ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ինքնահարցազրույց-մենախոսություն
Մասնագիտությամբ ֆիզիոթերապեւտ-մանուալիստ է Գագիկ Կարապետյանը: Ծնունդով գյումրեցի, կրթությունը Երեւանում ստացած, ապա Մոսկվայում շարունակած, աշխատել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մեխիկոյում, Մ. Նահանգներում, Դուբայում, այժմ աշխատում եւ բնակվում է Երեւանում: Բազմաթիվ հոդվածների հեղինակ եւ ռադիոհեռուստահաղորդումների մասնակից է: 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված նրա «Դժոխք» պոեմը ժող. արտիստ Վլադիմիր Աբաջյանի կատարմամբ մտավ Ազգային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»: Մարդկային ճակատագրի ցնցող պատկեր է հեղինակի մեկ այլՙ «Գուգոն» պատմվածքը, նույնպես 1988-ի դեկտեմբերյան ահասարսուռ դեպքերի արձագանք, նմանապես «Հանդիպում» եւ այլ գործեր:
«Սեր եւ խռովք» ժողովածուն հեղինակի փխրուն, զգայուն ներաշխարհի բանաստեղծական արտահայտությունն էՙ քնարական, նուրբ, երազող: Հիվանդները իր մասին գրում են անսահման երախտիքով ու գորովանքով, այդ թվում նշանավոր մտավորականներ Հայաստանից եւ Սփյուռքից: «Բուժիչ բանաստեղծը», այսպես նրան անվանում է Արամայիս Սահակյանը:
«Հրաշագործ ձեռքերիդ որտեղից այդքան ուժ, ամրություն, էներգիա եւ միտք. ինձ թվում է, թե քո ձեռքերը մտածում են, խոսում, զգում եւ բուժում», գրում է Ռուբեն Տերտերյանը:
«Բժիշկ-արվեստագետ Գագիկ Կարապետյանն իրոք բացառիկ երեւույթ է մեր հասարակության մեջ: Նա զարդարում է մեր կյանքը իր գոյությամբ, իր գիտելիքներով եւ իր շնորհքներով: Նա իր նվիրվածությամբ մեր ժողովրդի ցավն է ամոքում ու բուժում եւ որպես հատուցում ստանում նրա օրհնությունըՙ ի կատարումն իր իղձերի» (Վերժինե Սվազլյան):
Ներկայացվող մենախոսություն-ինքնազրույցը հեղինակի մտորումներն են իր ծննդավայր Գյումրիի, հայ հասարակության ներկա բարքերի, իրողությունների եւ ապագայի մտահոգությամբ:
——————————————————————————–
Քրտինքի մեջ կորած վեր թռա քնից, ծանոթ վախ անցավ մարմնովս. որերորդ անգամ երազիս մեջ նույն մարդը մահացավ գրկիս մեջ: Բայց ինչո՞ւ 23 տարի շարունակ ես նույն երազն եմ տեսնում, եւ միշտ նոյեմբերի վերջինՙ դեկտեմբերի 7-ը գալու մոտ, ի՞նչ էՙ դա պատվերո՞վ է. չէ՞ որ ձեռքերիս մեջ շատերը մահացան այդ օրերին…
Ինչո՞ւ այդ նույն անանուն դեմքը դաջվել է ուղեղիս ծալքերում եւ ոչ մի կերպ դուրս չի «քշվում», նույնիսկ 23 տարի անց, ինչո՞ւ է վախը պատում ինձ, չէ՞ որ երկրաշարժի ժամանակ ամենաանսասան փրկարարներից էի եւ կայացնում էիՙ հիմա արդեն ինձ համար սարսափելի դարձած որոշումներՙ փրկելու այս կամ այն օգնություն հայցող անծանոթ մարդուն:
Կեսգիշերին վեր կացա, մի կում սառը ջուր խմեցի, հիշելով տատիս խոսքերը. «Մե պուդըմ պաղ ջուր տվեք էրեխին, վախեցած է»: Տատս նման մղձավանջային հոգեվիճակների փորձ ուներ, պատմում էր գլխին եկածը եւ պատմելիս ասում էր. «Չիդեմ, ժաժքից առաջ էր, թե հետո», ու մենք ծիծաղում էինք, որ դեպքերը եւ մեր անունները մեկ-մեկ խառնում էր իրար.
