“ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՌՈՄԱՆՏԻԿԱ” ԿԱՄ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

ՀՀ քրեական նոր օրենսգրքից հանված է “արվամոլություն” հոդվածը: “Զինվորական ծառայության անցնելու մասին” ՀՀ օրենքը միասեռականներին ազատում է զորակոչից: Դեկտեմբերի 9-ին Հայաստանը միացել է ՄԱԿ-ի “Սեռական ուղղվածության և սեռական ինքնության հարցում մարդու իրավունքների պաշտպանության մասին” հայտարարությանը:

“Երկնագույն ռոմանտիկան” եթե նախկինում դատապարտվում էր, գաղտնի պահվում, այսօր փորձում է հաստատուն տեղ գրավել մեր իրականության մեջ: Ազատությունը և աստվածաշնչյան “սիրեցեք միմյանց” կոչը որոշ փոքրամասնություններ հարմարեցնում են իրենց պահանջներին և արդարացնում, անգամ պրոպագանդում իրենց “ազատ” սերը: Շատերի կարծիքով` միասեռամոլությունը հիվանդություն է, միթե հիվանդանալու համար մադկանց պետք է հատուկ իրավունքներ տալ, կամ որքանով է ճիշտ դրանց պրոպագանդումը: Ասում են նաև, որ միասեռամոլների կապն անհամեմատ ամուր է, ինչը կարելի է բացատրել ոչ թե սիրո ուժով, այլ նրանց փոքրամասնություն լինելու հանգամանքով:

Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով` միասեռամոլությունը օրգանական շեղում է, կապված հիմնականում գենետիկ կոդի հետ: “Օրինակ, շրջապատում տեսնում ենք տղամարդու վարքագիծ ունեցող աղջիկների, ինչը նաև հորմոնալ խանգարումների հետևանք է: Կան տղամարդիկ, որ կանացի շարժուձև ունեն, տղամարդկանց ներկայությունից շիկնում են, հակում ունեն կնոջ նմանվելու, ավելի շուտ` իրենք հենց այդպիսին են` կանացի,- ասում է ակադեմիկոսը:

Որոշ երկրներում անհամեմատ շատ է տարածված միասեռամոլությունը: Սա դժվար է կապել գենետիկ շեղման հետ, ավելի շատ պրոպագանդելու, հանրության “բարեհոգի” վերաբերմունքի արդյունք է:

“Շրջապատը, պայմանները նույնպես երբեմն կարող են դեր ունենալ: Օրինակ, հաճախ է խոսվում, որ բանտերում կան նման երևույթներ, բայց բանտից դուրս գալուց հետո այդ հակումները վերանում են, այսինքն, այդ վարքի շեղումը ժամանակավոր բնույթ է կրել: Կան մարդիկ էլ, որ թվացյալ ունեն ամեն ինչ` փող, հարստություն, իշխանություն, փառք: Իրենց կարող են թույլ տալ ամեն ինչ: Այդ պահանջմունքների մեջ մտնում են նաև մի քանի կին ունենալը, սեռական հարաբերությունների բազմազանությունը, ընդհուպ մինչև այլասերում, միասեռամոլություն և այլն”:

Ոչ ավանդական սեռական կողմնորոշումը չի կարելի համարել նոր ժամանակների հիվանդույթյուն:“Մ.թ.ա. 3-րդ դարում կառուցված հնդկական մի տաճարի պատերին պատկերված է սեռական հարաբերությունների մոտ 140 տեսակ, այդ թվում` նույնասեռ մարդկանց հարաբերություններ: Սա նշանակում է, որ միասեռամոլությունն ունի դարերի պատմություն և առկա է ոչ միայն մարդկանց մոտ, այլև կենդանական աշխարհում”:

Ի դեպ, այս երևույթը հաճախ է նկատվում նաև հայտնի մարդկանց, մեծանուն արվեստագետների մոտ: “Երբ սովորում էի Մոսկվայում, ասպիրանտուրայում (գորբոչովյան վերակառուցման տարիներն էին), մի ցուցահանդես բացվեց, ուսանողները, ասպիրանտները ներխուժեցին` տեսնելու ինչ կա այնտեղ: Ես շատ հետաքրքիր մի բան պարզեցի` անվանի գեղանկարիչների, քանդակագործների աշխատանքներում միասեռամոլությանը վերաբերող պատկերներ կային: Դժվարանում եմ ասել` հետաքրքրությամբ էր պայմանավորված, թե բնությունից եկած հոգեբանական տարբեր շեղումներով, համենայն դեպս, մեծերի մոտ եղել են որոշակի հետարքրություններ, որ մղել են նրանց այս երևույթները տեսնելու, պատկերացնելու, նկարելու: Սակայն գնահատել նրանց արվեստը չի նշանակում հետևել նրանց օրինակին: Ասենք, կա երեք խանութ, մեկում անպարկեշտ ապրանքներ են վաճառվում, եթե չես ուզում, պարզապես մի մտիր այդ խանութը: Կյանքն էլ է այդպես, բազմաթիվ օրինակներ կան, միշտ էլ լինելու են, սակայն ընտրությունը քոնն է”:

Ինչպես է բացատրում այս երևույթը չինական էներգետիկ բժշկությունը: “Մարդու օրգանիզմի աջակողմյան հատվածը մայրական կողմն է, ձախը` հայրական: Կոչվում են ին և յան: Այսինքն, հակառակ բևեռներ են` պլուս-մինուս, Էգ-որձ, տղամարդ-կին: Մարդու օրգանները նույնպես ենթարկվում են այս օրենքին: Մարդու այս երկու` ին և յան կողմերն անընդհատ պայքարի մեջ են, որպեսզի հավասարակշռեն էներգետիկ բալանսը: Օրինակ, երբ օրգանիզմի աճի ընթացքում խախտվում է ին և յան կողմերի բալանսը, մի կողմի մկանային կառուցվածքն ավելի ուժեղ է լինում մյուսի համեմատ, առաջանում են ողնաշարային սկոլիոզներ: Այսինքն, միասեռամոլությունը նույնպես նմանատիպ շեղում է, տղամարդու մոտ իգական էներգետիկ պաշարները հաղթում են արականին և հակառակը: Էներգետիկ բժշկության տեսանկյունից սա բացատրվում է որպես անոմալիա:  Օրգանիզմում տեղի են ունենում  դիսբալանս, հորմոնալ փոփոխություններ, ինչի արդյունքում առաջանում են այս և նման հակումները: Այսինքն, նախապայմաններ պետք է լինեն, որ մարդը համապատասխան վարք դրսևորի: Հոգեբանները նույնպես միասեռամոլների վարքի դրսևորումների մեջ անոմալիաներ են տեսնում: Ես, որպես բժիշկ, պոետ, որպես տղամարդ, կարծում եմ, որ Աստծո ստեղծած կինը մի մեծ հայտնագործություն է, հանճարեղ ստեղծագործություն: Կնոջը նմանակելով` տղամարդն աղավաղում է կնոջ կերպարը: Ինչ է կատարվում: Բնության մեջ որձը պետք է կռվի, պայքարի, , հաղթի և որսը բերի “տուն”: Մարդկանց դեպքում, նույնպես, ընտանիքը պահելու հիմնական բեռն ամուսնու ուսերին է: Իրեն կին պատկերացնելով` տվյալ տղամարդը թոթափում է այդ պատասխանատվության բեռն իր վրայից, պատկերացնում է իրեն կնոջ դերում, որ ինքը նուրբ է, կին է, պաշտպանության և խնամքի կարիք ունի, այսինքն, խեղված հոգեբանություն է: Թող չթվա, թե միասեռամոլությունը վերաբերում է միայն տղամարդկանց, թվային տվյալներ չկան մեր երկրում, բայց, այնուամենայնիվ, լեսբուհիների թիվը մեր երկրում ավելի քիչ չէ: Ուղղակի համեմատաբար խիստ բարքեր ունեցող երկրներում այս երևույթները հնարավորինս թաքցնում են”:

Մեր հասարակության վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ միօրինակ չէ: Որքան էլ նրանց իրավունքներն այսօր պաշտպանված են, զերծ չեն մնում հեգնական, ծաղրող, խուսափող վերաբերմունքից, երբեմն նաև` ծայրահեղ անհանդուրժող բռնկումներց: Ոմանց կարծիքով էլ` միասեռամոլները բավական լավ ընկերներ են: Ավելին` ժամանակակից, ինտելեկտուալ երևալու համար գոնե պետք է ըմբռնումով և մարդասիրաբար մոտենալ նրանց: “Այցելուներիցս մեկն ասում է, որ իր վարսահարդարը միասեռամոլ է և այնքան լավ ընկեր է, հաճելի զրուցակից: Դե իհարկե, նա իր նմանակին է տեսնում կնոջ մեջ, և հեշտ է լինում շբվելը: Բայց ոչ բոլոր կանայք այդպիսի վարսահարդարի մոտ կայցելեն կամ կշբվեն նման մարդու հետ”:

Գագիկ Կարապետյանն ասպիրանտուրայում սովորելու տարիներին մշակել է ֆուտբոլային համակարգ տարբեր տարիքի և սեռի երեխաների համար: Հոդվածը քննարկել և մերժել է գիտական խորհուրդը (երկու ամիս հետո տպագրվել է Գերմանիայում): “Ինձ հարցնում էին` եթե աղջիկ ունենայիք, թույլ կտայիք, որ նա զբաղվեր ֆուտբոլով: Իհարկե, ես թույլ չէի տա, բայց կան աղջիկներ, որ միևնույն է, ընտրում են այդ սպորտաձևը (և ոչ միայն ֆուտբոլ), դրա համար գիտականորեն հիմնավորված դրույթներ պետք է մշակվեն: Եվ իսկապես, երկու տարի անց ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան ընդունեց կանանց ֆուտբոլը”:

Գագիկ Կարապետյանը շուրջ 3000 ռադիո-հեռուստատեսային հաղորդումների, հարյուրից ավելի գիտական հոդվածների, մի շարք գիտական հոդվածների, մի շարք գեղարվեստական գրքերի հեղինակ է, որոնց հիմքում առղջ ապրելակերպի կանոնների պահպանումն է: Պետք է որպես գիտնական հաշտ նայի նման երևույթներին, բայց դժվարանում է: Դեմ է, որ մեր ազգի մեջ տարածվի, եկեղեցու կողմից ընդունվի միասեռամոլությունը: Նրա կարծիքով` այս խնդիրն ինչ-որ տեղ կարելի է հաղթահարել հասարակական լավ բարքեր ստեղծելու ճանապարհով:

Եվ ի վեջո, եթե կա ցանկություն, հնարավոր է ազատվել այս ախտից?

“Մարդիկ կամային հատկություններ են դրսևորում և կարողանում են ազատվել նարկոմանիայից, ծխելու, խմելու սովորությունից: Այս դեպքւոմ էլ կարող է կամքի ուժ ունենալ, սպորտով զբաղվել, այլ հետաքրքրություններ գտնել, գրքեր կարդալ , փոխել ապրելակերպը… Թեև վարքագծային, հոգեբանական այս և նման լուրջ շեղումները բուժելու համար չկան կոնկրետ դեղատոմսեր, բուժման որոշակի մեթոդներ: Որքան էլ զարգանում են գիտությունը, տեխնիկան, միևնույն է, խնդիրներ կան, որ այդպես էլ մնում են չլուծված: Հոգեբանները կարող են զրույցներ անցկացնել, կան մասնագետներ, որ կարող են փոխել օրգանները, տղամարդուն դարձնել կին և հակառակը, բայց հիվանդագին հակումները փոխել չի հաջողվում: Համաշխարհային բժշկագիտության մեջ սա մեծ պրոբլեմ է: Հոգեբանները, ֆիզիոլոգները, մարդաբանները հանգել են մեկը մյուսին չհամապատասխանող, իրարամերժ եզրակացությունների: Բայց պետք չէ հաշտ նայել այս ամենին և թույլ տալ, որ ախտածին երևույթները տարածվեն: Կրկեսից մինչև նախկին բանվորի արձանի շրջակայքը բետոնե միջնորմներ կառուցեցին, ճանապարհը բաժանեցին երկու մասի, նախկինում ով ինչպես ուզում, խախտում էր երթևեկությունը, իսկ այժմ ստիպեցին, որ մարդիկ, ուզեն թե չուզեն, պաշտպանեն ճանապարհատրանսպորտային կարգուկանոնը:

Հասարակությանը ճիշտ ճանապարհով ուղղորդելու գործում կարևոր է գիտնականների, մշակութային գործիչների, իրավաբանների, լրատվական միջոցների դերը:

Չի կարելի գնդակահարել, անպատվել, կտտանքի ենթարկել սեռական փոքրամասնություններին: Բայց անհրաժեշտ է  հասարակության մեջ ցույց տալ լավը, արժեքավորը, ուշադիր լինել երեխաների դաստիարակության նկատմամբ, երկիրը տանել ճիշտ կառավարմամբ, քարոզել առողջ և գեղեցիկ ապրելակերպ”:

Նյութը պատրաստեց 
Ա. Սարգսյանը
“Իրավունքը de facto”,  թիվ 78 (138), 9.10-12.10.2009թ.