Իսկական սերը կարծես ուրվականի
հայտնություն լինի.
բոլորը խոսում են նրանից .
բայց քչերն են տեսել :
Ֆրանսուա դը Լարոշֆուկո
Սրտի խոսք
ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ ՍԻՐՈՎ ԼԵՑՈՒՆ “ԱՆԱՆՈՒՆ ՕՐԵՐԸ”
Կիւմրեցի բանաստեղծ ու բժիշկ Գագիկ Կարապետեան նախ ապրեցաւ Կիւմրիւի երկրաշարժը, իրական դժոխքը, որ իր մէջ պայթեցուց ըմբոսութիւն, բնական աղէտներով զարնուած մարդկութեան նկատմամբ ջերմ հոգածութիւն, համամարդկային սէր : Բժիշկ, գիտնական էր: Փաթթեց վիրաւոր մարդուն մարմնական վէրքերը: Բայց նաեւ էր բանաստեղծ: Ուզեց փաթթել մարդուն հոգեկան վէրքերը: Այս բոլորէն ծնունդ առավւ իր անդրանիկ ժողովածուն, «Դժոխք»ը: Այդ մեկը յուշարձան մըն էր այն տխուր երկրաշարժի զոհերուն համար, որոնք յավերժօրեն անմոռանալի պիտի մնային ո´չ միայն կիւմրեցի բանաստեղծ-բժիշկին համար, այլ նաև համայն հայ ժողովուրդին համար: Բայց հիմա ատենն է որ դժոխքին յաջորդէ սէրը, սիրելու երջանկութիւնը, սիրոյ մէջ երջանկանալու բախտաւորութիւնը: Որ բանաստեղծն է որ իր սիրտը լայն պիտի չբանայ սիրոյ տաքուկ զգացումին: Բանաստեղծ Գագիկ Կարապետեանն ալ բացավ իր սիրտը: Իր լայն սիրտը: Եւ զայն լեցուց հազարումէկ սէրերով: Զայն լեցուց միակ սիրականով մը, որ հազարումեկ դեմքեր ունէր: Միայն թէ իրական սէրը միայն սէր չէ, այլ է նաեւ խռովք: Երբեմն տառապանք: Երբեմն յուսախաբութիւն: Երբեմն նոր յոյս: Նոր միացում: Յետոյ դարձեալ բաժանում: Թերևս նոր ու երկրորդ «դժոխք» մը: Եւ այս բոլորէն այս անգամ ծնունդ կ’առնե բանաստեղծ բժիշկին նոր հավաքածոն. « Սեր եւ խռովք»: Սքանչելի նոր յուշարձան, որ այս անգամ կը բարձրանայ սիրոյ երկրաշարժի համար: Որովհետև բանաստեղծը արդեն կ’ըսե առաջին էջէն. «Ես մի բառ եմ» : Եւ այդ մեկ բառը ուրիշ բան չէ եթե ոչ «սէր»: Սեր` սիրականի նկատմամբ: Ամբողջ հաւաքածոն լեցուն է սիրոյ տաղերով: Եվ բոլորին մէջ ներկա է այն նույն սիրականը, որ մերթ պիտի գայ, մերթ պիտի երջանկացնէ, մերթ պիտի ձանձրանայ, մերթ պիտի հեռանայ անվերադարձ կերպով: Ու այս յավերժական հանդիպումներն ու բաժանումները պիտի հրահրեն բանաստեղծին հոգին:
«Դու ուշանում ես»:
Արդարեւ, պիտի գա՞յ սիրականը: Դեռ որքան պիտի ուշանայ: Ահաւասիկ, ինքն է որ կ’ըսէ. Իմ հոգու լոյսը մարում է հանդարտ, Դու ուշանում ես:
Բանաստեղծը պատրաստ է բանալու իր սիրտը: Կը բավէ որ գայ սիրականը: Կը բավե որ գայ ու սիրե զինքը: Եվ բռնատեր մը չէ ան: Եթե օր մը տեսնէ թե իր սիրածը ձանձրացած է իրմէ, անկէ ալ առաջ պիտի հեռանայ իր սիրեկանէն, որպէսզի ան չմնայ անյուսութեան ու ձանձրոյթի մէջ: Միայն թե թող գայ: Չուշանա´յ: Օ~ ինչ անդարմանելի ցավ է «այս տարիքին մէջ սէր կորսնցնելը»: Բայց ուրիշ ճար չունի բանաստեղծը, կամ սիրող մարդը: Պիտի համակերպի: Պիտի ատէ մարդատեացները, պիտի ատե ազգի ու մարդու անգութ մարդասպանները, բայց պիտի մխիթարուի բնութեան բարիքներով, պիտի սիրէ նոյնիսկ ժայռերու մէջ ապրող թունաւոր օձը, ձիւնապատ մաքուր լեռը, եւ ինքզինք պիտի´ մխիթարէ մինչեւ որ… դարձեալ վերադառնայ իր հին կամ նոր սիրականը: Գագիկ Կարապետեանի բանաստեղծութիւնները հաճոյքով եւ դիւրութեամբ կը կարդացուին: Բանաստեղծական բարձրաթռիչ ու դժուար ընկալելի ոստումներ չկան այդ քերթողութեան մէջ: Գրեթէ խօսակցական հոսուն ոճով եւ հոսուն լեզուով բանաստեղծութիւն ստեղծելու վարպետի մը հետ դէմ յանդիման կը գտնուինք, հանդարտ ոճ մը, որ հեռուէն ալ ըլլայ, մեզի կը յիշեցնէ Վահան Թէքէեանի արձակաշունչ հզօր բանստեղծական պատմումը: Մենք ալ իրեն հետ քայլ առ քայլ կը հետւինք սիրոյ արկածախնդութեան մը, որու ընթացքին տարիները շուտ, շատ շուտ կ’անցնին: Տարիները մէկ կողմէ կիրքերը կը մարեն, մէկ կողմէ ալ մոռցնել կուտան հին ցաւերը:
«Եւ մեր բաժանման տարին բոլորեց, մեղքերիդ վրայ իջել է փոշի»:
Գեղեցիկ պատկեր: Մեղքերուն վրայ փոշի իջած է ու սիրականը, որ թերեւս աչքէ հանուած էր, հիմա կրնայ վերադառնալ, վստահ` թէ դարձեալ պիտի ընդունուի նոյն խանդավառութեամբ: Ճիշդ է: Բանաստեղծը կրկին պիտի բանայ իր տան ու իր սրտին դուռը: Բայց կ’արժէ որ առանձնանանք սա շատ գեղեցիկ բանաստեղծութեան վրայ, որ ինքնին ամբողջ վէպ մըն է: Անվերնագիր բանաստեղծութիւնը կը սկսի «Ես բացում եմ դուռը» բառերով: Բանաստեղծը դուռը կբանայ ու կը գոչէ. «Միթէ դու՞ ես, հոգիս, իմ հրեշտակս անհաս, ի՞նչ ես կանգնել անշարժ, ներս համեցէք խնդրեմ»: Իսկ սիրականը կը մտնէ ժպտելով հանգիստ: Եկած է տեսնելու թէ ի՞նչ կ’ընէ հիմա իր սիրականը, ինչպէս կ’ապրի:
«ես ապրում եմ այնպէս ես թելեր եմ մանում տարբեր գոյնի թելեր, ու հիւսում եմ հին երգ, մի պարզ հէքեաթ լուսէ»:
Բանաստեղծը կը սպասէր որ սիրականը ուրախանար ու խանդավառուեր, բայց ան կը զայրանայ անակնկալ կերպով: «Ինչ՞այսքան տարի վերջ դուն տակաւին թե՞լ կը հիւսես: Ես յոգած էի քեզմէ եւ դուն նոյնն ես: Ուրեմն շարունակէ հէքեաթ հիւսել, անվերջ թել մանել: Ես չկամ»: Կեանքի օրէնք է այս: Թէ բանաստեղծի անփոփոխ ճակատագիր: Սիրականը կրկին պիտի մեկնի ու բանաստեղծը պիտի շարունակէ հիւսել իր տաղերն ու գոյնզգոյն թելերը: Գագիկ Կարապետեանի բանաստեղծութւինները կը ջերմացնեն մեր սիրտը, մեզի անգամ մը եւս կը սիրցնեն սէրը, մեզի կը բացատրեն թէ սիրոյ յաճախանքը այն կրակն է որ միշտ տաքուկ կը պահէ հոգիին հնոցը: Բանաստեղծը ի զուր պիտի ըսէ իր սիրականին. «Ես ջութակ չեմ որ զիս նուագես»: Բայց իրականութեան մէջ ան ջութակ մըն է, տաւիղ մը: Դժբախտութիւնն այն է որ դիմացինը նուագել չի գիտեր, այդ նուագարանէն սէր ու մեղեդի դուրս բերել չի գիտեր: Այո´, Բանաստեղծ Գագիկ Կարապետեան ջութակ մըն է: Անոր բանաստեղծութիւններուն սովորական տողերուն մէջէն յանկարծ փայլատակում մը, բանաստեղծական ինքնատիպ պատկեր մը, ոճային պոռթկում մը դուրս կուգայ ու ասիկա արդէն կը բաւէ որպէսզի բանաստեղծութիւնը յանկարծ ոստում մը ընէ դէպի բարձր ոլորտ: Տես, կռունկները անցան, օրս դարձաւ անանուն:
Ա´յս է բանաստեղծին կեանքը: Եւ բանաստեղծը, որ բառ մըն էր, գլուխ գլխի պիտի մնայ իր ընդունուած կամ մերժուած սէրերուն հետ եւ այդ հոգեբանութեամբ է որ պիտի անցնի-երթայ իր «անանուն օրեր»ուն մէջէն:
Ռ. ՀԱՏՏԷՃԵԱՆ
Պօլիս, 2002 թ.
ԲՈՒԺԻՉ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
«Կը ճանչնա՞ս բժիշկ-բանաստեղծ Գագիկ Կարապետյանը, ան շա~տ հետաքրքրական եւ օգտակար մարդ է: Իր ծնունդով` կիւմրեցի է, բայց Երեւան կ’ապրի ու կ’աշխատի»,- բեյրության հանդիպումներից մեկի ժամանակ ասաց պոլսեցի մեծանուն գրող Ռոբեր Հատտէճեանը: Շնորհակալություն, որ պոլսեցին ինձ ծանոթացրեց գյումրեցի երեւանցու հետ… նախ կարդացի Գագիկի «Դժողք» գիրքը, որն ամբողջովին նվիրված է Գյումրիի դժոխային երկրաշարժին: Այդ պոեմը նոր երկրաշարժ առաջացրեց իմ հոգում` հույզերի` երկրաշարժ, բայց… ազնի´վ երկրաշարժ: Զարմանալի է Գագիկ Կարապետյանի «Դժոխքը»… դրախտ պոեզիա պարգեւեց ինձ: Հետագա օրերին լրագրերից մեկում կարդացի նրա Չինար տատին, որը երկրաշարժից հետո ամեն ինչի մասին խոսելիս հարց է տալիս. «Ժաժքից առա՞ջ էր, թե՞ ժաժքից հետո…»: Ես Գագիկին, անշուշտ, անձամբ հանդիպեցի ժաժքէն ետքը: Նա մի նիահար եւ զգայուն մարդ է` ճարտար ձեռքերով եւ մատներով, որոնցով ո´չ միայն նուրբ բանաստեղծություններ է գրում, այլեւ…մարդկանց է բուժում: Լինելով գիտնական` նա բուժման իր ուրույն եղանակներն ունի, որոնցով շատերն են վերադարձել…կյանք: Իհարկե` նախանձել կարելի է, որ նա շոշափելով գեղեցիկ կանանց` ավելի է գեղեցկացնում նրանց (ակադեմիկոս Ռ. Ղազարյանն ասաց. «Լավ չեմ տեսնում», «Բա կանանց ինչպե՞ս ես ճանաչում», – հարցրի: «Շոշափելով…», – պատասխանեց նա: Իսկ ղեկավարներից մեկին ասում են. «Այսինչ զորավարը կապված է այսինչ կնոջ հետ, ինչպե՞ս վարվենք», նա պատասխանում է. «Նախանձե´նք…»): Նախանձելի մարդ է Գագիկ Կարապետյանը, թեեւ սիրում է միայն իր կնոջը` հույն գեղեցկեւհի Կարինեին: Այնուհանդերձ, երբ իմ տիկինը գնաց մերսման, խանդով գրեցի. «Կինս մտել է բուժարան` «Մերսում», չգիտեմ ինչ է կատարվում ներսում…»: Իսկ թե ինչ է կատարում Գագիկը ներսում, դա չգիտեն դրսում: Իսկ ավելի լուրջ` Գագիկ Կարապետյանի հուզաշխարհը ուրիշ երանգներ ու պատկերներ է իր մեջ ամփոփում: Նրա սիրային բանաստեղծությունները թղթին են իջել պոետական անկեղծ զգացմունքների մղումներով: «Սեր եւ խռովք» փոքրիկ ժողովածուն` անշուշտ նրա վերջին տարիներին գրված բանաստեղծություններն են, որոնց հույզալեցուն բովանդակությունից զգում ենք, որ պոետը փայփայում է իր սիրեցյալ էակին եւ անկեղծությունը մարմնավորում է նաեւ այն մարդու մեջ, որը կարող է անկեղծ լինել իր սիրելի էակի նկատմամբ: Անկաշառ մտքերն ու զգացմունքները դարձել են բանաստեղծական ջերմաշուք տողեր, որոնց հյուսվածքում տեսանելի են դառնում պոետի անաղարտ տողերի եւ հույզերի դաշտը: Նրա երեւակայական աշխարհը պարզ է, մաքուր եւ առինքնող: Այնուհանդերձ` լավատես է. «Ամենամեծ ձնագունդն էլ կհալվի շուտ եւ կսկսվի գարնանամուտ…»: Այո, սիրելի Ռոբեր, Գյումրիում շատ կան որբեր, բայց եւ բանաստեղծներ էլ կան առողջաբեր… Հենց բանաստեղծ Գագիկ Կարապետյանին էլ նվիրել եմ այս բանաստեղծությունը.
***
Ողնաշարը ջարդված ազգի` մեծ փրկիչ է Գագիկը,
Գոտկատեղից ներքեւ խփված ազգի խիղճ է Գագիկը,
Մեր վիզը ծուռ ժողովրդի վիզն է ուղղում իր ձեռքով,
Ծնկի եկած ազգի համար` ամեն ինչ է Գագիկը:
Դժոխք տեսած գյումրեցի է` ցավեր ունի իր ներսում,
Բայց շատերի ցավն է հանում կատարելով նուրբ մերսում:
Գիտնական է, բանաստեղծ է հումորով է միշտ խոսում,
Մեր ջղային դարի համար բուժող լի´ճ է Գագիկը…
Վերջերս ասացի. «Բժիշկ Գագիկ, թեւերս ցավում են»: Սրամիտ գյումրեցին պատասխանեց. «Առաջին անգամ եմ լսում, որ ոզնին թեւեր ունենա…» Չգիտեմ` ոզնին թեւեր ունի, թե ոչ, բայց բժիշկ Գագիկ Կարապետյանը կրկնակի թեւեր ունի` ստեղծագործելու եւ հրաշքներ գործելու… Վկա եւ այս գիրքը, սիրելի Ռոբե´ր, մեր հայ Ֆլոբեր…
Սիրով` ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ (Հայաստանի Գլխավոր Ոզնի) 15 Փետրվարի 2002թ. Երեւան
***
Ես մի բառ եմ, բառի մեջ եմ ինձ տեսնում,
Սեր ու կարոտ տանջանքի են ինձ մատնում,
Տանջվում եմ օր ու գիշեր անհատնում,
Անկեղծ սիրո անաղարտը չեմ գտնում…
***
Անձրևից հետո, անձրևից հետո
Օրը դառնում է նուրբ ու թափանցիկ,
Երկինքը` մաքո՜ւր, ծիածանագույն,
Լեռները` հրաշք, դաշտը` գեղեցիկ:
Հիմա հեռու ես, դու իմ հրեշտակ,
Հեռու ես անչափ, անհասանելի,
Ուզում եմ գրկել անձրևից հետո.