Ու հիմա էլ մենք, երբ մեծացել ենք,
Նստում, ելնում ենք եւ թե ծիծաղում,
Մեր երեխեքին մի բան պատմելիս
Լուռ մտորում ենք.
- Ժաժքից առա՞ջ էր, թե՞ ժաժքից հետո…
Վանի երկրաշարժը, ինչպես սառը ցնցուղ, թարմացրեց մեր հիշողությունները եւ մտքով տարավ 1988-ի դեկտեմբերի 7-ի մահասարսուռ օրերը: Տեսարաններըՙ մարդկանց երկյուղած աչքերը, հոգեկան սթրեսները, ողբն ու լացը նույնն են, աշխարհի բոլոր մարդիկ նույն ձեւով են դրսեւորում իրենց, բայց յուրաքանչյուրը յուրովի է տանում արհավիրքի հետեւանքները: Այդ օրերին Ֆեյսբուքով ստանում էի շատ հարց-նամակներ, մեր ժողովուրդը նույնպես անհանգիստ էր, վախեցածՙ 7.3 բալից մեր տարածքին բաժին էր ընկել 3-5 բալ ցնցումներ: Թերթերից մեկի խմբագիրը հարցնում էրՙ պրն Կարապետյան, երկրաշարժը ինչպե՞ս է անդրադառնում մարդու առողջության վրա: – Այո, անդրադառնում է: Դրանից հետո երկար ժամանակ երկիրը կորցնում է ծանրության ուժը, որի շնորհիվ մարդու օրգանիզմը հազիվ վերականգնվում է, ցնցման ժամանակ խախտվում է մարդու վեստիբուլյար ապարատըՙ առաջացնելով սրտխառնոց, գլխապտույտ, կոորդինացիայի կորուստ, հետո մարմինը պատվում է վախի քրտինքով, ապա սկսվում է դեպրեսիա: Մարդը հանկարծակիի է գալիսՙ չգիտակցելով նույնիսկ ի՞նչ է կատարվում երկրի ընդերքում: Երեւույթը ես նկարագրել եմ իմ «Դժոխք» պոեմում, եւ այդ հատվածը Փարիզի գրական միջազգային կոնֆերանսում ճանաչվեց որպես լավագույն նկարագրություն եւ թարգմանվեց 5 լեզուներով.
Հանկարծակի եւ աննկատ
Իջա՜ն, իջա՜ն սեւ մութ ամպեր,
Ջինջ քաղաքի ճակտին դիզվան,
Ու սեւ քամին դիպավ ամպին,
Սեւ թեւերով ամպը բերեց ու տարածեց
մի սրտխառնոց…
Ու գետինը ճռռաց լացով ու հեկեկաց.
Ուժգին ձայնով ոռնաց ահեղ վախը սարսուռ…
Փլթփլթոցով եփվեց կարծես սեւ մանանան…
Հողը ելավ ալիք-ալիք,
Զիլ աղմուկով շարժվեց առաջ…
ու ետ եկավ,
Սրբեց-տարավ ու ավերեց
բյուր երազներ,
Քաղաքի բիբը ահից լայնացավ,
Ճաք տվեց սիրտը…
Ասեմ ավելին, մարդու առողջությունը երկրաշարժից հետո ավելի է «բզկտվում», երբ արդեն իր մեջ կրում է արհավիրքի հոգեկան եւ նյութական արժեքների կորուստը: Գիտական կոնֆերանսներից մեկի ժամանակ Գյումրիի ծննդատան գլխավոր բժիշկ Ֆելիքս Գրիգորյանն իր ելույթի մեջ նշեց, որ գիտական վերլուծությունները երկրաշարժից 10 տարի անց, ցույց են տվել, որ երեխաների մեծ մասը թերզարգացած է ծնվում: Ահա` բնական մեծ աղետներից առաջացած հիվանդությունների հետեւանքները: Այսօր, առողջական ծանր հետեւանքներ են արձանագրվել նաեւ Ճապոնիայում տեղի ունեցած ահավոր երկրաշարժից հետո: Գիտնականների ուսումնասիրություններով բոլոր երկրաշարժերից Սպիտակինը առաջինն էր տարաբնույթ ցնցումների քանակով, եւ նորից պարծենում ենք, որ առաջինն ենք թեկուզ աղետների ուղղությամբ, ինչպես 1915 թ. Եղեռնի շուրջն անընդհատ վիճաբանում են, մեկն ասում էՙ 1,5 մլն հայ են մորթել, մյուսը, թե չէՙ 2 մլն, մեկ ուրիշըՙ թե 3 մլն եւ այսպես, ինչքան շատ, այնքան լավ… Ամոթահար են անում մի ամբողջ ազգի, որովհետեւ… մորթվելը վատ, շատ վատ բան է:
Բա կարելի՞ է սերունդներ դաստիարակել մորթվողի հոգեբանությամբ, վախով, ատելության ու քենի զգացումով, որոնք, ըստ էներգետիկ բշժկության կանոնների, երկար մնում են մարդու ենթագիտակցության մեջՙ առաջացնելով այս կամ այն տեսակի հիվանդություններՙ հիմնականում նյարդային դասի, որոնք էլ դարձնում են մարդուն ոչ լիարժեք, թերի:
Ֆեյսբուքի էջերից Վանի եկրաշարժի օրը շատ-շատերը ուրախության կոչեր էին անում, հրճվումՙ չիմանալով նույնիսկ, որ զոհվածների 90 տոկոսը քրդեր են եւ մի գուցե հայեր նույնպես կան: Բա մենք ինչո՞վ ենք տարբերվում նրանցից, չէ՞ որ նույնը անում էին նրանք, բա մենք էլ նրանց պե՞ս… շատ բաներ չեմ կարող գրել, շատերը հասու չեն, վախենում եմ. ախր մենք շատ հին, քաղաքակիրթ, առաջադեմ… Բայց նույնիսկ 23 տարի անց մի քաղաք-աղետի գոտի չկարողացանք անաղետ գորտի դարձնել: Պետք է, իհարկե, խոստովանել, որ Գյումրու գլխավոր փողոցները մի քիչ գեղեցկացել են, եւ սրա՛նք են ցույց տալիս զբոսաշրջիկ-ղեկավարությանը: Բա՜ աչքից հեռու, ծածուկ տեղերը: Ոչ մի ղեկավար չի ասումՙ եկեք շենքի հետեւն անցնենք, տեսնենք ի՞նչ կա: Բայց եթե անցնեն եւ մտնեն այդ անանցանելի փողոց-խրամատները, ապա դժվար թե կարողանան հետ դառնալու ճանապարհը գտնել. այդպիսի վայրեր չեն լինի նույնիսկ ամենահետամնաց երկրում: Բա՜, մենք շինարար ազգ ենք: Բայց մեզ հակառակ այդ «անիրավ» ճապոնացիները բացահայտեցին, որ աշխարհում ոչ մի շինարար չէր կարող իր ազգի համար այդպիսի անորակ տներ կառուցել, օջախից դուրս եկած մարդը երբեք չէր սարքի այդպիսի օջախ, որ փլվեր իր հարազատներին գլխին: Բա շինարար ազգը այսպիսի քաղաքներ, գյուղեր, ճանապարհներ կկառուցի՞, վերջիններն ամեն տարի նորոգվում ենՙ պահպանելով փողոցի նույն փոսերը նույն տեղերում: Ուշադիր նայեք բակերին, որտեղ պատահիՙ կառուցված շինություններին, մտեք քանդված շենքերի մուտքերը, նայեք անծառ եւ անծաղիկ փողոցներին, ամեն ինչ կեղտի, փոշու ու աղբի մեջ շաղախված:
«Ամոթ չունեն» նաեւ գերմանացիները, ո՞նց էին նստել ու հաշվել Հայաստանին տրված օգնության չափը. «Շպիգել» ամսագիրը գրեց, որ եթե Հայաստանին տրված ամբողջ օգնությունը հավասար բաժանեին հայ ընտանիքների միջեւ, ապա յուրաքանչյուր ընտանիք կունենար մոտ 140-160 հազար սովետական ռուբլի: Նկատեցիքՙ չի ասում բաժանեին աղետյալ ընտանիքներին, այլՙ յուրաքանչյուր հայ ընտանիքի, որոնք կունենային 3-4 հարկանի տուն, 4-5 մեքենայով:
Գյումրեցիները միշտ էլ համարվել են աշխատասեր, հարուստ մարդիկ եւ դա այդպես էր. աղետից հետո քաղաքը թալանվեց, մենք էլ, մեր քթի տակ, չգտանք մեր ունեցվածքն ու դրամը, որով կարող էինք աղետից հետո ավելի արագ ոտքի կանգնել, իսկ նյութական հատուցումըՙ փողն արժեզրկվեցՙ վերածվելով գրոշների: Հետո փոշիացան եւ արժեզրկվեցին մարդկային, հոգեւոր որակները, երկրաշարժից հետո մեծ երկրներն առաջարկեցին օգնություն, որը եւ վերջնականապես սպանեց ժողովրդի աշխատասիրությունը, քայքայեց տնտեսությունը վերջնականապես, քանի որ այդ օգնության գումարներով իրավունք չկար կառուցելու գործարաններ, եւ գործազրկությունը գնալով ավելացավ: Երկրում սկսվեց թալանը, խորհրդային տարիներին ստեղծված նյութական արժեքները վաճառվեցին հարեւան երկրներին եւ գլխավոր դերակատարը երկրի ղեկավարությունն էրՙ կրիմինալի հետ համագործակցած: Թուրքերին վաճառվեց ռազմավարական նշանակության արժեքներ, ինչպես ոսկին, գունավոր մետաղները, պղինձը: Ի դեպ, վերջինով փամփուշտներ են պատրաստում: Թուրքերը ավարի հոտն առնելով, հանգիստ բացել էին սահմանները, աշխատում էր Գյումրի-Կարս երկաթուղին: Ժողովրդի վիճակը ծայրահեղ դարձավ, իշխանավորներին կարծես սկսեց դուր գալ ժողովրդի հայհոյանքը ու անեծքը իրենց հասցեին:
Պաշտոնյան կրիմինալի հետ ժողովրդի արյամբ շաղախված միլիարդներ էր դիզում, իսկ աղետի գոտին դատարկվում էր. տղամարդիկ հեռացանՙ աշխատանք գտնելու օտարության մեջ, կանայք, երեխաներն ու ծերերը մնացին մութ ու խոնավ «դոմիկներում», որոնցից շատերը մինչեւ այսօր դեռ կան: Ժյուլ Վեռն ասում էր. «Այն երկրի տերերը, որոնք չեն կարող պահել իրենց երկրի ծերերին, հավերժ դատապարտված են անեծքի»: Ալեքսանդր Մակեդոնացին մեռնելուց առաջ խնդրեց, որ իրեն թաղեն բլրի գագաթինՙ ձեռքերը բաց, ի տես ամենքի, թեՙ աշխարհի տիրակալը իր հետ ոչինչ չի տանում այս աշխարհից: Չտարավ այս աշխարհից ոչինչ նաեւ Սադդամ Հուսեյնը, Քադդաֆին, իրենց իսկ փողերով գնեցին զենք եւ լցրին սեփական ժողովրդի գլխին:
Ասում ենՙ խելացիները սովորում են ուրիշի սխալների վրա, բայց հայը ուրիշ է, ինքը պետք է անընդհատ սայթաքի ու հետո էլ դասեր չքաղի, ու այդպես շարունակ:
Մեր երկիրը փոքր էՙ 1,5 մլն հայ է մնացել տարածքում: Կոռուպցիան կանխելու համար մեր երկրում մեծ փողեր են ներդնում: Իզուր: Որեւէ մանկապարտեզում նույնիսկ կարող են իմանալ, թե ովքեր են կոռուպցիայով զբաղվողները: Մարդիկ են, խոսում են, տարածում, թե ինչքան նյութական արժեքներ են երկրից հանվում Շվեյցարիա եւ այլուր: Եթե մենք դա չգիտենք, կամ կիսատ-պռատ գիտենք, ապա ամենազորեղ երկրի հետախուզությունը գիտի, հանգիստ եղեք:
Վերադառնալով երկրի ամենաչքավորՙ Շիրակի մարզին, ասեմ, որ տուն չունենալը վատ բան է, չունեցողի հոգեբանությունն էլ է այլՙ «որտեղ կտրի կապը…» ասելով, ռիսկի են գնում, վերցնում ընտանիքը եւ հեռանում են երկրից: Հայի բողոքն է այդպիսինՙ առանց պայքարի, լուռ ու վիրավորական հեռանալ հայրենիքից: Նրանց հետեւում են հազարավորները, հեռանում են քարավաններով: Ի դեպ, հիվանդներիցս մեկը Գլենդեյլում ասացՙ «Ապրի Լեւոն Տեր-Պետրոսյանի արեւը, որ չփախչեինք Հայաստանից, հո էսքան հարուստ չէինք լինի»: Իմ ընկերներից շատերը հեռացան երկրից, չկարողացանք պահել, բայց արի ու տես տարիներ անց արդարեցրինք իրենց պահվածքը. բոլորը հարստացել են, ապրում են բարեկեցիկ կյանքով, դեռ մի բան էլ բարեգործություն են անում: Պարադոքս է, մարդը իր սեփական երկրում չի կարող հարստանալ, թույլ չեն տալիս, բայց թույլ են տալիս ուրիշ երկրները, ուրիշ ազգերը, որովհետեւ իրենք տաղանդավոր, աշխատասեր մարդկանց կարիքն ունեն, իրենց երկիրը ծաղկեցնողներ են պետք, ու անում են, ամբողջ երկրով չինովնիկ, վերահսկող եւ ոստիկան չեն աշխատում: Սովետից հետո միայն այդ հսկա, ուռճացված ապարատները չփոխվեցին, դեռ բազմանում են ու կբազմանան ու կխանգարեն, մինչեւ գործի գլուխ չեն գա իրենց երկիրը սիրող, անկաշառ մարդիկ:
Ես եւ իմ նմանները չենք գնա մեր երկրից, մենք սիրում ենք մեր երկիրը, մեր հողի եւ ջրի կոդը մեր արյան մեջ է, ուր էլ գնանք, մենք էմիգրանտներ ենք: Հայրենասիրությունը լայն հասկացություն է, այն չի սահմանափակվում մի քանի անկուշտ նախագահներով ու պաշտոնյաներով, որոնք անցողիկ են եւ մոռացվող, իսկ երկիրըՙ հավերժ: Իմ «Դժոխք» պոեմն էլ ավարտվում է այդպես.
Եվ լույս պիտի, պիտի լինի,
Լույսն Աստծո ամեն մի տան
Հավերժական,
Գյումրին նորից պիտի խոսի,
Հավերժաբար, հավերժի հետ
Հավերժական…