջ էր: Նևրոպաթոլոգները, վիրաբույժները նույնպես ոչ միայն Հայաստանում, ամենուր հիվանդներին հորդորում են չդիմել ֆիզիոթերապևտներին»,- ասաց ակադեմիկոսը, հավելելով նաև, որ չնայած գիտատեխնիկական առաջընթացին, բուժման նորագույն մեթոդներին, այնուամենայնիվ, ոչ մի հիվանդություն չի պակասում, ավելին, դրանք ավելի զարգանում են:
«Նվեր-Անի» բժշկական կենտրոնի տնօրեն, բնական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժիշկ-թերապևտ, ռեֆլեքսոթերապևտ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ասաց, որ նույն հիվանդության ժամանակ նույն բուժական մեթոդի կիրառումը կարող է տարբեր արդյունք տալ, երեք հոգու մոտ հրաշք գործել, մեկին՝ վնասել: «Մարդիկ տարբեր են: Շատ կարևոր է մերսող բժշկի պատրաստվածության չափը: Մերսումը բուժական մեթոդ է սեղմումի միջոցով, և կարևոր է, թե բժիշկն ինչ չափով է սեղմում, ո՛ր ողի վրա ինչպես է աշխատում: Եթե բժիշկը ճիշտ չաշխատի հիվանդի հետ, մերսումը կարող է նաև վնաս պատճառել»: Բանախոսը նշեց, որ եթե մանուալ թերապևտները սեղմումի միջոցով են ազդում կենսական կետերի վրա, իրենք օգտագործում են սկենար կոչվող ապարատը: Խորհրդային տարիներին այն օգտագործվել է տիեզերական բժշկության մեջ. տիեզերագնացները եթե հիվանդացել են, իրենք իրենց բուժել են ապարատով:
«Շատ կարևոր է մարդու նյարդային համակարգը: Ցանկացած հիվանդության ժամանակ մարդու գլխուղեղում առաջանում է հիվանդ օջախ: Օրինակ, քրոնիկ բրոնխիտի ժամանակ տարիներով դեղորայք են օգտագործում, և հիվանդությունը չի վերանում, որովհետև հիվանդությունն առաջացնող պատճառը չեն վերացնում, և գլխուղեղում եղած գրգռված օջախը չի թողնում, որ մարդն ապաքինվի: Այ, տեսեք, մարդու ոտքը չկա, կտրել են, նա հինգ տարի հետո ասում է` գիշերը ոտքս այնպես էր ցավում: Ինչո՞ւ: Որովհետև ոտքը կառավարող կենտրոնը գլխուղեղում կա, և որպեսզի մերսումը լիարժեք արդյունք տա, պետք է հանել գլխուղեղում եղած գրգռված օջախը»,- ասաց Ռուզաննա Հարությունյանը: Նրա բնորոշմամբ` «բժշկությունը արվեստ է, նաև ճահիճ, պիտի գտնես՝ ո՛ր մարդուն ինչ է պետք»: