Question and answer

Հարց.  Խնդրում ենք տեղեկություններ հաղորդել օստեոխոնդրոզ հիվանդության մասին:
- Օստեոխոնդրոզ բառն ունի հունարեն ծագում և նշանակում է ոսկրի և աճառի (շարակցական հյուսվածք) ձևափոխություն: Աճառային սկավառակները 24 շարժուն ողերի միջև են և ապահովում են ողնաշարի ճկունությունն ու ամորտիզացիան. ի դեպ, ողնաշարի ճկունությամբ է պայմանավորված մարդու առողջության մակարդակը: Օստեոխոնդրոզը հիվանդություն չէ, որովհետև մարդու հենաշարժողական ապարատը ձևափոխվող և մաշվող համակարգ է, այդ թվում նաև` ողնաշարային սկավառակները: Օրինակ`մարդու հասակը տարիքի հետ նվազում է: Օստեոխոնդրոզը դառնում է հիվանդություն այն ժամանակ, երբ սկավառակների ձևափոխության և սնուցման խանգարման պատճառով իջնում է ողնասյան բարձրությունը և ձևափոխվում է նաև ողնաշարը` հարմարվելով այդ թերության հետ: Ողերի մոտեցումն էլ ստեղծում է նյարդարմատի սեղմում, որն էլ առաջացնում է ցավ այն օրգան-համակարգում, որին նյարդավորում է ողնուղեղից դուրս եկող նյարդը: Տարբերում են 3 տիպի ողնաշարային օստեոխոնդրոզներ` պարանոցային, կրծքային և գոտկասրբանային:
Հարց. Ունեմ պարանոցային օստեոխոնդրոզ, որը կապում են տեղի ունեցած ավտովթարի հետ: Արդյոք հնարավոր է նման բան և ինչ անել?
- Պարանոցային հատվածը կազմված է 7 ողերից: Օստեոխոնդրոզի ժամանակ հիվանդը զգում է ճնշող, սեղմող ցավ, երբեմն այրող ցավեր ծոծրակի հետին և կողմնային հատվածներում, շարժունակության սահմանափակում, գլխացավ, լսողական և տեսողական ապարատի խախտումներ, հավանական է արյան ճնշման բարձրացում, վերին շնչառական ուղիների խանգարումներ` հայմորիտ, ֆրոնտիտ և նույնիսկ ատամի կարիես և մազաթափություն: Կա ախտորոշման մոտ 60 ցուցանիշ: Հիվանդությունն առաջանում է ստատիկ վիճակներից, իրանի սահմանափակ շարժումներից, երբեմն կրում է մասնագիտական բնույթ, օրինակ` ջութակահարների, վարսահարդարների, մերսողների, համակարգչի հետ աշխատողների մոտ: Հաճախ օստեոխոնդրոզը առաջանում է սպոնդիլոզի, ռադիկուլիտի և աղային կուտակումների  հետ համատեղ: Այս հիվանդությունն առաջանում է նաև կենցաղային վնասվածքներից, սխալ և կտրուկ շարժումներից, ինֆեկցիոն հիվանդություններից, ոչ ճիշտ սնվելուց, մրսելուց, դիստրեսներից, ըստ չինացիների` սխալ ապրելակերպից: Հիվանդության ծանր տեսակը երբեմն կարիք ունի երկարատև բուժման կամ վիրահատության: Ավտովթարից առաջանում է հիպերէքստենսիա` հարված հետևից (պարանոցի թեքում հետ-առաջ) և հիպերֆլեքսիա` հարված դիմացից (պարանոցի թեքում առաջ-հետ): Հաճախ պարանոցային վնասվածքն ավելի խորն է լինում, երբ վարորդը չի գցել ամրագոտիները (այն մեզ մոտ ընդունված է):
Բուժմանը նպաստող վարժություններ
Վարժ.1.  Ե.դ. հակառակ կողմի վրա նստած, գլխի դանդաղ թեքում աջ, սեղմած պահել 3-5 վրկ.: Նույնը կատարել հակառակ կողմի վրա: Վարժությունը կատարել 3-5  անգամ ըստ զգացողության:
Վարժ. 2. ա) Ե.դ. նստած պարանոցի թեքում առաջ, թեքում հետ, թեքում ձախ: Վարժությունը կատարել ռիթմիկ` պահմանելով կանոնավոր շնչառություն: Վարժությունը կատարել յուրաքանչյուր կողմում 4-6 անգամ:
Պարանոցային օստեոխոնդրոզի ժամանակ չի թույլատրվում կատարել գլխի պտույտներ:
բ) Նույն վարժությունը կատարել իզոմետրիկ-դիմադրողական, որն ամենաարդյունավետն է պարանոցային օստեոխոնդրոզի բուժման ժամանակ:
Հիվանդության ժամանակ կարևոր է պրոֆեսիոնալ մասնագետի միջամտությամբ անցկացնել բուժական մերսում և մանուալ թերապիա: Գլխի կտրուկ պտույտներն ու թեքումները կարող են առաջացնել արյան շրջանառության խանգարում: Չի կաերլի գլխի վրա ծանրություն կրել: Շատ կարևոր է գլխի դիրքը քնի ժամանակ, բայց այդ մասին հաջորդիվ:
Ժողովրդական միջոց:  Քերած սև բողկը փաթաթել սրբիչի մեջ և դնել ցավոտ տեղին` պահելով 10-20 ր.` ըստ զգացողության:
Հարց. Ինչ ազդեցություն է թողնում հղիությունը ողնաշարի վրա:
- Այն կանայք, ովքեր չեն զգացել, թե ինչ բան է մեջքի ցավը, այն կարող է առաջանալ հղիության ժամանակ: Օրգանիզմը, որը պատրաստվում է ծննդաբերության, արտադրում է ռելաքսին հորմոնը, որը թուլացնում է հոդերը, ջլերը և կապանները, նամանավանդ գոտկասրբանի և ցայլքի միացման հատվածում: Հիմնական բարդություններն առաջանում են հղիության միջին հատվածում: Դուք կարող եք զգալ հանկարծակի ուժեղ ցավեր գոտկային շրջանում այս կամ այն կողմ թեքվելիս կամ անկողնում պտտվելիս: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ պրոբլեմը ժամանակավոր է և այն դադարում է 6-րդ ամսից հետո, երբ երեխան տեղաշարժվում է առաջ` բեռնաթափելով ողնաշարը ծանրությունից:
Հարց. Փաստորեն այս վիճակից խախտվում է նաև ծանրության կենտրոնը:
- Հղիության ժամանակ ողնաշարի բեռնվածությունը կրկնապատկվում է, իսկ մարմնի ծանրությունը ավելանում է մոտ 30-40 կգ: Որովայնի մեծացմանը զուգահեռ մեջքը փորձում է հավասարակշռել մարմինը: Դա բերում է ծանրության կենտրոնի առաջ տեղափոխմանը, որի պատճառով մեջքի մկաններն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, որպեսզի ողնաշարը պահեն ուղղահայաց դրությամբ: Կոնքի ոսկորները հրվում են առաջ` մեծացնելով գոտկային կորությունը, սա էլ իր հերթին առաջացնում է ողերի խախտում, որը բերում է ծանրաբեռնվածություն հոդային մակերևույթի վրա, որի հետևանքով անընդհատ նվացող ցավ` անգամ իշալգիա:
Հարց. Ինչպես խուսափել նման բարդություններից:
ա) Մանրակրկիտ հետևեք ձեր կեցվածքին, հաճախակի կատարեք կոնք-ազդրային հոդի թեքումներ տարբեր ուղղություններով: Լամբադա պարող բրազիլուհիները չեն ունենում մեջքացավ:
բ) Ծանրություն բարձրացնելիս ծնկները ծալեք և բեռը մոտ պահեք ձեզ:
գ) Մի հագեք բարձրակրունկ կոշիկներ: Այն կխախտի մարմնի հավասարակշռությունը և կավելացնի գոտկային կորը:
դ) Մի կանգնեք անընդհատ նույն դիրքում, այն կբերի կապանների և մկանների գերձգման, որոնք առանց այդ էլ թուլացած են:
ե) Խուսափեք կռացած գործ անելուց, ավելի լավ է բարձրացնեք աշխատատեղի բարձրությունը:

Կատարեք հատուկ վարժություններ

  1. Պառկեք գետնին, մեջքի վրա, և ծնկները քաշեք դեպի որովայնը, շնչեք դանդաղ, արտաշնչելիս գոտկային հատվածը սեղմեք հատակին, ձեզ թուլացրեք և շարունակել կատարել 4-6 անգամ: Վարժությունը կատարել հղիության  1-4 ամիսներին:
  2. Կանգնեք մեջքով դեպի պատը, դանդաղ շնչելով գոտկային հատվածը հպեք պատին, արտաշնչեք և թուլացրեք մեջքը: Կրկնել 3-4 անգամ:
  3. Պառկեք մեջքի վրա, ծնկային հոդում ուղիղ անկյան տակ (90°) ոտքերը ծալված դրեք աթոռի վրա: Կարող եք մի քանի րոպե հանգստանալ:

Շատ կարևոր են հետծննդաբերական մերսումները և ֆիզիկական վարժությունների կանոնավոր կատարումը: Հղիության ժամանակ առավել կարևոր է շարժունակությունը, օրինակ զբոսանքը, լողը, մարմնի դիրքի հաճախակի փոփոխությունը: Հղիության և կրծքով կերակրելու ժամանակ օրգանիզմին չափազանց անհրաժեշտ է ընդունել օրական մոտ 1200 մ/գ կալցիում: