Հանդիպում

“Պատմվածքը նվիրում եմ մորաքրոջս տղայի` Արշակ Ակիմյանի հիշատակին”

Ցուրտ տան դուռն անհանգիստ ու տագնապով թակեցին: Իտալական օգնության հաստ քուրք և սպորտային գլխարկ հագս բացեցի դուռը: Դռան մոտ կանգնած էր դալուկ, չսափրված մի տղա հիսունն անց մի կնոջ հետ: Նրանք ուշադրությամբ զննեցին ինձ: Տիկնոջ հայացքն ինձ ծանոթ թվաց, աչքերն ինչ-որ տխուր բաներ հիշեցրին…

-Համեցեք,- ասացի և ներս թողեցի: Կինը, ներս մտնելով, տղայի ականջին ասաց` նա է:
-Ձեր դեմքն ինձ ծանոթ է: Չգիտեմ, երևի ես ձեզ բուժել եմ:
-Այո´,- ասաց կինը,- այն էլ ինչպես, ավելի ճիշտ` փրկել եք:
Հազար դեպքեր հիշեցի, բայց, չկողմնորոշվելով, հայացքով ու ձեռքի ժեստով փորձեցի պարզել:
-Հիշո՞ւմ եք Լենինականի ծննդատունը,- ասաց տղան` ձգտելով ճշտել ու պարզել խճճված կծիկը,- ձեր եղբայրն է ցույց տվել ձեր տան ճանապարհը:
Նկատեցի, որ կինը նրբորեն թաքցնում է ձեռքը. այն դաստակից մի քիչ վերև չկար: Հիշեցի, հասկացա ու կարկամեցի…
-Թույլ տուր գրկեմ քեզ,- ասաց կինը, գրկեց ու աղիողորմ լացեց,- ես վերջապես քեզ գտա, հազար անգամ երազներումս տեսել ու խոսել եմ հետդ, աղոթել քեզ համար…
Լուռ կանգնած, շանթահարված և շփոթված, նայում եմ, թե ինչպես մի քանի ակնթարթում իմ տանը հայտնվեցին այս անծանոթ և ծանոթ մարդիկ` գցելով ինձ այս տարօրինակ իրավիճակի մեջ:
Հիշեցի… Հիշողություններն ինձ տեղափոխեցին ավերված Գյումրի-Լենինականի ծննդատուն, որը դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից հիմնահատակ փլվել էր` խորտակելով հազարավոր մարդկանց հույսեր ու երազանքներ: Փլատակների տակ ես սողանցքով վեր հրելով բարձրացնում էի արյունաշաղախ մորաքրոջս: Փլատակների անկյուններից մեկում ծանր տնքոց լսեցի, ձեռքիս լուսարձակն ուղղեցի ձայնի կողմը: Մի կին թախանձագին օգնություն հայցեց:
-Ես կվերադառնամ, մայրիկ, սպասիր ինձ,- ասացի և ուղղվեցի դեպի փրկության լույսը:
-Ինչ ունեմ, քե´զ կտամ, տղա´ս,- բացականչեց կրի ու ցեխի մեջ շաղախված կինը:
Դրսում ընկերս խնդրեց չվերադառնալ փլատակի խորքը. «Ցնցում կա,- ասաց,- կմտնես, դուրս չես գա, փլատակն անընդհատ նստում, իջնում է»:
-Խոսք եմ տվել,- ասացի,- չեմ կարող,- ու նետվեցի սողանքից ներս, գոռալով ու կանչելով, ակնկալելով պատասխան` տարածության մեջ կողմնորոշվելու համար: Շարժվում էի բերանքսիվայր` հույսով, որ մի լայն տեղի կհանդիպեմ պտտվելու և վերադառնալու համար:
-Էստե՜ղ եմ, ախպե՜ր ջան, ինձ հանի՜ էստեղից:
Մոտենալով նրան` խնդրեցի բռնել ինձանից:
-Չեմ կարող, ձեռքս…- ասաց:
Լուսարձակով լուսավորեցի և տեսնեմ ինչ` ձեռքը, մատներով, մի հսկա պանելի տակ, կապտած և ուռած: Ի՞նչ անել… Կողմնորոշվեցի: Ծալովի դանակը հանեցի գրպանիցս, անսասան մոտեցա, ձեռք տվեցի կապտուկին. պինդ զանգվածով լցված պարկի նման էր: «Զգո՞ւմ ես»,- հարցրի: «Ո´չ»,- պատասխանեց` հայացքը թեքելով դեպի անորոշություն: Հեշտությամբ, տորթի նման կտրեցի ձեռքը, դաստակից քիչ ներքև, փաթաթեցի ձեռքիս տակ ընկած շորի առաջին պատահած կտորով ու դուրս բերեցի դժոխքից: Դրսում ֆրանսիացի վիրաբույժներն արդեն հմտորեն անում էին իրենց գործը: Ես հանգիստ շունչ քաշեցի: Անծանոթ կնոջ կյանքը փրկված էր, թեկուզև այդ սարսափելի, բայց միակ ելքով…
Մտքիս շարժանկարն ավարտվեց: Ես սթափվեցի: Դիմացս կանգնած կինը` Աղունը, և տղան` Համիկը, հրավիրում էին ինձ խաշի, նշելու մեր հանդիպումը: Խմում էին կենացս, գովաբանում իմ սխրանքը, հերոսացնում և էլի շատ ու շատ «անհամատեղելի» գովեստի խոսքերի արժանացնում նվաստիս: Իսկ ես լուռ նստած, մեղավորի պես ժպտալով, մտածում եմ, որ այս կնոջը ես դարձրի հաշմանդամ` զրկելով ձեռքից…