Մեթոդիկա

  Ոչ ավանդական բժշկության գլխավոր ճյուղերից մեկը բուժականմերսումն է: Մերսման այս ձևը յուրաքանչյուր հիվանդության և անհատի համար պահանջում է տարբերակված մոտեցում: Բուժման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել մարմնի տարբեր հատվածների մերսման հաջորդականությունը, մերսման հնարքների հաջորդականությունը, կատարման տեխնիկան և չափավորումը` ռիթմը, տակտը, մկանի վրա գործադրվող ճնշման մեծությունը, օգտագործվող քսուքները և այլն:

Մերսումը կատարվում է նաև փայտյա հատուկ գործիքներով, ասեղնային գլաններով, թրթռող հնարք կատարող գործիքներով, մագնիսական դաշտ առաջացնող սարքավորումներով: Բուժման նպատակով օգտագործվում են նաև 5 տարբեր մետաղներով պատրաստված ապլիկատորներ (Լյապկո), ուլտրամանուշակագույն ճառագայթներ:

Բուժման ընթացքում կիրառվում է կետային (ակուպրեսուրային) մերսում: Կենսաբանական ակտիվ կետերը հիմնականում մերսվում են մատների թմբիկներով, երբեմն կարևոր կետի վրա ազդում ենք արծաթյա ասեղներով (ակուպունկտուրա), օշինդրի այրող գլանակներով կամ կոնով: Հիմնական աշխատանքն ուղղորդվում է 12 զույգ և 2 կենտ (առաջնային և հետին) մերիդիանային շարքերի ուղղությամբ: Դա է պատճառը, որ հիվանդի բուժման համար անհրաժեշտ նվազագույն տևողությունը 12 սեանս է, այսինքն` 4 շաբաթ:
   Օստեոխոնդրոզի և ռադիկուլիտների համար օգտակար է չինական բանկաների տեղադրումը մարմնի վրա, որոնք օրգանիզմի վրա ունենում են վակուումային, ակուպրեսուրային և մագնիսական ազդեցություն: Ռեֆլեկտոր կենտրոնների վրա ազդելով` բանկաները մաշկի վրա թողնում են գունավոր հետքեր, որոնք հիվանդի վիճակի մասին տալիս են որոշակի տեղեկություններ: Օրինակ, եթե հետքը սև և մուգ մանուշակագույն է, ապա դա նշանակում է, որ հիվանդն ունի արյան շրջանառության խանգարում և ոչ նորմալ հոսք, բշտիկների առկայությունը նշանակում է սրտի խոնավություն և հակագենային թույների առկայություն օրգանիզմում, մուգ կարմիրը խոլեստերինի մակարդակի բարձր լինելու վկայությունն է արյան մեջ և այլն:
Բուժման ժամանակ կիրառվում է կոմբինացված մերսում` մեկ աղջիկ – մեկ տղա կամ երկու աղջիկ – երկու տղա սկզբունքով, այսինքն` մեկ այցելուին մերսում է 4 կամ 8 ձեռք` կեսը ին, կեսը յան: Էներգետիկ բժշկության տեսանկյունից վերջինս շատ առողջարար է և հարմոնիկ (կոմբինացիոն մերսումից մշտապես օգտվել է եգիպտական Կլեոպատրա թագուհին մ.թ.ա. առաջին դարում. սեանսներն ընթացել են տարբեր տեսակի բուսական և հոտավետ յուղերով):

Մերսման ընթացքում սառեցման ճանապարհով ստացված բուրումնավետ յուղերով այցելուի հետ անցկացվում է արոմաթերապիա: Օգտագործվող յուղերի ընտրությունը կապված է հիվանդի խնդիրների հետ. օրինակ, քրոնիկ գլխացավի դեպքում օգտագործվում է կիտրոնի յուղ, մրսածության դեպքում` ռոզմարին, ցավազրկման դեպքում` անանուխ, նյարդային լարվածության դեպքում` եղեսպակ, տղամարդու պոտենցիայի թուլացման դեպքում` իլանգ-իլանգ, վախի, սթրեսի, դեպրեսիայի դեպքում` հասմիկ և այլն:

Բուժման ամբողջ ժամանակահատվածում հիվանդն օրական 2-3 անգամ խմում է բույսերից պատրաստված ջրաթուրմը: Բուսական հավաքներն ընտրվում են այցելուի հիվանդությանը համապատասխան և ունեն իմունային համակարգն ամրապնդող և բուժիչ հատկություն:

   Բուժման ընթացքում օգտագործվում է բրնձաբուժություն, որը նպաստում է օրգանիզմը թափոններից (շլակներից) մաքրելուն և մեծ քանակությամբ աղերի դուրս բերելուն:

Շարժումների սահմանափակումը (հիպոդինամիան) կանխելու համար այցելուներին սովորեցնում ենք ֆիզիկական և շնչառական վարժություններ և պարտավորեցնում կատարելու մշտապես:

Մերսման սեանսների ընթացքում, երբ հիվանդի մկաններն ու կապանները պատրաստ են ավելի խոր գործողությունների, մենք կատարում ենք մանուալ հնարքներ:

   Մանուալ թերապիան (“manus” լատիներեն նշանակում է ձեռք) ձեռքով կատարվող հնարքների ամբողջությունն է, որն ուղղված է ողնաշարում, հոդերում և մկաններում առաջացած պաթոլոգիական փոփոխությունների վերացմանը: Այն առավել արժեքավոր է այն պատճառով, որ հնարավորություն է տալիս լուծելու բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք անբուժելի են դեղորայքային մեթոդներով:

   Մանուալ թերապիայի միջոցով բուժվում են մեջքացավը, միջողնային ճողվածքը, ողնաշարային օստեոխոնդրոզը, ռադիկուլիտները, կեցվածքի տարբեր շեղումները, գլխացավերը, գլխապտույտները, ցավերը կրծքի շրջանում, սկոլիոզը և հարթաթաթությունը:

Մանուալ թերապիան ներկայումս օստեոխոնդրոզի բուժման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:

   Օստեոխոնդրոզը հոդային կռճիկների (աճառների) և ենթակա ոսկրերի դեգեներատիվ դիստրոֆիկ խախտման հիվանդություն է: Այսպիսի փոփոխություն կարող է տեղի ունենալ օրգանիզմի ցանկացած հատվածում, որտեղ ոսկրերը միանում են աճառներին: Օստեոխոնդրոզն առաջանում է նաև ողնաշարի միջողնային սկավառակներում, որոնք ողները պահում են հաստատուն դիրքով և կատարում կենսաբանական ամորտիզատորի դեր: Սկավառակը կազմված է խիտ, ամուր ֆիբրոզային օղից, որի կենտրոնում գտնվում է գնդային միջուկը` կորիզը, և նրանում պարունակվող թանձր հեղուկը: Սկավառակներն աշխատում են անընդհատ ճնշման տակ: Օրինակ, գիշերային քնից հետո մարդու հասակը երկարում է 2-4 սանտիմետրով, որն ուղղահայաց դիրքով, օրվա ընթացքում, աստիճանաբար գալիս է իր ելման դրությանը: Սկավառակներն այս ճնշումը կոորդինացնում են իրենց կորիզների և հարակից էլաստիկ կապանների շնորհիվ: Յուրաքանչյուր ճնշում, որը գործադրվում է կորիզի վրա, փոխանցվում է տարբեր կողմերին և ճնշում ֆիբրոզային օղի պատերին, որն էլ իր հերթին հավասարակշռում է ճնշումը` պահպանելով միջողնային կապանները և մեջքի մկանների տոնուսը: Այս ուժերի հավասարակշռության խախտման պրոցեսը հանգեցնում է օստեոխոնդրոզի առաջացմանը: Երբ հավասարակշռությունը խախտվում է, վնասվում է ֆիբրոզային օղը և նույնիսկ պատռվում, որի հետևանքով թանձր հեղուկը դուրս է հոսում, իսկ կորիզը դուրս է պրծնում պատռված տեղից` առաջացնելով միջողնային սկավառակիճողվածք: Այս և մի շարք այլ երևույթների հետևանքով առաջանում է նյարդի արմատների սեղմում, որից նյարդը վնասվում է և բորբոքվում` առաջացնելովռադիկուլիտ: Ամենատարածվածըգոտկասրբանային ռադիկուլիտն է, քանի որ մարմնի վերին ամբողջ հատվածի ծանրությունն ընկնում է հենց գոտկային ողների վրա, մանավանդ կտրուկ շարժումներ կատարելիս և բեռներ բարձրացնելիս: Գոտկասրբանային ռադիկուլիտը միայն մեջքի ցավ չէ, այլ օրգանիզմի բողոքն է «տիրոջ» դեմ: Այն ստիպում է փոխել ապրելակերպը և դադարեցնել հոգեֆիզիկական գործունեության այն ծավալը, որը վեր է օրգանիզմի հնարավորություններից: Գոտկասրբանային ռադիկուլիտը երբեմն համարում են վարորդների հիվանդություն, ոչ թե որ նրանք ամբողջ օրը նստած վիճակում են, այլ որ չեն կարողանում ժամանակին դատարկել միզապարկը: Գոտկասրբանային ռադիկուլիտը շարասյուն է` կապված ցիստիտի գնացքին: Այն օրգանիզմի իմունային համակարգի անկումն է:

   Մենք բուժում ենք ողնաշարային այնպիսի բարդ հիվանդություններ, ինչպիսիք ենսկոլիոզը, կիֆոզը և լորդոզը, որոնց բուժման ընթացքը և մեթոդիկայի ընտրությունը կախված են ողնաշարային ծռումների աստիճանից, վաղեմությունից և հիվանդության բարդությունից:

   Սկոլիոզը ողնաշարի S-աձև կամ C-աձև ծռումն է ճակատային հարթությամբ, որի դեպքում առաջանում է ողների ոլորում (տորսիո)ողնաշարի ուղղաձիգ առանցքի շուրջ: Սկոլիոզը միայն ողնաշարի դեֆորմացիա չէ, այն աճող օրգանիզմի ծանր հիվանդություն է որոշակի ախտանիշներով, որոնք արտահայտվում են ոսկրային, նյարդային, սրտանոթային, շնչառական համակարգերի ներգրավմամբ: Ձևակենսաքիմիական հետազոտությունները ցույց են տվել, որ դրանց առաջացման հիմքում ընկած են շարակցական հյուսվածքի նյութափոխանակության պրոցեսների խանգարումները: Կողմնային ծռվածքի ժամանակ ողնաշարի գոգ կողմի մկանները և կապանները կարճանում են, իսկ կոր կողմինը` լարվում: Այսպիսի փոփոխությունները նպաստում են հարողնաշարային մկաններիռեֆլեկտոր կրճատմանը (կոնտրակտուրա), որը կրում է կայուն բնույթ և նպաստում է ողնաշարի կառուցվածքային հետագա փոփոխությունների առաջացմանը:

   Կիֆոզը ողնաշարի կրծքային հատվածի արտահայտված թեքումն է դեպի առաջ, որի պատճառով առաջանում է կուզիկություն, իսկլորդոզը ողնաշարի գոտկային հատվածի արտահայտված թեքումն է դեպի ներս:

   Վերը նշված հիվանդությունները կարող են կրել ժառանգական բնույթ, առաջանալ մշտապես սխալ դիրքեր ընդունելու վատ սովորությունից, սխալ կեցվածքից, ինֆեկցիոն հիվանդություններից, օստեոպորոզից, կեցվածքի և հենաշարժողական ապարատի տարբեր տիպի շեղումներից:

Comments are closed.