Ողնաշարը և երկարակեցության գաղտնիքը

Բազմաթիվ ժողովրդական ասացվածքներ ողնաշարի վիճակը կապում են մարդու բնավորության, էության հետ: Օրինակ, քարացած, ոչ ճկուն ողնաշար և քարացած մտածելակերպ, ընկճված, հուսալքված մարդ – ողնաշարը, մեջքը կոտրել և այլն: Որքանով է իրականանում մեր բնավորությունը` կախված մեր ողնաշարի վիճակից: Մենք որոշեցինք այդ հարցը տալ լավագույն մասնագետներից մեկին` ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գագիկ Կարապետյանին: Մեր թղթակիցն այցելեց բժիշկ Կարապետյանին` իր աշխատավայրում, որտեղ և տեղի ունեցավ շատ հետաքրքիր և բովանդակալից հարցազրույց: Առաջին իսկ վայրկյաններից տիրեց խաղաղության, ջերմության և վստահության մթնոլորտ: Չէ որ, բացի այն բանից, որ Գագիկ Կարապետյանը փայլուն մասնագետ է իր աշխատանքում, նա նաև բազմակողմանի զարգացած մտավորական է, ում գրչին են պատկանում շուրջ 100 գիտական աշխատություններ, մի քանի գեղարվեստական գրքեր` այդ թվում “Դժոխք” պոեմը` նվիրված 1988թ. դեկտեմբերի 7-ի արհավիրքին, և մոտ  3000 ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ:
Թղթ. Բժիշկ Կարապետյան, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք` հայերս, շատ հազվադեպ ենք հետևում առողջ ապրելակերպի կանոններին, և ցավոք, այդպես էլ սովորեցնում ենք մեր երեխաներին: Դեռ մանուկ հասակում շատերի մոտ առաջանում են կեցվածքի շեղումներ: Արդյոք դա կարող է դառնալ հիվանդությունների առաջացման պատճառ:
Գ.Կ. Դատեք ինքներդ: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ կեցվածքի շեղում ունեցող մարդկանց 90% չի կարողանում ճիշտ շնչել: Այն գույքը (սեղան, աթոռ, մահճակալ և այլն), որից օգտվում են մեր երեխաները, չի համապատասխանում միջազգային էրգոմետրիկ չափանիշներին, ինչն էլ առաջացնում է հենաշարժողական ապարատի այս կամ այն տեսակի շեղումներ` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Թղթ. Մեզանում ընդունված չէ անգամ մի քանի րոպե տրամադրել ամենօրյա նախավարժանքին: Գուցե պատճառներից մեկն էլ դպրոցներում ֆիզկուլտուրայի բացարձակ անտեսումն է:
Գ.Կ. Անշուշտ, դա շատ մեծ բացթողում է: Այս ամենը պահանջում է լուրջ պետական մոտեցում, հոգածություն ոչ միայն դպրոցական, այլև ցանկացած տարիքի մարդկանց առողջության մասին: Այսօր, միանշանակ, խոսքը գնում է հայ գենոֆոնդի պահպանման մասին: Ցավոք, իրականությունը փաստում է, որ մարմնավարժությունը, առողջության պահպանումը գտնվում են վտանգավոր, ցածր մակարդակի վրա: Մեր համաքաղաքացիների 85,7%  ճիշտ չի քայլում, ունի հենաշարժողական ապարատի այս կամ այն տեսակի շեղում, որոնցից էլ հետագայում առաջանում են ողնաշարային հիվանդություններ: Ես ուզում եմ, որ բոլորը հիշեն, որ մարդու տարիքն այնքան է, որքան իր ողնաշարի տարիքը:
Թղթ. Հիմա շատ է գործածվում “ապրել բնության հետ ներդաշնակ” արտահայտությունը: Ինչպիսին է Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ:
Գ.Կ. Անկասկած, մենք անբաժանելի ենք տիեզերքից, մեր օրգանիզմում տեղի ունեցող բոլոր էներգետիկ պրոցեսներն ու որակական փոփոխությունները մեզ շրջապատող բնության էներգետիկ վիճակի փոփոխության ճիշտ կրկնօրինակն են: Էներգիան օրգանիզմում շարժվում է որոշակի ուղղությամբ, և այդ շրջանառության խախտումն առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը:
Մարդու մարմնի էներգիայի շարժման ուղղությունը համընկնում է բնության մեջ էներգիայի շարժման ուղղության հետ, և դա առավել արտահայտված է զգացվում գարնանը կամ աշնանը:
Այսօր խիստ անհրաժեշտ է ունենալ համապատասխան ֆիզիկական և հոգևոր պատրաստվածություն` բնության կամակորություններին, կլիմայի անսպասելի փոփոխություններին դիմադրելու համար:
Առողջությունը և գեղեցկությունը ձեռք են բերվում ամենօրյա ինքնուրույն, ջանադիր աշխատանքի արդյունքում, անկախ նրանից` առողջ եք, թե հիվանդ: Այդ աշխատանքը նախատեսում է.