Դու իմ միակն ես, հույսս ցանկալի…
Տխրագին երգդ ուզում եմ լսել,
Օ~, տխուրաչյա, չքնաղ իմ էակ,
Հոգիս տենչում է սիրով համբուրել
Անձրևից հետո, ծիածանի տակ…
***
Անձրևից հետո, անձրևից հետո
Օրը դառնում է նուրբ ու թափանցիկ,
Երկինքը` մաքո՜ւր, ծիածանագույն,
Լեռները` հրաշք, դաշտը` գեղեցիկ:
Հիմա հեռու ես, դու իմ հրեշտակ,
Հեռու ես անչափ, անհասանելի,
Ուզում եմ գրկել անձրևից հետո.
Դու իմ միակն ես, հույսս ցանկալի…
Տխրագին երգդ ուզում եմ լսել,
Օ~, տխուրաչյա, չքնաղ իմ էակ,
Հոգիս տենչում է սիրով համբուրել
Անձրևից հետո, ծիածանի տակ…
***
Մաշվեց տարին:
Ձյուն ձմեռը ալեխառն ծերունու պես
Նստեց անձայն հեռուներին:
Եվ անորոշ մի նենգություն
Ծնկեց սրտիս,
Ու սարսուռաց ժամանակը ցավերիս հետ-
Եվ մի խաբկանք աներևույթ
Խառնեց հոգուս ձմեռնահոտ:
Կյանքը ասես գլորվում է
Ու դառնում է մի ձնագունդ,
Որը մի օր պիտի հալվի
Ու հասցնի` սիրո անուշ Գարնանամուտ…
***
Իմ հոգու լույսը մարում է հանդարտ-
Դու ուշանում ես
Հույսը իմ հոգու աշնանանում է,
Իսկ դու չես գալիս… դու ուշանում ես…
Օրերս անձայն իլիկի նման
Թախիծն իմ սրտի մանում են անտես
Ու բարակում է թելը իմ կյանքի-
Դու ուշանում ես…
Դու ուշանում ես.
Իմ մէջ վառվում են երկու հեգ մոմեր,
Իմ հույսն են այրում մոմերն այդ աղոտ,
Իսկ դու… իմ անգին,
Դու ուշանում ես:
Զգում եմ, տեսնում
Քո անուրջների ճամփան անհասցե-
Քեզ ուր է տանում,
Գուցե քեզ համար ինչ-որ լուսավոր
Հույսե´ր գտնելու…
Դու ուշանում ես…
***
Հուշն ես իմ կյանքի`
Ալեկոծումը,
Բույնն ես իմ հոգու`
Արարչացումը…
Իմ հույսի դուռն ես,
Խնկածաղիկը,
Իմ գարնան շունչն ես`
Վարդավառիկը,
Դու ես ցանկալիս,
Լուսածաղիկը:
***
Երբ լուռ այցի է գալիս
Տխրությունը ողբաձայն,
Կարծես աշխարհն է լալիս
Իմ հոգու հետ մեն-միայն:
Ես իմ մեջ չեմ թաքնվում
Հույսն եմ դառնում ամենքի,
Լույսի հետ եմ ես գնում
Հեռվում մի նոր հարսանքի:
Ես ձեր հետ եմ ամեն օր,
Շիտակ հոգով` մարմնի,
Անկեղծությունս մոլոր
Մի օր ձեզ հետ թև կառնի:
Կանք անխաթար մեր հոգով`
Հաստատումով մեր մեղքի…
Մեր երգերի մղումով-
Կլսենք նոր մեղեդի:
***
Մխիթարեցեք ինձ` կորցրածիս-
Իմ այս տարիքում,
Իմ այս տարիքում սեր կորցնելը,
Ցավ է անդարման` անմոռանալի…
Օրս է լուսանում, գնում մայրամուտ,
Կիզվում եմ իմ մեջ
Եվ գտնում եմ ինձ,
Եվ դառնում նորից
Այնպես անճարակ ու անմխիթար…
Զղջումի պահին ափսոսանքն ուրիշ
Երանգ է դառնում,
Մեռնում է հոգիս,
Սերս չեմ գտնում կորուստներիս մէջ`
Կյանքս է ավարտվում…
Իմ թաց աչքերը նրան չեն տեսնում-
Ինչ խոհեմություն-
Ես կա´մ, թե չկա´մ,
Իմ ով լինելը ո´վ է հասկանում,
Անզոր վիճակս ձեզ ինչպես պարզեմ
Հուզմունքներով լի,
Եթե կարող եք իմ հոգին այսօր
Մխիթարեցե’ք,
Մխիթարեցե’ք,
Մխիթարեցեք ինձ` կորցրածիս-
Իմ այս տարիքում…
***
Ինձ դարձրել ես հլու հանզանդ,
Անվերծանելի սպասման հիվանդ…
Ե´րբ պիտի զանգես,
Որ տառապանքս հույսեր վաստակի,
Տանջանքս ապրի լուռ,համբերատար,
Օրերս հանգիստ չփոխվեն լացի-
Սպասեն անքուն քո մի կարճ զանգին…
Կարծես թե անտես եկար ու անցար
Եվ այնքան մաքուր,և այնքան անբիծ,
Գիշերներն իմ դարձրիր խավար,
Որ միշտ փշրվեմ ես քո կարոտից:
Ինձ դարձրել ես հլու հանզանդ,
Անվերծանելի սպասման հիվանդ…
***
Ցավը լցվել է իմ շուրջը նորից
Ու չի հեռանում,
Չեն երջանկանում պահերը անձայն,
Ու գիշերները ասուպ չեն ծնում…
Անցնում են անտես պահերը կյանքիս-
Մարում է լույսը լուռ ճամփաներիս,
Ցավից գինովցած գնում եմ մենակ
Թախիծս եմ թափում մայթերին ծեծված:
Գիշերն աննկատ, գիշերը տխուր
Անցնում է, գնում,
Իմ կոպերի տակ երազս է քնում
Վիհում անհատակ` խոհերս մեռած…
Նորից կարբեմ և այս առավոտ,
Նորից կխեղդեմ ցավերս տանջող,
Ցավերս ցավոտ,
Կըմպեմ բաժակը հոգուս դառնության
Ապավինելով երազիս հարբած:
Գիշերն աննկատ, գիշերը տխուր,
Անցնում է , գնում,
Ցավը լցվել է իմ շուրջը նորից
Ու չի հեռանում…
***
Քո գրկում ես այնքան մնացի,
Վերացած հույզերով իմ կյանքի
Եվ խաղով թուլությամբ կանացի
Ինձ տարա… մի տխուր տանջանքի:
Ու´ր գնալ, ու´մ սիրել չգիտեմ,
Էլ չկա ուրիշը… մոռանամ,
Հիմա քեզ ես ինչպես աղաչեմ,
Որ ապրեմ իմ սերը իսկական:
Քո գրկում ես այնքան մնացի,
Ինձ տարա… մի տխուր տանջանքի:
***
Այն շուշանները, որ նվիրեցիր.
Բույրից արբեցի,
Նրանց մեջ այնքան
Կարոտի հուր կար, որ արտասվեցի:
Կար երջանկության մի պահ հիրավի,
Ոչ բույր էր, ոչ ցող,
Ոչ էլ լույսի շող,
Եվ ոչ էլ ոսկի` ում էլ որ տրվի,
Ամեն օր լույսի խինդով կծնվի…
Ես չեմ աղոթում միայն ինձ համար-
Ապերջանիկս`
Թշվառ է, անճար-
Իսկ շուշաններդ կյանք են ինձ համար…
***
Մի ջերմ շոյանք ես թողնում իմ հոգում
Հեռանալուդ պես,
Աչքերիդ մաքուր թախիծն ես թողնում
Իմ հոգում անճար
Հեռանալուդ պես…
Ախ, քո աչքերի պատճառով այսօր
Անքուն մնացին աչքերս տխուր,
Ու գիշերն ի բուն
Հեռանալուդ պես
Քո կարոտն է ինձ
Կեղեքում անվերջ
Ու կրկին, իմ սեր,
Շուրթերիդ համն ու
Հևքը մարմնիդ
Մնում են իմ մեջ-
Հեռանալուդ պես…
***
Կիսավեր ես դարձրել հոգիս-
Եվ մտքերիդ նեղ կաղապարից
Ջարդոտվում է էությունս…
Աչքերիս մեջ հեռուներն են
Լուռ ծավալվում մտքերիս հետ-
Ու փորձում են ինձ զերծ պահել
Նեղսրտության կապանքներից:
Սակայն, ավա~ղ,
Քո խոսքերը կապարակերտ
Ծանր են նստել սրտիս վրա…
Կիսավեր է դարձել հոգիս:
ԶՐՈՒՅՑ ԾԱՂԿԻ ՀԵՏ
1
Զարմանալի է,թե ինչ ծաղիկ ես,
Մի քիչ գունատ ես,լույսի պես լուսնի,
Բուրմունք էլ ունես ու ծամեր սաթի,
Ամպուշաղ արև ունես կրծքիդ տակ:
Թիթեռի թևեր` բազմերանգ գունեղ,
Ունես երգեցիկ ձայն զարմանալի,
Հովիկի նման լեռներից իջնող:
Երբ շոյում է քեզ մեղմօրոր քամին,
Դու խռովում ես, փակում թերթերդ,
Հետո լինում է` ուրախ ժպտում ես,
Դառնում ես հրաշք,սեր իմ կաթոգին:
Գիշերը գալուց դու երկչոտում ես
Մութի թևերից,
Գգվում ես թփին ու լուռ քնում ես
Գիշերամութին…
2
Այնպես դու նուրբ ես, այնպես անթերի…
Քո ճոխ հմայքը այնպես դյութիչ է
- Ախ,երանի թե քեզ պես խոսեի
Բյուր աստղերի հետ,
Լուսնի շողի տակ քեզ հետ գիշերեի,
Իսկ առավոտյան շաղիկի նման վրադ փարվեի…
3
Բնությունն է, որ երգեր է հյուսել վառ, հրաշալի,
Եվ նաև աշուն…
-Աշնան ամպիկից մի արցունք ընկավ առէջիդ վրա,
Ցավից տնքացիր ու լուռ հանգչեցիր մայր հողի վրա…
***
Խենթանալու չափ
Կարոտը իմ մեջ այնպես չի ծնվում,
Ապրեցնում է ինձ,
Սրտիս զարկերի համաչափությամբ,
Երբ հիշում եմ ձեզ,
Իմ հարազատներ,
Ես իմ կարոտի թևերով առնում
Փայփայում եմ ձեզ
Եվ իմ կարոտով ձեզ եմ գուրգուրում,
Եվ գտնում նաև չարն ու բարին
Ինչպես են ծնվում,
Ապրում մարդու մեջ…
Երբ նժարում եմ,
Բարու նժարը թեթև է լինում,
Չարի նժարը ծանրանում անվերջ,
Նժար-նժարի իրար չեն գտնում,
Եվ ես զգում եմ` կյանքը ցնորք է
Խաբուսիկ, ստերջ…
Կարոտը երբեք չի սպիանում,
Մեր գոյության մեջ ապրեցնում է մեզ,
Իր հետ տանում է աշխարհը սիրո,
Որ մենք չդառնանք երբեք վշտակեզ…
***
Աշնանային այս Ճանճերը աներես
Տանջում են ինձ, տզտզում են ու պարում,
Մերթ` հանց հարբած` հայտնվում են առերես,
Մերթ` հոգեհան իրենց խաղն են ծավալում:
Մերթ իմ քունը հեռացնում են ինձանից,
Մերթ լռում են, մերթ գնում են, մերթ գալիս,
Ինչպե՞ս փրկվեմ այս խայտառակ ճանճերից,
Որ աշխարհին ոչ մի օգուտ չեն տալիս…
Աշուն… հոգնած անձրևում է, մշուշվում,
Ես չգիտեմ, ո՞վ է հոգնել այս կյանքից`
Ճանճե՞րը, ե՞ս, թե՞ տերևներն անանուն
– Տերևները լուռ թափվում են ծառերից:
***
Քո թևերի օղում քո բուրմունքով լողում,
Հուշերի թևերով ինձ տանում ես հեռուն,
Քո գգվանքով ցրում ես մառախուղն իմ հոգու,
Սև թախիծն իմ սրտից դու վանում ես հեռու…
Քո թևերի օղում ինձ տանջում ես, չարչարում,
Այնպես անշարժ, անտարբեր ես իմ երգն եմ երգում,
Անվերադարձ հուշերս նորից սիրտս են բորբոքում…
Քո աչքերը սևասաթ արցունքներով են լցվում.
Վարդաթերթի ցողի պես արցունքներդ են սահում,
Գլորվում են և թափվում մորմոքներիս առուն…
Քո թևերի օղում քո բույրով եմ ես դաղվում,
Եվ մոլեգին են դառնում կրակները իմ հոգու,
Սրտիս լարերը սիրով դու իրար ես կապկպում
Եվ չես թողնում քեզանից հիմա գնամ ես հեռու…
Ախ, թող հանգիստ մնամ ես քո օղում շղթայված,
Մնամ սիրով ես անշարժ, քո մեխով մեխված:
Օ՜, թող քիչ մնամ կրակիդ օղում…
Քո մատների հյուսքը քանդում ես հանկարծ
Արևից վառված մատներդ, ինչպես մոմեր,
Շոյում են մարմինս ինչպես գարնան հովեր…
***
Քո շուրթերից են հոսում շշուկներդ շնկշնկան,
Շշուկներդ ամոթխած մաքուր են ու մանկական,
Հույզ ու թախիծ են լցնեւմ, սիրտս` կրակ ու կարոտ,
Քո հմայքն է ինձ գամում, ինձ դարձնում վարանոտ:
Քո մարմինը նրբագեղ, քո մարմինը մետաքսե
Հմայքներ են ինձ տալիս և երազներ` ջինջ, լուսե,
Երազներիդ թևերին քո հույսն եմ ես վառման,
Խենթացնում ես ամեն օր, սեր իմ, թախիծ աննման:
ՏԱՏԻՍ ՉԻՆԱՐԻՆ
– Ժաժքից առա՞ջ էր, թե չիդեմ հետո,
- Մի բան պատմելիս, ասում էր տատս,
Ու մենք խորամանակ իրար նայելով,
Ծիծաղում էինք.
-Չէ, տատ, լավ հիշի,
Ժաժքից առա՞ջ էր, թե՞ ժաժքից հետո:
Ու տատս հետո լուռ մտորում էր,
Հիշում էր ավեր գյումրվա տունը,
Նրա համար էլ իր բաժին բախտը,
Բաժանել էր կյանքը, երկու հատվածի
Դեպքերից առաջ ու դեպքից հետո:
Ու հիմա էլ մենք, երբ մեծացել ենք,
Նստում, ելնում ենք և թե ծիծաղում,
Մեր երեխեքին մի բան պատմելիս Լուռ մտորում ենք.
- Ժաժքից առա՞ջ էր, թե՞ ժաժքից հետո…
***
Ես բացում եմ դուռը
Ու տագնապից սրտի
Խենթանում եմ, կարծես,
- Մի՞թե դու ես, հոգիս,
Իմ հրեշտակ անհաս,
Ի՞նչ ես կանգնել անշարժ,
Ներս համեցեք, խնդրեմ, Ի՞նչ կղմես. սուրճ, թեյ…
Ի՞նչ կամենաս, ասա՛…
Դու ժպտում ես հանգիստ.
-Ես եկել եմ այնպես… Տեսնեմ, ո՞նց ես ապրում…
- Ես ապրում եմ այնպես,
Ես թելեր եմ մանում`
Տարբեր գույնի թելեր,
Ու հյուսում եմ հին երգ,
Մի պարզ հեքիաթ լուսե…
Զայրանում ես իմ դեմ.
-Ես գնում եմ արդեն,
Մնացել ես նույնը,
Ոչ մի բան չի փոխվել
Հոգնել եմ ես քեզանից,
Դու` անճարակ, անզոր,
Հեռանում եմ ընդմիշտ,
Իսկ դու հեքիաթ հյուսիր,
Անվերջ, մանիր թելեր…
***
Աշնան քամու պաղ շշուկին եմ խառնում
Ես եմ երգը ջերմ սուլոցով սրտագին,
Իմ սերն արդյոք ինձ չի լսում` երազում
Երգս սիրով նվիրում եմ աշխարհին:
Մութն իջնում է… ու գիշերը անհոգի
- Թափառում է փողոցներով գլխիկոր.
Հոգնած սրտիս չկա մեկը ամոքի
Քեզ եմ փնտրում իմ սեր հիմա ես մոլոր:
Փնտրում եմ քեզ ու չեմ գտնում` հիրավի,
Ինձ լքել են իմ խոհերը այս անգամ,
Դրսում ձյուն է, սառնությունը չի հալվի
- Ինձ տանջում են երազները իմ տարտամ:
***
Արևը մարեց…
Եզներս հոգնած տանում են քարշ-քարշ,
Իմ հոգին անեղծ
Եվ այս աշխարհի թախիծը հանգած…
Արևը մարեց…
Ու իմ հոգնած կոպերիս տակով
Եզներս անդուլ տանում են հանդարտ
Հոգուս ծանրացած
Աշխարհի սուտը,
Կեղծիք-խարանը` իմ սրտին դաջված…
Մոլորվել նորից, փակվել են արդեն
Բյուր ճամփաները,
Նույն ճամփաները վիհեր են դարձել
Այսօր իմ առաջ
- Իսկ ես թևաթափ զուր որոնում եմ
Մի մաքուր հոգի, որ պաշտեմ նրան,
Իմ մեղմ քնարով և սիրով անբիծ…
Արևը մարեց…
Ու իմ եզներս տանում են հոգնած
Այս չար աշխարհի թախիծը հանգած:
***
Անհնար է դարձել այսօր սպասելը
– Ես ուր գնամ,ուր հեռանամ,
Մենակության գրկում քնեմ,քեզ մոռանամ
– Ախր, ինչպէ՞ս քեզ մոռանամ
– Երբ կարոտս ինձ է ճնշում
Անգթորեն…
Ես առանց քեզ ինչպե՞ս ապրեմ,
Իմ ցանկալի, իմ կապուտաչ,
Իմ բաղձալի հույզի Աստված,
Տագնապահար ես ձայնում եմ
Քեզ վախորած,
Ու կանգնում եմ մենակությամբ`
Մենակության դռան առաջ.
Անկարող եմ դառնում հանկարծ
Դուռդ թակել,
Ու վարակել սիրով անվարձ,
Այն ամենը ինչ ուզում է սիրտս ասել
Ասեմ այնպես,
Որ չերկնչես միանգամից,
Միանգամից ասեմ միայն
- Սիրում եմ քեզ,
Անմարելի իմ արշալույս…
***
Լույսը երկնեց…
Ու ես տեսա,
Քո ժպտացող աչքերը ջինջ,
Ու երկնային լույսից հանկարծ
Մի առեղծված դյութեց հոգիս…
Լույսը երկնեց
- Եվ ես տեսա քո աչքերը,
Շուրթերդ թաց, ճակատդ թաց,
Քո ձեռքերը ու վարսերդ լուռ ալիքված:
Կարկամելով մոտեցա քեզ.
Դու խոսեցիր այնպես խոնարհ
Ու շփոթված…
Եվ ես տեսա քո աչքերը
Ժպտուն ու թաց,
Եվ զգացի միանգամից,
Որ սիրում ես, սիրում ես ինձ,
Առանձնակի խոհեմությամբ,
Իսկ ես միայն խաբում եմ ինձ
Ու համոզում,
Որ չեմ կարող քեզ չսիրել`
Քո աչքերը ծովակապույտ,
Քո մատները` ջինջ կերոններ,
Ու քո հոգին…
Հիմա արդեն ես կարող եմ Խոստովանել.
Քեզ սիրում եմ, կախարդուհիս,
Քեզ սիրում եմ սիրագորով
Իմ սիրավառ գաղտնիքն ես Հին…
***
Քո լռության մեղեդին,
Քո լռության շունչը տաք
Հույս են տալիս իմ սրտին`
Երազներով կապուտակ…
Շոյանքները ձեռքերիդ
Խինդ են բերում լուռ հոգուս,
Ես կմնամ միշտ գերիդ…
Դու իմ կյանքի արշալույս:
Ես ապրում եմ քո սիրով,
Քեզնից ինչպե՞ս հեռանամ,
Այս գարնան հետ իմ երգով
Սեր ու արև քեզ կտամ…
***
Քո սևասաթ աչքերին մաքուր
Արցունք եմ տեսնում ու տխրում,
Սիրտս սրտիդ հետ տանջվելով
Անսովոր մի կյանք ենք ապրում:
Քո ժպտուն աչքերով շողշողուն
Խաղում ես սրտիս հետ, ծիծաղում,
Խոսքերդ մաշում են իմ հոգին,
Անվերջ տանջում են, հրկիզում:
Իմ ներսում նուրբ ու թափանցիկ
Անհուն ջրվեժներ են թափվում,
Փխրուն իմ հոգու տաճարում
Ավեր ու տանջանք են սարքում…
Քո թուխ աչքերը շողում են,
Շոյում են իմ հոգին թախծոտ,
Ալեկոծ սիրտս լցնում են
Վարարած շողերով անշփոթ…
***
Ցաք ու ցրիվ ձյունն իջնում է
- Մազերն են ճերմակում,
Կյանքը կարծես համրանում է`
Երազներս է հավաքում…
Օրս այնպես ծանրանում է
- Մերկ ճյուղերին ծառերի,
Սառնությունը մարմնանում է
- Ճերմակում է լեռներին…
Սիրտս են շոյում փաթիլները,
Շշուկները բնական,
Նրանց հույզն ու թրթիռները
Հոգուս երգն են աննման…
***
Լուռ ծնկում եմ քո առաջ,
Իմ սերն եմ քեզ հայտնում,
Տես, կռունկները անցան,
Օրս դարձավ անանուն…
Հարցական ես ինձ նայում
Քո մտքերի հարավից,
Լուռ հոգիս է այրվում
Տաք աչքերիդ նայվածքից:
Միտքս տանում ես հեռուն
Անմեկնելի սեր — երազ,
Փափագում եմ քեզ թաքուն,
Բավ է հոգուս հետ խաղաս:
Իմ կարոտի լույս կանթեղ
Գիշերներում աստղավառ,
Իմ հոգու մեջ դու անմեղ
Արեգակ ես միշտ պայծառ:
***
Տխրությունը պաշարում է իմ հոգին,
Ես մենակ եմ, կորցրել եմ իմ ճամփան,
Հույս ու սիրո առավոտն իմ ցնծագին,
Երբ պիտի գա ապրի հոգիս անվարան…
Չկա մեկը, որ իմ հոգին սփոփի,
Ուժ տա, ժպիտ, ուրախության այգաբաց
Երազներս սիրով նորից ամփոփի,
Որ ես տեսնեմ հեռուները երազած…
Սերը միայն գրքերում եմ կարդացել,
Մայր, քո սրտից տուր իչնձ մի քիչ քնքշություն,
Դու ես միայն սեր ու հավատ մնացել,
Այս անհավատ և այս անսեր աշխարհում…
ԶՐՈՒՅՑ
Շուտ անցավ օրը,
Մայրամուտ դարձավ,
Մի կյանքի տերև
Մեր ծառից ընկավ.
-Ի՞նչ ծերանում ենք…
Թռավ վայրկյանը,
Շուրթերիդ վրա քարացավ բառը,
Աչքերիդ խորքում` անհատակ հեռուն.
-Ի՞նչ, եղավ, Լավս
Միտքդ ու՞ր տարավ:
Մի ակնթարթում կարկամեց դեմքդ,
Փոխվե~ց, մռայլվեց…
Նոթերդ կիտել, աչքերդ փակել.
-Ի՞նչ եղավ, Լավս,
Քեզանից հեռացել, ու՞մ ես երազում:
Շուտ անցավ տարին,
Ձյունը ուզում է
Նստել ուռենու ծոփքերի վրա,
Լացում է ծամդ,ու կաթիլ-կաթիլ
Մեզնից հեռանում մեր շողն ու շաղը .
-Ի՞նչ, ծերանում ենք…
Շուտ անցավ բարին,
Որերորդ անգամ ծաղկեց ծիրանին,
Որերորդ անգամ շուրթերս առավ շուրթերիդ համը,
Որերորդ անգամ բար տվեց ծառը,
Եվ մենք զգացինք բույրն ու համը…
-Ի՞նչ, հեռանու՞մ ենք երկրային կյանքից…
Ու քամին պարեց…
Աշնան տերևներ հազար մի գույնի,
Պտույտով տարավ, ցրեց ամենուր.
Մեկ շոշափումով , ձայնով, մոլեգին,
Մեկ ափսոսանքով, լացով ցավագին,
Մեկ բարձրացնելով, մեկ իջեցնելով,
Հեղեղի նման քշու~մ է տանում…
Հազար ու հազար սիրով անթեղված.
Մեր կյանքից խլած,
Մեր կյանքն են տանում
Ակնթարթները…
Շուտ անցավ դարը
-Լսո՞ւմ ես, Լավս…
ՔԵԶ
Այսօր այնպես անհանգիստ
Իմ մտքերով անխաթար
Երազում եմ քեզ տեսնել
Անմեղորեն, սիրավառ․․․
Գայթակղիչ կուրծքդ բաց,
Շորորում ես մեղմորոր,
Հոգիս լցնում հույզ ու լաց,
Ինձ դարձնում ես մոլոր․․․
Քո շուրթերը տարփատենչ,
Ա՜Խ, այնպես եմ ես սիրում,
Ինչ ել անես դու անվերջ,
Նազանքներովդ եմ ապրում։
Ինձ քո ժպիտն է հուզում,
Ուրիշ ոչինչ չեմ ուզում․․․
***
Քանի՞ տարի, չես հասկանում
Ու չես նույնիսկ զանազանում
Չարն ու բարին,
Եվ չես գտնում նորից հաստատ
Լավն ու վատը․․․
Քանի՞ տարի դու իմ կողքին,
Քանի տարի մի ամայի տարածություն
Հորինեցիր,
Հորինեցիր
Մի կեղեքող հիողություն,
Որից մեր մեջ մնաց միայն
Կսկիծ ու ցավ անմարելի․․․
Եվ դատարկվեց կյանքը կարծես,
Երբ ասացիր՝
Քեզ եմ սիրում, ոչ ուրիշին։
Բայց դե ավաղ,
Ես արդ գիտեմ, որ դավում ես
Եվ ինձ, և քեզ
Ամեն քայլիդ քո մտքերով,
Քո հայացքով
Եվ էությամբ սուտ ու պատիր։
Այդպիսին ես՝ Լուռ դավում ես
Եվ ինձ,
Եվ քեզ։
***
Անընդհատ քեզ հանդիպելիս
Ավելի եմ սիրում քեզ,
Մտերմիկ ես բարև տալիս,
Քո էությամբ նազելի, հեզ։
Եթե այսպես շարունակվի,
Արշալույսս՝ քեզնով բացվի,
Օրս հոգնած մայրամուտվի
Մենք էլ երբեք չենք բաժանվի։
Իմ վայրենի սիրուց հանկարծ,
Եթե մի օր դու ձանձրանաս,
Քեզ չեմ թողնի ես շվարած,
Կհեռանամ քեզնից առաջ։
Ես զգում եմ, որ դու ինձնից
Հեռանալու պահն ես փնտրում,
Մոռանում ես, որ ես նորից
Էլ կյանք չունեմ ու փարատում։
Ես զգում եմ՝ անգթորեն
Սիրուս գիրքն ես արագ թերթում,
Մոռանում ես անփութորեն՝
Վերջին էջն ես արդեն փակում…
ԿՆՈՋՍ ԿԱՐԻՆԵԻՆ
Դու հույսի դուռ արշալույսված,
Դալար ծաղիկ եդեմական,
Կանաչ դաշտում լույսից ծնված,
Բույրդ անուշ ու դուրեկան։
Դու մինուճար իմ միակ սեր,
Հարսնեծաղիկ կապույտ նեկտար,
Լցրիր հոգիս հույս ու կրակ,
Մութ օրերս թևերիդ առ…
ՄԱՔՈՒՐ ԱՊՐԻՐ
Երբ ձանձրանաս դու ինձանից,
Քեզ խնդրում եմ տեղյակ պահիր,
Քեզ կազատեմ իմ ցավերից
– Ում ուզում ես՝ դու փայփայիր…
Թող մշուշը ինձ պարուրի,
Թող քո օրը ծաղկի մաքուր,
Ուրիշի հետ դու թափառիր,
Ես քեզ հեռվից կանվանեմ… քույր։
Քո խոսքերը ծանր են ու խորթ,
Թող խավարը ինձ պաշարի,
Ես կգտնեմ մի լույսի շող.
Դու քո սիրով մաքուր ապրիր։
***
Ես լավ գիտեմ քեզ,
Գիտեմ ով ես դու,
Գիտեմ՝ կարող ես խաղալ շատ դերեր,
Գիտեմ՝ կարող ես խաղալ սիրուս հետ,
Գիտեմ՝ կարող ես մնալ աներեր…
Այն սրճարանն եմ հիշում ես հիմա,
Երբ բաժակդ էինք միասին նայում,
Աչքերիդ խորքում տեսա ես սիրո
Նշաններ թաքուն,
Որոնք իմ հոգին հմայում էին,
Ինձ վերև տանում…
Վերծանում էինք դատարկ բաժակի,
Պատկերները չոր
Եվ բացում, փակում
Մեր սիրու մաքուր դռները բոլոր,
Չէի ազատվում կապանքներից քո,
Գաղտնիքներից մութ։
Սիրտս տանջում էր
Անողոք մի սուտ…
Եվ մանկան նման կրկնում էինք
Մեր սխալները այնպես անընդհատ,
Իսկ մեր մտքերը չէին հաշտվում,
Եվ նայում իրար՝ ժպտում հուսահատ…
***
Ուրիշ ելք չունեմ դիմակայելու,
Ուրիշ ելք չունեմ,
Սիրտս է ցավում…
Արդեն ատում եմ շուրջս վխտացող
Այն մարդուկներին՝
Ազգի անունից բարբաջողներին,
Իմ ազգի այն բութ,
Տգետ ու անբան մարդասպաններին…
Սիրում եմ հիմա
Ժայռերում ապրող թունոտ օձերին,
Ձյունապատ, մաքուր
Լեռներին վերձիգ,
Ու փոթորկածին ծովերը անծիր,
Ու հեռուները վայրի կապտածիր…
Ուրիշ ելք չունեմ,
Ատում եմ հիմա ինձ շրջապատող
Խաժամուժներին.․․
27 հոկտեմբեր, 1999թ.
