«ՄԻՆՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՄԱՐԴՆ ԶԳՈՒՄ Է ՏԱԳՆԱՊԻ ՆՇԱՆՆԵՐ»

«Վանի երկրաշարժը սառը ցնցուղի պես թարմացրեց մեր հիշողությունները, նորից վերապրեցինք 1988-ի դեկտեմբերի 7-ի մահասարսուռ ու կործանարար երկրաշարժի սարսափը: Աշխարհի բոլոր ծայրերում ողբն ու լացը, մարդկանց երկյուղած աչքերը նույնն են, մարդիկ նույն ձևով են դրսևորում իրենց, բայց յուրաքանչյուրը յուրովի է տանում արհավիրքի հետևանքները»,- ասում է ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Նրա խոսքով` երկրաշարժը բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա, դրանից հետո երկար ժամանակ է պահանջվում օրգանիզմի վերականգնման համար: «ՈՒժեղ ցնցումների ժամանակ Երկիրը կորցնում է ձգողականության ուժը, խախտվում է մարդու վեստիբուլյար ապարատը, առաջացնելով սրտխառնոց, գլխապտույտ, կոորդինացիայի կորուստ, մարմինը պատվում է վախի քրտինքով, մարդը հանկարծակիի է գալիս` չգիտակցելով նույնիսկ, թե ինչ է կատարվում Երկրի ընդերքում: Այս ամենին գումարվում են դեպրեսիան, վախը, մանավանդ, որպես կանոն, արհավիրքների ժամանակ միշտ լինում են մարդիկ, որ խուճապ են տարածում»,- ասում է Գագիկ Կարապետյանն ու հավելում, որ երկրաշարժի հիմնական հզոր հարվածին հաջորդող հետցնցումները նույնպես ազդում են նյարդային համակարգի վրա: Իսկ արհավիրքի թողած սարսափը, սթրեսը, ըստ նրա, մարդը կրում է ամբողջ կյանքում: 

Գիտական կոնֆերանսներից մեկի ժամանակ Գյումրիի ծննդատան գլխավոր բժիշկ Ֆելիքս Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ գիտական վերլուծությունների համաձայն` երկրաշարժից նույնիսկ տասը տարի անց երեխաների մեծ մասը ծնվում է թերզարգացած:
Հայտնի է, որ կենդանիները կանխազգում են աղետը: Գագիկ Կարապետյանի հավաստմամբ` մարդիկ բնությունից շատ են հեռացել, բայց ենթագիտակցաբար զգում են տագնապի նշանները: «Երկրաշարժից հետո շատերն ասում են, որ վատ ինքնազգացողություն են ունեցել, գլխապտույտ, անհանգստություն,- ասում է նա:- Մարդը միկրոկոսմոս է, բնության հետ մեկ ընդհանուր համակարգ: Երկրի վրա կատարվող ամեն ինչ մեկ առ մեկ «արձանագրվում» է նրա մոտ և ազդում ինքնազգացողության, առողջության վրա: Իսկ ի՞նչ է առողջությունը. օրգանիզմում այս կամ այն որակների նվազում»: Գագիկ Կարապետյանը խորհուրդ է տալիս առօրյա կյանքում պահպանել առողջ ապրելակերպի կանոնները, որը շատ քչերն են անում, զբաղվել օրգանիզմի կոփմամբ, պահպանել սննդակարգը, շարժողական ռեժիմը, հոգեկան ներդաշնակությունը, խուսափել վատ խոսակցություններից, այն մարդկանց հետ շփումից, ովքեր սթրես, լարվածություն են առաջացնում: «Պատահական չէ, որ ուժեղ երկրաշարժերի ժամանակ հոգեբաններ են աշխատում աղետը վերապրած մարդկանց հետ,-ասում է նա,- որոնց խնդիրների, հիվանդությունների զգալի մասը սթրեսի հետևանք է»:
Ի դեպ, Գագիկ Կարապետյանն անմիջական ականատեսն է 88-ի երկրաշարժի և նկարագրել է այն իր «Դժոխք» պոեմում, որը փարիզյան գրական կոնֆերանսում ճանաչվել է որպես լավագույն նկարագրություն և թարգմանվել 5 լեզվով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

08/11/2011