  • ամենօրյա մարմնավարժություն,
  • հնարավորին շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում,
  • էկոլոգիապես մաքուր, հեշտ յուրացվող, օրգանիզմից հեշտ արտազատվող սննդի ընդունում,
  • օրական 2,5-3 լ ջրի ընդունում:

Երկար նստելը (օրինակ` համակարգչի առջև) ձևափոխում է ողնաշարի բնական կորությունները, ծանրաբեռնվածություն առաջացնելով մեջքի մկանների և ջլերի վրա:
Իմ անձնական խորհուրդն է` կես ժամը մեկ վեր կենալ և 5-10 րոպե քայլել կամ ձգվել: Դա կպակասեցնի լարվածությունը և կլավացնի ինքնազգացողությունը:
Թղթ. Ինչ կարծիքի եք հայ կանանց ընդհանուր առողջական վիճակի մասին:
Գ.Կ. Հաշվի առնելով մեր կյանքում ստեղծված սոցիալ-տնտեսական, հոգեբանական դժվար իրավիճակը, որը պատճառ է հանդիսանում բազմաթիվ հիվանդությունների աճին, իհարկե, մեր կանանց առողջական վիճակը հեռու է բավարար լինելուց: Բերեմ մի փաստ` 30 տարեկանից հետո կականց 80- 90%-ը տառապում է ողնաշարային հիվանդություններով, նյարդային համակարգի խանգարումներով:
Բացի վերը նշվածից, իմ կարծիքով, պատճառներից մեկն էլ տղամարդկանց անտարբերությունն է և կնոջ ընկալումը զուտ որպես աշխատող ուժի:
Թղթ. Ինձ ծանոթ են դեպքեր, երբ տղամարդկանց խանդը, ինչու չէ` նաև եսասիրությունը երբեմն թույլ չեն տալիս կանանց դիմել տղամարդ բժշկի:
Գ.Կ. Կին հիվանդների մեծ մասն ինձ բռնավորներ են հիշեցնում: Կան տղամարդիկ, ովքեր իրենց կնոջն ուղեկցորդով են ուղարկում բժշկի մոտ, իբր թե խանդում են: Եվրոպայի տարբեր երկրներում կանանց մոտ անցկացված անհասցե սոցիալական հետազոտություններով պարզվել է, որ “արդյոք ունեցել եք մեկից ավելի տղամարդ” հարցին կանանց 87,5% դրական է պատասխանել: Իսկ տղամարդկանց տրված այն հարցին, թե` “ձեր կինը ձեզ դավաճանում է”, 96, 7%-ը պատասխանել է ոչ: Տեսնում եք, տղամարդն իր հաշվարկների մեջ պարզունակ է: Նա երևույթները տեսնում է այնպես, ինչպես ուզում է, և համոզվեցիք, որ սխալվում է: Այնպես որ, եթե կինը մտքին դնի, եթե մտադրություն ունենա որևէ բան անելու, անպայման կանի, և տղամարդն այդ մասին ոչինչ չի իմանա:
Առողջությունը և գեղեցկությունը խանութից չես գնի, այն քեզանից պահանջվող ամենօրյա տքնաջան աշխատանք է: Սիրելի կանայք, մի ծուլացեք, հետևեք ձեր մարմնի խնամքին, գտեք առողջ ապրելակերպի ճանապարհը, դիմեք բուժման բնական միջոցների (մանուալ թերապիա, բուժական մերսում, ասեղնաբուժություն, բուսաբուժություն, ֆիզիկական և շնչառական վարժություններ), որոնք տալիս են աներևակայելի արդյունք: Եթե մարդն ինքն է հետևում իր առողջությանը, ապա ոչ մի բժիշկ չի  կարող նրանից ավելի լավ իմանալ, թե ինչն է օգտակար իր առողջությանը: Հետևեք ձեր մարմնին, եթե ցանկանում եք, որ ձեր ուղեղը ճիշտ աշխատի: Մարմնամարզությունը, ցնցուղը, լողը, դիետան կօգնեն պահպանել առողջությունը և կնոջը դարձնել առավել գեղեցիկ և առողջ:
Հ.Գ. – Բժիշկ Գագիկ Կարապետյանը համաձայնվեց լինել մեր ամսագռի խորհրդատու մասնագետը: Ուստի ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել խմբագրությանը և ստանալ սպառիչ պատասհաններ:

“Սիրելի կանանց” ամսագիր, անվճար հավելված № 2