***
Դու գնացիր անվերադարձ,
Չնայեցիր, թե ինչ եղավ
Քեզնից հետո, իսկ ես… նորից
Փշրվեցի հուզմունքներիս
Քուրայի մեջ,
Դաժանորեն, արհամարհված…
Ես հասկացա, որ ել չկա
Սեր ու Աստված ու ջերմություն,
Պատահական հանդիպման մեջ,
Այսօր, իրոք, չեմ հավատում,
Ինչ ել լինի, հավատ չկա…
Կար ամենը այն ժամանակ,
Երբ անձրևի ու արևի ջերմությանը՝
Հովանոցիդ ստվերի տակ
Գրկում էինք, իրար խառնվում, լուռ վայելում
Քեզ շատ ծանոթ ու հարազատ
Երաժշտությունը.
– Իմ սիրունիկ ու իմ երազ,
Քնքշություն.․․
Իմ անուշիկ ու իմ միակ ջինջ տրտմություն․․․
Եվ անընդհատ նույն սխալն ենք մենք կրկնում՝
Անփորձ ու խենթ պատանու պես
Սիրահարվում։
Սակայն հետո ի՞նչ ստացվեց…
Կարողացար դու հեռանալ
Առանց սիրո…
Ու գնացիր
– ուրիշ ճամփով Անվերադարձ.․․
ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Մեր բաժանումից տարի է անցել․
Իսկ կարոտն արդեն կսկիծ է դարձել
Թալանում է ինձ…
Մենության գրկում ուռին է թեքվել առվակի վրա,
Ու քամու հևքից վերջին տերևն է լալիս աշխարհին,
Առվակն էլ քեզնից հոգնել է կարծես
Վաղուց մոռացված մի երգ է երգում։
Վիհեր են դարձել բոլոր ճամփեքը
Սրտիս դռները գոցվել են ամուր,
Զղջումդ, ավա՜ղ, արդարացում չէ,
Կուրծքդ մի ծեծիր, ողբդ՝ մեղմացրու…
Էլ ո՞նց կփոխես անցյալը դու քո,
Ժամանակը լուռ հոսել է արդեն,
Տե՛ս, երկրագունդը ետ չի պտտվում,
Արևն երեսը թեքել է կարծես,
Ծանր, շատ ծանր է գնում մայրամուտ։
Եվ մեր բաժանման տարին բոլորեց,
Մեղքերիդ վրա իջել է փոշի,
Էլ մի մրմնջա մեղանչման աղոթք
Մոմերիդ լույսը սիրտդ կմաշի:
Մեր բաժանման տարին բոլորեց
Առանց աղոթքի,առանց մոմերի,
Իսկ պատարագի ելևէջն անբիծ
Հնչում է արդեն առանց մեր ձայնի:
Թող միանձնանամ, ձուլվեմ երազիս,
Ճանապարհների ջինջ երանգներին,
Լալիս է հիմա կորուստդ հոգիս
Աստծուց տրված իրիկնամուտին:
***
Կապույտ երկնի լազուրից
Իջավ լույսը մեր սիրո,
Ծիածանվող երկնքից
Իջավ արծիվ… անձնազոհ։
Սուրաց, իջավ թևաբաց,
Կարմրափետուր թևերով…
Քեզ գրկեցի կարկամած
Իմ ջերմաշուք արևով։
Իրար եկանք շփոթված
Անհոգաբար՝ անմոռաց
– Այնքան մաքուր այնքան ջերմ
Քեզ գրկեցի ամոթխած…
Ցուրտը դողաց, տաքացավ,
Աներևույթ՝ ակնբախտ,
Ես տանջվեցի քո սիրուց
Եվ իմ բախտից տարաբախտ։
***
Ձմեռն եկավ…
Մռայլ ամպ է ամենուր,
Ես չեմ գտնում հոգուս համար
Խանձարուր.․․
Չկան հիմա ձնծաղիկները գարնան,
Նրանք սեր են, կարոտներս են
Կուսական։
Հույզերս են հալվում կամաց, անմեկին,
Էլ չեմ սիրում կարծես թե ես
Ոչ մեկին։
Չեմ աղոթում, չեմ հավատում
Առաջվա պես մի սրբի,
Էլ չեմ գրկում քնքուշ մեկեն,
Առաջվա պես էլ ոչ մեկին։
Իմ աշխարհը հիմա ուրիշ, շատ է ուրիշ,
Ուրիշ ծաղիկ ես չեմ գտնում ինձ համար,
Կյանքս կարծես այսօր դարձել է խավար,
Ես ապրել եմ ուզում՝ սիրով անհամար։
Այսուհետև երջանկություն թե լինի,
Ապերջանիկ ու թշվառ եմ զգալու
Եվ շող ու ցող թեկուզ չամփեքիս իջնի
Քեզ համար եմ աղոթելու և լալու…
***
Քամին այնպես թափահարեց
Ծառը մենիկ Ու հեղեղը տերևների,
Ու շրշյունը տերևների,
Անհույս լացը տերևների,
Հեղեղի պես
Լցվե՜ց, լցվե՜ց իմ հոգու մեջ
Ցավի նման անասելի։
***
Այնքան խե՜ղճ ես ու անզո՜ր ես, թանկագին,
Ինչպես՝ գերված այն թռչնակը վանդակի,
Եթե հանկարծ՝ քեզ ազատեմ վանդակից,
Էլ չես կարող դու հեռանալ իմ գրկից…
***
Սիրտս բացվել է խոր վերքի նման,
Չկա դեղ, դարման,
Ա՜խ, գլուխդ դիր իմ վշտոտ կրծքին,
Դի՛ր, անհույս սրտիս, առանց արցունքի,
Զգա, ինչպես ենք անզոր ու անճար
Բնության ահեղ տարերքի առաջ։
/ 7 դեկտեմբեր 1988թ. /
ԵՐԱԶ
Անսահման սուտ է նորից օրն այսօր,
Ծանր մշուշ է իմ հոգուն պատել,
Վրաս երազի մրափն է իջել,
Անէացել եմ աշխարհից ունայն…
Անհուն երկնքի աստղացոլանքով
Իմ դին տանում են ամպերի միջով,
Երկու ծայրերից իմ դին պահում են,
Սպիտակ սյուներ – երկու եղբայրներ։
Երկու սյուները հանկարծ դառնում են
Ծաղկած ծիրանի։
Մեղմօրոր հովը ծաղկունքի բույրով
Համբառնում է վեր, իր հետ տանելով
Իմ ապրած ուղին՝ իմ էությունը։
Մշուշի միջից հաճախ փոխվում է
Շարժանկարը։
Իմ դին դառնում է օրորվող նավակ,
Հետո սավառնակ – մի բազմերանգ,
Հետո մանանա՝ հորդառատ թափվող,
Երկրին իջնող մի բուռ հողանձրև…
ՑՆՈՐՔ
Գիշեր է խաղաղ, բոլորն են քնած,
Դու նորից եկել թակում ես դուռս
Ու թախծոտ սրտիս հուրը բորբոքում…
Բարակ, լուսնկա շողերի միջով,
Առանց ոտնաձայն գաղտնի մոտենում
Ու քո մարմնի բույրն ես տարածում…
Քո նուրբ մատներով մազերս ես շոյում,
Վարսերիդ հեղեղը թափում ես վրաս,
Ու ես տարփանքից խեղդվում եմ, մարում։
Սեղմիր քո կրծքին ամուր, անդադար,
Մի թող հասկանամ՝ ի՞նչ է կատարվում,
Ինձ դուր են գալիս շրթերիդ դողը,
Բարակ իրանդ ու լույս կրծքերդ…
Տանջիր ինձ այնքան, մինչև որ մարի,
Մինչև հանդարտվի իմ սրտի հուրը։
Հեքիաթի գիշեր, գալիս ես նորից,
Ու միշտ նույն ժամին թակում ես դուռս,
Օ՜, սուրբ հրեշտակ, դու ցնորք բարի,
Գերում ես , հուզում, երբեք չես ասում.
- Անունդ ի՞նչ է, ինչի՞ց ես շաղված,
Ինչու՞ ես դու միշտ նույն ժամին գալիս,
Ինչու՞ չես մնում ու միշտ լքում ես,
Հենց այդ նույն ժամին լույսը բացվելուց,
Մութն հեռանալուց անէանում ես։
- Հուշերիս միջին թափվող անձրև ես,
Աշնան հովիկից թափվող տերև ես.
