ԴԺՈԽՔ

Նվիրում եմ 1988թ. երկրաշարժի

զոհերի հիշատակին:

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Աշխարհի` Մարդկության գլխով դաժան արհավիրքներ ու ավերածություններ են եկել ու անցել, սակայն մարդիկ գոյատևել են ու ապրել:
Ի վերուստ կյանքն է այդպես…
Գիշերներ են իջել և առավոտներ բացվել աշխարհում և ինչպես է եղել, որ մարդը մարդուն զորընդեղել է և փայփայել իր հույսն ու հավատը: Իր անընկճելի կամքով ու տոկունությամբ, հոգու առնականությամբ հաղթահարել է կյանքի արհավիրքներն ու դժվարությունները:
Մարդիկ, ազգեր, սատար են կանգնել միմյանց, թև ու թիկունք են դարձել միմյանց, խղճի ու հոգու աչքերով են նայել միմյանց, անաղարտության լույս են դարձել միմյանց, միմյանց հասել են ամենադժվարին և մահվան պահերին…
Մարդը, առհասարակ, խարխափել է կյանքի և մահվան սահմանագծի մեջ և մաքառել ու տոկացել փակելու մահվան ճանապարհը:
1988-ի դեկտեմբերի 7-ի դաժան արհավիրքը ավերեց Հայաստան աշխարհի առավելագույն մասը: Այդ արհավիրքի զոհը դարձավ Լենինականը (Գյումրին), ավերվեց ողջ քաղաքը, վերածվեց մոխրակույտի:
Գյումրիի ավերածության` երկրաշարժին է նվիրված Գագիկ Կարապետյանի ՚Դժոխքՙ պոեմը: Հեղինակը տեսել է իր քաղաքի ավերածությունը, հոգու առնականությամբ ու տոկունությամբ սատար է եղել հազարավոր մարդկանց, լսել է նրանց ձայները և ձեռք մեկնել փրկելու նրանց կյանքը:
Պոեմը գրված է պարզ ու անպաճույճ խոսքերով: Իհարկե, ընթերցողը յուրաքանչյուր տողի մեջ կտեսնի հեղինակի ապրումներն ու զգացմունքները, նրա լավատեսական ցանկությունները: Գյումրին պիտի կառուցվի և դառնա հրաշալի քաղաք իր ավանդույթներով, սովորույթներով: Պիտի վեր հառնեն նորանոր շենքեր, էլի պիտի հնչի գյումրեցու ծիծաղն ու երգը, նրա հավիտենական ճանապարհի խնդության երգը…

Եվ լույս պիտի, պիտի լինի,
Լույսն Աստծո ամեն մի տան…
Հավերժական,
Գյումրին նորից պիտի խոսի
Հավերժաբար` հավերժի հետ,
Հավերժական…

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈՒՐ

ԴԺՈԽՔ

1.  Աշուն, աշուն…
Ինչ աշուն էր դեղնաշղարշ,
Դեղնաշղարշ
Ծիծաղներ էր շառավիղում
Դաշտերի մեջ
Եվ կարկատում լեռներն իրար
Նախշուն-նախշուն,
Բերք ու բարիք արարողին
Ազատություն էր շնորհել
Աստծո նման…
Եվ շեներում կնունք ու ծես էր ստեղծել,
Ստեղծել էր հարսանիքներ,
Հարսանիքներ, ծեսեր սիրո և երկունքի,
Մահը մարդուց հեռացել էր,
Նոր ծնունդ ու խինդ էր լցրել
Ամենուրեք…
Հրճվանքով սիրտը հայի…
Ինչ հրաշք էր աշունը այդ,
Ինչքան ճոխ էր ու բերքառատ,
Աշունը երգ, աշունը խինդ
Ու մաքրություն.
Յոթվերք վանքում
Նոր ծնունդի ու կնունքի,
Պսակումի թագադրման
օր էր լինում
Եվ խնդությունն էր ծովանում,
Ծովանում էր,
Չէինք զգում,
Աշնան վերջին
Ձմեռնամուտն ինչպես է մեզ դիմավորում:
Չէինք  զգում,
Որ գալու է ժամանակը
Արհավիրքի,
Չէինք զգում, որ ձմեռ ենք մենք տեսնելու
առանց ձյունի,
Չէինք  զգում,
Մեր ծիծաղը պետք է փոխվի լացուկոծի…

2.  Եվ առանց ձյունի
Արհավիրքն եկավ… գուցե երկնքից,
Գուցե մի դաժան դժոխքից փախած
Բիրտ անօրենից…
Խեղված ուղեղի
Մտքերով դժնի,
Չարակամորեն երկիրն ավերեց,
Երկիրն ավերեց Հայոց աշխարհի…
Եվ խեղճ, անճարակ և արդարամիտ
Մայրը անարգված այսպես բարբառեց.
- Տունդ քանդվի…

3.  Եվ բիրտ սատանան Աստծուն հանդիպեց.
Սատանան անկուշտ,
Արնաշաղախ աչքերն հառած,
Աստծո դեմքին
Նայեց, քրքջաց.
- Հայաստանի աղն է Գյումրին,
Հանճարների տունն է Գյումրին,
Բա սատանան ոնց համոզեց,
Հետո նրանք պայման կապին
Մեկմեկու հետ
Չարիք սարքել,
Ու կանգ առան ձմեռային օրվա վրա,
Դե, որ 7-ը շատ հարմար էր
Այդ քաղաքին,
Թիվն էլ դրին 7-ի վրա:

4.  Ստեղծող դու Տե’ր, անիծյալ չարիք,
Ո՞վ էր անիծել, դժվար է ասել,
Որ ավեր դարձավ քաղաքը Գյումրի –
Ու սևով գրվեց
88 թիվ, դեկտեմբերի 7…
Եվ ժամն էլ պաղեց
11 և անց 41-ին,
47 վայրկյան… ու չդիմացավ
Ահեղ խենեշի աշխարհակործան
12 բալին…

5.  Մի ահավոր ու սև ձմեռ եկավ անձյուն
Աղետալի, ու ավերեց
Երկիրն հայոց – դեկտեմբերին…
Ա՜խ, Տե’ր Աստված,
Ի՞նչ է արել յոթ վանքերի քաղաքն արդյոք-
Իր փրկության ու օջախի
Ազատության համար է նա
Մոմեր վառել Յոթվերք վանքում:
Ձեռքերը միշտ վերև պարզած`
Առ Աստված, քեզ,
Քո օրհնությանն է սպասել
Արդարամիտ,
Արդարամիտ աղոթել է ի վեր, Աստվա’ծ,
Փրկությանդ սպասելով…

6.  Այդ առավոտ Յոթվերք վանքում
Մամիկներն ու տատիկները
Մոմեր էին վառում անձայն
Ու աղոթում Տեր Աստծուն`
Խաչակնքում…
-           Ի թողություն յոթ մեղքերի,
Փրկեա դու մեզ վերին Աստված
Եվ մի տանի մեզ փորձության…
Աղոթելով ծունկի իջնում ու բարձրանում,
Տեր Հիսուսի ոտքերն էին լուռ համբուրում:
Բայց այդ օրը Աստվածն հայի,
Սևը սրտին,
Ինքն էր փնտրում իր Աստծուն…

Այդ առավոտ սովորական օր չէր կարծես`
Ձմեռային օր էր հերձուկ ու տաղտկալի…
Յոթվերք վանքի զանգերն էին հնչում այնպես
Խուլ ու անկար…
Այդ առավոտ աղջամուղջ էր մառախլապատ:
Տոթ, հերձուկ օր:
Մարդիկ անհոգ գնում էին իրենց բանին…
Մեկը մի փունջ ծաղիկ առած,
Շտապում էր ծննդատուն աչքալույսի,
Մեկն իր մանկան ձեռքը բռնած
Շտապում էր մանկապարտեզ,
Մեկն էլ անուշ իր թոռնիկին
Թռցնում էր ու երգ ասում,
Մեկն էլ, ջահել սիրով տարված
Հեռաձայնում էր սիրածին…
Եղավ մի պահ
Շներն հանկարծ կաղկանձեցին
Ու ոռնացին գայլի նման,
Մկներն ելան իրենց բնից
Փախուստ տվին ու գնացին..
Օրն ուրիշ էր, ուրիշ մի վերք անբուժելի…

Այդ առավոտ
Օրը օր չէր սովորական.
Ժամեր եկան, ժամեր անցան,
Կարծես իրար լուռ ծանրացան…
Այդ առավոտ գաղտագողի
Մոտենում էր տրտմաժամը…
Հանկարծակի ու աննկատ
Իջա՜ն, իջա՜ն սև մութ ամպեր,
Ջինջ քաղաքի ճակտին դիզվան,
Ու սև քամին դիպավ ամպին,
Սև թևերով ամպը բերեց ու տարածեց
Մի սրտխառնոց…
Ու գետինը ճռռաց լացով ու հեկեկաց,
Ուժգին ձայնով ոռնաց ահեղ վախը սարսուռ…
Փլթփլթոցով եփվեց կարծես սև մանանան…
Հողը ելավ ալիք-ալիք,
Զիլ աղմուկով շարժվեց առաջ…
ու ետ եկավ
Սրբեց-տարավ ու ավերեց
Բյուր երազներ,
Քաղաքի բիբը ահից լայնացավ,
Ճաք տվեց սիրտը…

Եվ այդ պահին
Մաքուր սրտեր ճաքճքվեցին,
Ու լայնացան բիբերն անուշ
Հայացքներում…
Ու մի քաղաք ամբողջ ձայնով
ճչաց երկչոտ.
-           Ժա՜ժք է, փրկվե՜ք…

7.  47 վայրկյան թռել էր անցել…
Քաղաքը չոքեց,
47 վայրկյան, և հազարավոր
Կյանքեր նա խլեց,
47 վարկյան, և ամբողջ ուժով
Ոռնաց մի քաղաք,
47 վայրկյան, լուռ խորտակվեցին
Հազար երազներ,
47 վարկյան, և որբացած էր
Ժողովուրդն հայոց,
Որերորդ անգամ և քանի՜ եղեռն
Ժանտ թուրքի ձեռքով …
Այս էլ բնություն… խեղանդամ մարդու…
Մտքի անեծքով…

8.  Ինչ լինելու էր, եղել էր արդեն,
Լենինականն ընկավ,
Գյումրին ցնցվեց,
Բայց կանգուն մնաց…
Նորը քանդվեց,
Հինը մնաց կուռ:
Բնությունն արդեն իր ուժն էր փորձել,
Որերորդ անգամ հայի ողնաշար
Սյուները ջարդել
Ու համատարած մահ ու ավերը
Քաղաքով սփռել…
Տեսանք նոր եղեռն`
Մարդիկ խենթացած վազում և կանչում…
Այստեղ ու այնտեղ…
Որտե՞ղ է արդյոք իրենց երեխան,
Մարդիկ այլայլված գոռում են
ճչում,
Աղաղակելով վազում խենթացած
Այստեղ ու այնտեղ:
Ոմանք էլ ցավով ու սրսափահար
Իրարու ձայնում.
-  Ի՞նչ է կատարվել.
- Ատոմային ռու՞մբ է պայթել,
Թե՞ նոր կռիվ է սկսվել արդեն,
Թե՞ երկրաշարժ է,
Այս ինչ պատահեց…

9.  Մեր մայրերն այդպես չէին օրորել
Մեր օրորոցը,
Մեր մայրերն այդպես չէին դառնացել,
Ու վշտից ցնդած ամբողջ կոկորդով
Չէին գոռացել,
Ինչպես այդ օրը – անակնածելի…
Մեր մայրերն ունեին այնպես մաքուր,
Կապույտ երազներ,
Երազներ այնպես ճերմակ ու թովիչ,
Ծովահարսի պես…
Շատ անգին մայրեր այնպես էին ուզում
Այդ օրը գրկել իրենց զավակին,
Բայց փոխարենը նրանք գրկեցին
Մութ համատարած մոխիր ու ավեր…
Պոկին մազերը ու կուրծքը ծեծին,
Ձեռքերը պարզած վերև` երկնքին,
Մրմուռ լացեցին, երգեցին ցավից`
Ձեռքերը հառած անաստված Աստծուն…
Դժոխքի օր էր այդ օրը նրանց,
Եվ մղձավանջ էր, և սուգ էր ու լաց…

10.  Մեր հայրերն այնպես զուսպ են,
առնական,
Եվ չեն արտասվել ցավի պահերին,
Դիմավորել են կամքով գեհենին,
Սակայն և սակայն, սակայն այդ օրը
Չար արհավիրքից նրանց հոգու մեջ
Լցվեց ու հորդեց
Լավան արցունքի:
Նրանց, որ երբեք չէին էլ լացել…
Այդ օրը, սակայն
Ամբողջ կոկորդով և գոռում էին,
Ծնկները ծեծում:
Նրանց ողբն էր
Երկինքը առել, առել գետինը
Ու չէր վերջանում…
Պահն ահավոր էր ու անասելի…
Պահ` անասելի ու դաժանության.
-  Ահա՜, տեսնում եք…
Մի այր ողբաձայն կանչում է, խնդրում.
՚Փրկեք, ախ, փրկեք, աղջկա’ս փրկեքՙ:
Սառն ու անտարբեր նայում էին նրան
Ողբախենթ մարդիկ
Անհոգի նման,
Ո՞ր մեկին փրկեն – Աստված չփրկեց…

11.  Աղետի գույժը վայրկյանում անցավ
Երկրեերկիր…

Եվ մի սարսուռ ու ջերմություն
Անբնական
Լցվեց ամեն մարդու հոգում,
Եվ երկիրը դարձավ հանկարծ
Աշխարհացունց…
Եվ ազգերի աշխարհաշեն միտքը ցոլաց,
Հազարագույն արեգակի նման պայծառ,
Սատարումի և օգնության…
Եկան-եկան, բյուր-բյուր եկան
Հուզագորով ու մարդասեր
Եվ չինացին, և լիտվացին,
Եվ ռուսը ու սերբացին,
Եվ վրացին, հույնը սիրով,
Եվ ղազախը, ուկրաինացին,
Ֆրանսիացին, գերմանացին,
Անգլիացին…
Ազգե՜ր, ազգե՜ր, ինչ քաջությամբ
Ձեռք մեկնեցին,
Որ մեր ազգի լուսաբացը
Այսուհետև չխավարի…

Շատ ազգեր եկան, տեսան քաղաքը
Հուզվեցին, լացին,
Այդպես հեշտ բան չեր սադայելական
Դժոխքում լինել,
Մարդիկ վշտի մեջ մաս-մաս հավաքում
Մասունքներն ազգի
Ու տեղադրում սայլակի վրա,
Ու տանում էին նոր գերեզմանոց`
Հողին հանձնելու.
Ի՞նչ գերեզմանոց…
Քաղաքը արդեն գերեզմանոց է,
Բաց գերեզմանոց,
Բաց երկնքի տակ,
Համայն մարդկության հեռուստացույցի
Էկրանի առաջ`
Մի զարհուրելի, անթաղ թանգարան…
Եվ քաղաքի մեռելային լռությունը
Ծածկեց մարդկանց սրտերը` սուգ
Մղձավանջով,
Ու լռությունն անասելի
Քար էր դարձել…
Աղեկտուր ձայներն էին
Լուռ մոխրացել…

Լուսադեմին, քամու թևին`
Մեր հասցեով մահվան համբույր,
Կարմիր անձրև սև քաղաքին`
Փառք Արարչին,
Որ չջնջեց նա հիմնովին
Ազգն ու ցեղը շեն քաղաքի…
Փառք Արարչին,
Որ ընդունեց երկինք թռչող
Բազմահազար հոգիները,
Մեր համբարձված հոգիներին նա պարգևեց
Աներազ քուն վերերկրային…
Հավիտյանս հավիտենից….

12.  Դժբախտ այս բոթը աշխարհը ցնցեց,
Ինչ ազգ, որ ուզես,
Մեր մեռելանոց քաղաքը լցվեց,
Ի՞նչ քաղաք և ինչ, գետնին հավասար
մի գերեզմանոց
Ով էր մնացել` լավ էր չմնար.
Ո՞վ էր անիծել…

Չռված աչքերով գյումրեցի մի ծեր
Իրեն շոշափում էր ու չէր հավատում,
Կենդանի  է թե իրեն է թվում…
Ամբողջ քաղաքով խեղճ-կրակ մարդիկ
Իրենց շոշափում,
Մի՞թե ապրում են ու պիտի շնչեն:
Այսքանից հետո ո՞նց պիտի անեն,
Այսքան վշտերից, ցավերից հետո,
Դեռ պիտի ապրե՞ն:

Եվ զարմացած շուրջն էր նայում,
Նայում երկինք` խաչակնքում
Եվ արտասվում աղեկտուր
Աղաչանքով –
-           Տե’ր, մեր գլխին այս ինչ բերիր,
Ի՞նչ հանցանք ենք գործել, ասա…

Ձայներ էին գալիս այսպես`
Ամեն կողմից միախառնվում
Ու բարձրանում երկինքն ի վեր:

Օրը մթնեց, ի՜նչ սոսկումով
Ողջ քաղաքը պատանքի մեջ
պատսպարեց,
Մութը անգութ մութը անծիր
Գյումրին ծածկեց…
Սակայն մարդկանց ճիչն, հառաչը
Եվ անվերջ էր ու չէր մարում,
ճիչերն էին իրար գտնում
Աղերսանքով.
- Եկե’ք, փրկե’ք, փլված շենքի`
Գերեզմանի տակից հանեք
Միակ որդուս:
Մեկն էլ կանչում էր` աղջկաս,
Մեկը` տատիս, մեկը հորս ու մայրիկիս,
Եվ շվարած ու քարացած
Իրար նայում, մերթ լռում  ու իրար գրկում.
Ա՜խ, երբ պիտի դաժան օրը
Գնա հեռու… ու լուսանա…

13.  Օրը լուսացավ…
Գյումրեցին անքուն, չէր եղել այդպես`
Երբեք անդադար  -
Խելագարվել էր խելագարվածը
կրկնակի անգամ,
Ցնորքի մեջ էր բարին, արդարը
Իր հոգու հետ և իր հոգու մեջ,
Եվ մոլորվել էր նաև ճարտարը:
Իր միակ որդուն գտել էր կարծես
Ցնորված մայրը,
Ձեռքերը պարզել
Ու պար էր գալիս,
Ծիծաղում, կանչում. ՚Գտել եմ որդուս,
Դժոխքից գտել…
Եվ հազարավոր… կողք-կողքի շարված
Դիակներին էր նայում ու անցնում.
Եվ հետո ձեռքով շոշափում նրանց,
Նայում դեմքերին, չէր էլ ճանաչում:
Որոնում նշան, խալեր ու սպի
Հարազատներին գտնելու տենչով,
Հարազատներին գտնելու տենչով
Գոռում էր, հրճվում.
-           Ծո’, գտա, արի, մե դագաղըմ բեր,
Մեր Թագուհին է…
-Է՜հ, – ասաց մեկը, – աչքդ լույս էղնի,
Շիրիմ կունենա,
Գիտես որտեղ ես լացելու արդեն…

Եվ շուրջը նայեց
Տեսավ Յոթվերքի
Գմբեթներն երկու ընկել են գետին,
Տեսավ իր դիմաց
Ամենափրկիչ
Տաճարն Աստծո գետին տապալված
Ու կանչեց. – Աստվա’ծ,
Աստված ոխերիմ,
Այս ինչ դու բերիր
Մեր անճար գլխին…

Տեսավ անհամար շենքեր ավերված
Որոնք դարձել են բլուր գերեզման,
Ու հոգոց հանեց…
Ու՞մ պիտի պատմեր
Գյումրի քաղաքի դժոխքի մասին…

Աստված չներեց և այս անգամ էլ
Մեզ չխնայեց,
Մեր շատ խելացի շինարարները
Բարձրհարկ շենքեր քաղաքում սարքին,
Դեռ մի ղեկավար թուք ու թղթերից
Փարիզ էր սարքում,
Փարիզ չտեսած…

Ու թուք ու թղթից, թքած կպցրած
Բարձրահարկերը
Շաղախված խճով` տուփերի նման
Թափվեցին ներքև…
Ու Երևանը մինչ կմտածեր,
Թե մեծն ազգին ոնց պիտի ասի
Զուլումի մասին,
Վրաց եղբայրներ Գյումրիում արդեն
Կյանքեր էին փրկում:

14.  Այդ օրն էլ ապրեց իր վերջաբանը,
Մահվան սարսափը սառն ու սևերիզ
Թևերը փռեց քաղաքի վրա…

Ցուրտ քամի փչեց, փոշի բարձրացավ,
Դիահոտ շունչը խփեց դիմախառն,
Ինչպես սև մաղձը ծանր չորացավ
Մարդկանց կոկորդին…
Դիակապտության իրիկունն իջավ…

Իրիկունն առավ հոգատանջ մարդկանց
Կրակի շուրջը…
Կրակի շուրջը
Բոլորված մարդիկ,
Մերթ խոսում էին ու մերթ էլ լռում.
Ում են գտել և ում են թաղել…
Մեկը ասում էր. չե՞ն տեսել արդյոք
Իրեն կնոջը.
Մեկը` երեխին, մյուս մորը,
Իրարու անվերջ հարցուփորձ անում.
-           Արդյոք չե՞ք տեսել այսպիսի մեկին…
Ու նկարագրում անվերջ ու անվերջ,
Ու հետո, ինչպեսե ռազմի դաշտում,
Վշտեր փարատող օղին էր շրջում,
Հետո դեղահաբ տարբեր գույների
Ու նորից` օղին…
Կոկորդում կանգնած դիահամերը
Փոխում էր էլի,
Ձեռք ու ոտքերը թմրում էր մարդկանց
Ու ծանրանում էր ինչպես կապարը,
Բայց գլուխը` ոչ, ուղեղը` արթուն,
Ու պրծում չկա, լեղի են շնչում…

15. Իջավ անթափանց մութը ավելի,
Ցուրտը սաստկացավ,
Քաղաք-դժոխքից կանչերն օգնության
Դանդաղ նվաղեց…
Վեր ելա անձայն լապտերը ձեռքիս,
Նորից գնացի փլված օջախը
Իմ լավ ընկերոջ-
Զույգ որդու, կնոջ հետ էր մնացել
Փլատակի տակ,
Մի մեծ լեռ վրան` իրենք կենդանի.
-Սիրելի ընկեր, պիտի դիմանաք,
-           Արմենս արդեն սառել է ընդմիշտ…
Փորեք, այ տղերք, գոնե մյուսին
Կռնանանք փրկենք…
-           Ամեն ինչ կանենք, պիտի դիմանաք:
Սուտ եմ հորինում, ինձ ոգևորում:

Հաջորդ գիշերը ընկերս ասաց.
-           Պետք չէ մեզ հանել,
Երկրորդս էլ մարեց…
Վաղ առավոտյան նրանց փրկեցինք
Ու այր ու կնոջ տեղափոխեցինք…
24 ժամ էլ նրանք չապրեցին,
Վշտից հանգչեցին…

Արևամուտ էր…
Անթիվ-անթիվ և անհամար
Ագռավների երամը սև,
Սև ամպերի նման այնպես կռնչոցով
Երկինքն առան ու ծածկեցին,
Եվ քաղաքը դարձավ նորից
Եվ առավել զարհուրելի…

Այդքան շատ ագռավ
Ոչ մի գյումրեցի
Քաղաքի վրա երբեք չէր տեսել.
-           Վա’յ տվեք, կռնչացեք, ա’յ սև ագռավներ,
Վա’յ տվեք, կռնչացե’ք,
Այս սևապսակ քաղաքի գլխին…
Գուցե ձեր վայով, կռռոցով պրծնենք
Քաղաքին պատած դժբախտությունից…
… Հա, կը՜ռ, կը՜ռ, ա’յ ագռավներ,
Հա’, թը՜ռ ու կը՜ռ, ա’յ անոթիներ,
Մի հանեք մեր սև աչքերը,
…Հա’, թը՜ռ, թը՜ռ… հեռացեք մեզնից
Թողեք, տանենք մեր խաչը լուռ -
Ա’յ ագռավներ:

16.  Առավոտ կանուխ մեծ փոս էր փորել
Մի թուխ պատանի Կարեն անունով,
Հազիվ բոլորած 14 տարին,
Դիակներ էր սայլակով բերում
Ու մեկ-մեկ շարում իրար կողք-կողքի…
Եվ աչքատես մեկն հարցրեց.
-           Էլ ունե՞ս դու հարազատներ…
Եվ պատանին մեծի հայացքով
Նայեց հարցնողին
Ու անտարբեր պատասխանեց.
-  Չէ, արդեն չունեմ…

17.  Բեռնատարի թափքի վրայից,
Խմբված մարդկանց հաց են բաժանում,
Ուտում են մարդիկ դիահամ հացը
Մեռելի կողքին,
Ուտում են, նայում իրար զարմացած,
Խելագարի պես.
-           Խելառ եք, ի՞նչ է, էս ի՞նչ պատիժ էր.
-           Պոմպեի վերջ է, – նկատեց մեկը:

Հենց այդ օրը մի հրաման
Եկավ վերից…
Որ մեռելները, ովքեր չունեն տեր,
Պիտի հավաքեն,
Որ հետո տանեն ՚բռատսկի մագիլՙ,
Թե չէ կսկսվի ժանտախտն ահավոր…
Կրակի շուրջը խմբված մարդիկ
Շփոթման մեջ են,
Մեռելներին ՚բռատսկի մագիլՙ տանելու բոթը
Ցնցել է նրանց,
Ուստա Գարուշը, երկու ձեռքերով
Գլուխը բռնած, լուռ մտածում է.
Երկրորդ օրն արդեն որդուն գտել է.
Բայց նրա կեսը փլվածքի տակ է,
Իսկ վրան` մեծ սար:

Երկու կռունկներ աշխատում են
Գիշեր ու ցերեկ,
Բայց կհասցնե՞ն…
Ուստա Գարուշը ձեռքերը թողեց,
Վեր կացավ կանգնեց,
Աչքերը փայլեց, գլխում առկայծեց`
Հանճարեղ մի միտք.
-           Թե տղաս իրեն տեղը ունենա,
Որ մայրը լացի,
Մարմնի կեսն էլ հերիք է էլի…
Ու միայն այդպես, ՚բռատսկի մագիլՙ
Նրան չեն տանի:

Այդ նույն առավոտ մի ուկրաինացի`
Սաշա անունով
Կապես պարանը անշունչ մարմնից…
Մեքենան քաշեց…
Այդ փորձությունից Սաշան
վատացավ,
բայց իրեն գործը մինչև վերջ արեց…
Ուստա Գարուշը փաթաթվեց նրան
Ու դառը լացեց…

18. Ժամը ուշ էր և անտանելի,
Եվ անտանելի` պահը անարգված,
Պահը խենթացած շրջում էր, շրջում
Գյումրի քաղաքի փողոցից-փողոց,
Քաղաքը իրոք մեռելանոց էր
Դիակներով լի…
Փողոցից-փողոց մի մեծ բեռնատար
Դիերով բարձված շարժվում էր առաջ,
Եվ լացակումած մեկը ձայն տվեց.
-           Օնե՜ս ջան, կամաց քշե մաշինեն…
Մարդիկ գժված են
Կքարկոծեն մեզ…

Ինչպես օրենքն է այս փուչ աշխարհի,
Ցերեկից հետո գիշեր է գալիս,
Գիշեր սարսուռի…
Լսվող տնքոցի և աղերսանքի
Ձայները լռեց,
Ողբի ալիքը տերևների խուլ
մեռած ու դեղնած
Շրշյունը բերեց,
Վշշյունով թափեց, վշտից ցամաքած
Քաղաքի սրտում,
Քաղաքի սրտում
Ցուրտը սաստկացավ…

19.  Առավոտ լուսո… մի վարժ տիրացու,
Հայացքը հառած աղոթարանին
Երգ էր մրմնջում –
Տեր ողորմեա էր տիրացուն կարդում.
-           Փրկեա մեզ չարից…
Սևավոր մարդիկ տարիքներն անհայտ,
Իրենց գլխարկները ձեռքերում պահած,
Ծունկի էին իջնում, ձայնակցում էին.
-  Փրկեա մեզ չարից…
Ծունկի էր իջել դիաշարքի մեջ
Մի դալուկ աղջիկ,
Պաղած մանչուկի մազերն էր շոյում
Ու լուռ հեկեկում…
Զույգ կրակոցներ դեպի երկնքին
Արին դիվահար,
Վախից ցամաքեց սրտերը մարդկանց.
Աղոթքը լռեց…
Չորս կողմից մարդիկ վազեցին, տեսան
Մենակ Սաքոյին.
-           Ծո’, էդ ի՞նչ էղավ, ընչի կրակիր,
-           Աստծուն կրակի, – մռնչաց Սաքոն, -
Օջախս մարեց, մենակ մնացի…

Եվ արցունքների հեղեղը թափվեց
Նրանց աչքերից`
Բոլոր-բոլորի…
Ում աչքերը, որ արցունք չէր տեսել,
Արցունքով լցվեց,
Լցվեց հույզերով
Ու մղկտանքով…
Եվ ողջ քաղաքի, ամեն շենի մոտ,
Ամեն փողոցում,
Լաց էր, վայնասուն…
Ու աղերսանքի արցունք էր թափվում,
Արցունքի ծով էր քաղաքը դառնում:

Այստեղ, այնտեղ
Լալիս էին մայր ու մանուկ,
Մեկը ցավից,
Մեկն իր խղճի կեղեքումից,
Մեկը հույսից հուսահատված,
Ամեն մեկը հարազատին նոր կորցրած,
Լալիս էին, լալիս էին, իրար գրկած,
Եվ անծանոթ,
Եվ ծանոթներ,
Եվ օտարներ,
Իրար գտած հույզի ծովում,
Խառնված իրար,
Ձեռքերն էին վեր բարձրացնում
Եվ ազաչում Տեր Աստծուն`
Տուր փրկություն…

Մեր հանճարներից մեկը շատ ցասկոտ`
Շիրազ անունով,
Դանթեին էր նա տանուն Դեր Զոր,
Եղեռնը տեսնի.
-           Վարպե՜տ, տե’ս հիմա, վերևից նայիր
քո աղ ու հացին,
Տե’ս, թե ինչպես է դժոխքը լինում
Դանթեականի…
Սևակին կանչիր, թող նա էլ տեսնի,
Ինչպես է լռել Զանգակատունը,
Կոմիտասները երգում են, պարում
Դժոխք քաղաքում,
Շրջան են կազմել` բռնել թռնում են
Գյումրվա պարը:
Թատրոնի առաջ նստած խորհում է
Գյումրեցի Ավոն,
Մեծ բանաստեղծի արձանը կարծես
Լուռ արտասվում է:
Նորից քաղաքի ճակատին են դիզվել
Սև ու մութ ամպեր,
Եվ քարավանը լուռ, շարան-շարան,
ուլունքի նման
Գնաց մայրամուտ:
Վեր կաց, այ Վարպետ, նորից երգում են
Դլե յամանը…

20.  Մեծամեծ մարդիկ, իշխանավորներ,
Տարբեր ազգությամբ, քաղաքը տեսան.
Եկան գնացին,
Եկան գնացին…
Այդքան շատ որբեր ու դժբախտ մարդիկ
Նրանք էլ տեսան.
Մեծ դժբախտություն այդպիսի չափի,
Ինչպես կարող է այս ազգը տանել:
Այսպես զարմանում ու մտորում էին,
Որ կան աշխարհում այսպիսի բաներ,
Այսպիսի չարիք, անհամար վերքեր,
Վերքեր չբուժվող նույնիսկ դարերով,
Հասկացան նաև, որ ողբերգությունն
Ազգություն չունի,
Եվ պետք է կիսել` ինչ էլ որ լինի:
Այսպես շարունակ
Եկան-գնացին…
Տեսան դժոխքը, մխիթարեցին…
Ու մի ամբողջ շեն իրենց վշտի հետ
Մենակ մնացին,
Ուսերին ընկավ մի մեծ ծանրություն,
Անհաղթահարելի մի ծով որբություն,
Մի ծով դժբախտներ մնացին իրենց
Ծով դարդերի հետ,
Եկան գնացին…
Ու չմոռացան` պիտակ էլ դրին
Բոլորի հոգում անվերջ ծխացող`
Աղետի գոտի…

21.  Երեկոն անսիրտ նորից ու նորից
Կրակի շուրջը բոլորեց մարդկանց.
Քաղաքը նորից հերթական անգամ
ճռռալով ցնցվեց,
Հավաքված մարդիկ իրար նայելով
Հանգիստ ժպտացին:
Մեկը բարկացավ.
-           Ճռռաս գը, ճռռա, հերդ էլ անիծած,
Էլ էս քաղաքում բան կա բլելու,
Մենակ դու ըսա` գետինը պատռի,
Մեզի ներս առնի,
Ցավից պրծնենք, էս ինչ զուլում է.

Երկու փրկիչներ փլատակների
տակին մնացին,
Երբ մոր ու աղջկա ուզում էին հանել
դժոխքի հորից.
Մեծերից մեկը զգուշացրեց. –
Ցնցումը միշտ կա,
Ծածքը  անընդհատ իջնում է, նստում,
Երկու տաքարյուն, մեզ նման տղերք
Մտան ու չելան…
Բախտն էր այդպիսին…

22.  Ընկերներով մեզ մոռացած,
Հարյուրավոր մարդկանց կյանքեր
Մենք փրկեցինք,
Ճիշտ ենք արել, սխալ գործել,
Ժամանակը` մեզ դատավոր,
Կյանքի փորձը` մեզ ուղեցույց:
Եվ գիտեք ինչ, կյանքը նաև
Ցույց է տալիս,
Որ այն մարդը, որ օգտվեց
Դժբախտության հանգամանքից ու թալանից,
Նվաստացավ ոսկու փայլից
Եվ այն մարդը, որ օգտվեց
Քաոսային հանգամանքից,
Աղետյալի բաժին հացը ձեռքից խլեց,
Ձեռքից հանեց ապարանջան ու մատանի,
Աստծո կողմից նա կգտնի իր պատիժը,
Թեև վատ է անեծք թափել մարդկանց գլխին,
Բայց արի տես, այս ամենը
Ի վերուստ է մարդն ստեղծել.
Ժամանակը` մեծ դատավոր,
Կյանքի փորձը` մեզ ուղեցույց:
Աստված վերից փորձություն է
Մեկ-մեկ սարքում,
Ու հետո էլ լուռ հետևում,
Թե ինչպես են իրենց պահում
Այդ նույն մարդիկ,
Փորձությունը թե որ անցար`
Պատվով կապրես,
Թե որ չանցար,
Վայն եկել է ու քեզ տարել:
Փորձությունը թե որ չանցնես
Դու` պարզերես,
Թե չես գռփել ու թալանել,
Չես սպանել ու շնացել,
Արյուն հացը մերձավորիդ
Չես կերցրել,
Դու ուրեմն`
Չես պղծվել,
Իսկ եթե ոչ,
Թույլ ես տվել դու մեծ սխալ:
Բումերանգի մեծ հարվածը,
Երկրաշարժի ալիքի պես,
Շատ հուժկու է զոհին խփում
Ու կործանում…

23.  Եկավ Գյումրի թախիծով լի
Հռչակավոր մեծ երգիչը`
Աստվածատուր
Ազնավուրը,
Տեսավ դժոխքն ու զարմացավ,
Նայեց, լացեց
Եվ կուչ եկավ սրտի ցավից,
Ողջ քաղաքը նայեց` տեսավ.
Հոգին այրվեց
Եվ իր հոգով մոմեր վառեց
Յոթվերք վանքում
Ու հեկեկաց… խաչակնքեց
Ու կարոտով մխիթարեց
Հող հայրենին,
Իրեն ծնած հայոց ազգին,
Որբուկներին գրկեց լացեց,
Եվ համբուրեց սիրագորով
Եվ նվիրեց ժամացույցը
Ջինջ աչքերով որբ Արմանին.
-           Արման, մանչս, երբ մեծընաս,
Մեծ մարդ անշուշտ պիտի ըլլաս…

Իրենց մոռացած քաջ օդաչուներ`
Հարավսլավացի,
Օգնություն բերող մեծ ինքնաթիռը
Վայրէջքի պահին
Մառախուղի մեջ բախվեց մի լեռան,
Անձնվեր մարդիկ հենց այդ նույն տեղում
Հուշարձան դարձան…
Այսօր էլ նրանց գերեզմաններին
Թարմ ծաղիկներ կան:

24.  Ինչ մաքրությամբ և ինչ սիրով`
Աստծո պես,
Եկավ հասավ… Մայր Թերեզան
Սրտակեղեք,
Մայրական ջերմ սուրբ ձեռքերով
Ողջագուրվեց որբուկներին
Եվ ձեռքերով, նուրբ ձեռքերով
Հանեց նրանց սև դժոխքից,
Հույս ու արև լցրեց գութով
Մեր աղետյալ քաղաքի մեջ,
Որ մեր Գյումրին նորից ծաղկի
Ու շենանա…

Աշխարհաշեն, աշխարհազոր
Արևաջերմ հոգով եկան,
Եկան մարդիկ` հող հայրենին
Ջերմացնելու…
Իրենց սրտի, իրենց հոգու
Բարությունով
Դարձան ակնեղծ
Մեր վերքերին` սպեղանի,
Աչքերը լի արցունքներով.
Մեր վիրավոր հոգիները փարատեցին
Իրենց խոսքով,
Գործով իրենց…

26.  Ու հառնի պիտի մոխրի միջից
Մեր քաղաք Գյումրին,
Շիրակում ծնված, այդ հողի մարդը
Պիտի փարատվի,
Զմրուխտե ափեր, կանաչ ճանապարհ
Նա պիտի տեսնի,
Իր ծիր հանճարը աղավնու նման,
Բարին պիտ սփռի աշխարհի վրա`
Հայոց աշխարհի,
Հայոց աշխարհի
Դժվար բուժելի այս վերքի տեղը,
Դառնալու է մի սրբատեղի…
Մեր անհնարին վիճակն է ծնում
Միայն նոր հնար
Եվ այդ հնարով բյուր վշտոտ սրտեր
Պիտի միանան ու բոցավառվեն,
Այդ բոցի վրա պիտի տաքանան
Ու ապաքինվեն արտասված մարդիկ,
Որբ ու անտուններ բնավեր դարձած,
Վշտից խենթացած պիտ վերադառնան
Իրենց հայրենին.
Ու պիտի հառնի ծուխը օջախի,
Ու նոր ասպետներ կգան լույս աշխարհ
Ու կգրավեն Օլիմպոսը ծեր:
Արհեստների ու արվեստների ոսկե քաղաքը
Կծաղկի նորից
Զիլ զրնգոցով,
Կլսվի նորից մուրճի թխկոցը,
Զիլ զրնգոցով,
Կանցնեն ձիերը ‎‎ֆայտոն Ալեքի,
Զիլ զրնգոցով,
Նորից կլսվի մարդկանց ծիծաղը,
Պոլոզ Մուկուչի, Ծիտրո Ալեքի
Անեկդոտները կպատմեն նորից
Զիլ զրնգոցով,
Յոթվերք վանքի զանգակները
Կղողանջեն յուրաքանչյուր
Այգաբացի:
Ահել ու ջահել նորից կմտնեն
Մեր սուրբ վանքը,
Որ վառեն մոմեր հիշատակացը`
Իրենց զոհերի:

Այս հողը միշտ էլ շիվեր է տվել,
Ու զարմացրել ամբողջ աշխարհին
Իրենց հանճարով, ոսկե ձեռքերով
Մեծ վարպետների,
Դյուցազուններով, երգահաններով,
Իրեն աղ-հացով և իր չընկճվող
Մարդկային ոգով:
Այս հանճարածին սուրբ հողը նորից
Առատ բերք կտա,
Շիրակացու, մեծ Վարպետի
Եվ Շիրազի Գյումրին նորից
Խոյանքներով վեր կհառնի
Իր ճոխությամբ:

…………………………………………
…………………………………………

Եվ կանչ եղավ… նորից ծնվեց
Հանճարածին դաշտը Շիրակ,
Հանճարածին դաշտը Շիրակ,
Դաշտը միակ
Պիտի ծաղկի վարպետների
Պինդ ձեռքերով.
Եվ լույս պիտի, պիտի լինի,
Լույսն Աստծո ամեն մի տան
Հավերժական,
Գյումրին նորից պիտի խոսի
Հավերժաբար, հավերժի հետ
Հավերժական…