Դու ձուլվող ստվեր լուսնի խավարում,
Դու փոքրիկ ամպ ես թափառող անվերջ,
Գալիս ես՝ գերում, թողնում հեռանում…
Գիշեր է խռով, բոլորն են քնած,
Աշնան ցուրտ քամին ինչ է հեկեկում․
-Երբ ես դու գալու, երազ իմ մաքուր,
Դու՝ ձուլվող ստվեր, հրաշք իմ անհաս…
Ցնորքի գիշե՛ր, գալիս ես անձայն,
Քամու հետ հուշիկ բացում ես դուռս
Ու ներս ես մտնում թաթերիդ վրա,
Դու գողանում ես իմ սրտի հուրը,
Անհագ խմում ես իմ ծաղկանց թուրմը
Ու կախարդանքով տանում ես քեզ հետ
Իմ գոյությունը…
***
Ի՞նչ ես ակնարկում քո պաղ խոսքերով
Ինձ չես հասկանում՝ մերժիր, հեռանամ,
Հոգիս լցնում ես մերկ դառնությունով՝
Մենակ եմ, մենակ, թող որ հեռանամ։
Չե՛, ես ջութակ չեմ, որ ինձ նվագես
Քո նուրբ մատների ելևէջներով,
Բավ է ինձ նորից այնպես չարչարես
Ու սիրտս լցնես խոսուն ցավերով։
Ա՜խ, շատ եմ ուզում, որ լինես հրաշք
Առաջվա նման, Գրկեի սիրով, ասեի, – անգին
Դու իմ հոգին ես՝ լույս իմ թանկագին։
***
Մի ասուպ պոկվեց երկնային գահից
Վառ փայլատակեց ու խոցեց հոգիս,
Ու սիրտս անհուն մշուշով պատեց,
Անուրջներ իջան անքուն սնարիս…
Մեկը շշուկով կախարդում էր ինձ,
Եվ գուրգուրում եռ ինչպես մի հովիկ.
Համր ու հանդարտ մազերս եր շոյում
Մի հեզ գլխահակ հեզանուշ աղջիկ։
Ոսկե տեսիլներ անուրջի նման
Հուշերիս միջից լողացին հեռուն,
Քնքուշ ծաղկանց հետ ես գիշերեցի,
Ծաղկունքը գրկած դառնացած լացի…
ՔՈ ՏԱՃԱՐՆ ԵՍ ԱՎԵՐԵԼ
Սիրել.․․ ես քեզ չեմ սիրում,
Այրել.․․ ես քեզ չեմ այրում,
Պատահում է՝ քեզ ատում,
Հետո ուրիշ եմ դառնում։
Պատահում է՝ անկարող,,
Իմ սրտի հետ եմ խաղում…
Դու չես դառնա ինձ ներող
Հիմա հոգիս է պաղում…
Թե սիրում ես ուրիշի՝
Իմ անունը մի հիշիր։
Ինձ թողել ես ու վառել,
Քո տաճարն ես ավերել…
***
Ամեն օր մաս-մաս եմ լինում,
Ամեն օր փնտրում եմ ես ինձ,
Ամեն օր թախիծ եմ դառնում,
Բայց չես այցելում նորից…
Եթե չես գալիս ինձ տես,
Թույլ տուր՝ ե՛ս այցելեմ քեզ…
ՔԵԶ
Ես զգում եմ ու հասկանում,
Որ բացվում են լուռ անթեղված
Անբնական գաղտնիքներդ զարհուրելի…
Բայց իհարկե դու ազնիվ չես,
Եվ բնական քո կեցվածքը
Աշխատում ես այնպես կեղծել,
Որ հեռանաս ինքդ քեզնից…
Բայց քո դերն ես խաղում անձայն
Նախընտրելի․․․
Չեմ հասկանում, իմ սիրելի,
Վիճակը քո ի՞նչ է ուզում
Վերականգնել…
Հասկանում եմ՝ ինչ էլ անենք
– Էլ չենք կարող զանազանել,
Քամին՝ հովից, դավը՝ ցավից,
Էլ չենք կարող լավ հասկանալ,
Որ այնպիսի սեր ենք ապրում,
Մի այնպիսի ցավ ահռելի,
Որից հետո, ավաղ, երբեք
Առաջվա պես մեր ապրելը՝
Անհնար է…
Ես զգում եմ ու հասկանում,
Դու դարձել ես
Մեր մեծ սիրուն պարզապես մի՝
Սրբադավան.․․
***
Գնա՛, հեռացի՛ր, ասում եմ գնա՛,
Թող որ ես ինձ հետ մեն-մենակ մնամ,
Իմ ազատության տերը ես լինեմ
Ու թափառական…
Միայն և միայն քո հեկեկանքը
Թող ես չլսեմ,
Որ տրտմությունը իր մեջ ինձ չառնի
Եվ ինձ չտանի այն ճանապարհով,
Որի վերջն հաստատ
Ձանձրույթ է միայն
Ու ամայություն չափից ավելի…
Գնում ես, գնա,
Քո վերադարձը անխուսափելի,
Գիտեմ կլինի
Եվ կկեղեքի բզկտված հոգիս,
Զրկանք ու գգվանք թե հանկարծ լինեն,
Էլի մի սարսուռ մեր մեջ կմտնի
Անողոքաբար,
Մեզ կքրքրի այն լեռան լանջին,
Որտեղ միմյանց սեր շշնջացինք
Անաղարտորեն՝ միամտաբար…
***
Թե ասպետ եմ ես քեզ համար,
Ինչու ես դու արցունք թափում,
Միթե՞ ես քեզ չեմ նվաճել,
Երբ քո սիրով եմ միշտ արբում։
Երբ իմ կողքին՝ ինձ հետ քայլում
Զմայլում ես անմեղորեն…
Միթե՞ ծանր քար եմ դնում,
Ես քո հոգուն անգթորեն…
Քեզ եմ նայում արևի պես,
Եվ նվիրում սիրո վարդեր․
Մենավորիկ ինչպե՞ս ապրեմ,
Անօրինակ՝ տխուր օրեր…
Ես ուզում եմ այնպես սիրել,
Ինչպես որ կամ, այսուհետև,
Որ ոչ մի օր դու չամաչես…
Մեր սերն ապրի միշտ հարատև
Թե ուզում ես աստղեր բերեմ
Երկնքներից բիլ ու մաքուր,
Անկարող չեմ, քեզ ինչ ասեմ,
Իմ մեջ աստղ ես և անմար հուր։
Թե կարող ես անկարողիս․․․
Սիրել, սիրել, այնպես սիրել,
Թե սեր չկա․․․ մեղավորիս
Թող ու գնա…
Եվ մի շեղի մոլորվածիս։
***
Ինչ ուժ ունի գերբնական,
Որ չի տեսնում նա հեռուն,
Հզոր է թե հասարակ
Կյանքով խենթ է երերուն…
Տիգրան Մեծին է դավել,
Կեսարին ու Բայրոնին,
Նա ամենից առավել,
Ապավինում է չարին։
Կինն է դավում ամենքին
Կախարդանքով անթերի,
Գերեվարում հմայքին
Բարք ու կարգով աշխարհի…
***
Ախ, ինչու չեկավ այն օրը՝ մաքուր,
Կապույտ ու անբիծ,
Որ սրտիս համար դառնար խանձարուր
Եվ ինձ չտանջեր անգույն մի թախիծ։
Ինձ չհանդիպեց մեկը անաղարտ՝
Ծովի մաքրությամբ,
Երազներիս պես հպարտ ու անպարտ,
Որ հոգիս ապրեր նրա խնդությամբ։
Իմ երազների երամների հետ
Ապրեցի մենակ…
Եվ գտա կյանքում՛ այսօր, այսուհետ,
Ես պիտի ապրեմ իմ հոգու գույնով։